Քաղաքականություն

Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար. Մակրոնը կիսվել է երևանյան տպավորություններով

2 րոպեի ընթերցում

Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար. Մակրոնը կիսվել է երևանյան տպավորություններով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է երևանյան զբոսանքից տեսանյութով՝ կից գրառմամբ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար։

«Շատ ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու համար։

Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար։

Վաղը Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։

Այնուհետև իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։ 

Ֆրանսիայի նախագահը մայիսի 4-ին Երևանում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Մայիսի 3-ի երեկոյան նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զբոսնել է Երևանի կենտրոնում։

Մայիսի 5-ին կմեկնարկի նրա պետական այցը Հայաստան։ Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով:

Նախագահ Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև կայցելի Մատենադարան:

Տեղի կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում