Քաղաքականություն

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովաի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխտակազի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը, ողջունելով իր պաշտոնակցին, շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելության և Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթաժողովին մասնակցության համար։

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթաժողովի մասնակիցներին Երևանում, ուրախ եմ նաև մեր հանդիպման հնարավորության համար և հուսով եմ, որ Ձեր այցելությունը մեր երկիր իր նպաստը կբերի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամության և փոխգործակցության զարգացմանը»,- նշել է ՀՀ նախագահը:

Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ նշելով, որ տպավորված է Հայաստանով։ Նա ընդգծել է, որ առկա է Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի համագործակցության մեծ ներուժ, որի լիարժեք իրականացումը կարևոր հարթակ կդառնա երկու երկրների բարեկամության և փոխգործակցության ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցերի։

Քննարկվել է քաղաքական երկխոսության խորացման և տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով առավել համակարգված և արդյունավետ դարձնել համագործակցության մեխանիզմները։

Կողմերը կարևորել են Հյուսիսային Մակեդոնիայի բարձրաստիճան պատվիրակության հնարավոր մասնակցությունը COP17 առաջնորդների գագաթնաժողովին՝ ընդգծելով նման ձևաչափերում փոխգործակցության նշանակությունը գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը՝ կարևորելով Եվրոպական միությունի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ինստիտուցիոնալ խորացումը։

Այս համատեքստում քննարկվել է Հյուսիսային Մակեդոնիայի՝ որպես ԵՄ թեկնածու երկրի փորձի ուսումնասիրումը, ինչը կարող է օգտակար լինել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացների համատեքստում։

Զրուցակիցները կարևորել են քաղաքացիների միջև անմիջական շփումների խթանումը՝ դիտարկելով մուտքի արտոնագրերի ազատականացման հնարավորությունները, ինչը կնպաստի փոխճանաչման, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր գործոն։

Կողմերը կարևորել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ նշելով, որ այս ուղղությունը կարող է դառնալ երկկողմ գործընկերության զարգացման նոր և հեռանկարային հարթակ։

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու նպատակով։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո գագաթնաժողովը հաջորդաբար անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, Իսպանիայի Գրանադա քաղաքում, Միացյալ Թագավորության Օքսֆորդշիր քաղաքում, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։

Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 եվրոպական երկրների  առաջնորդներին՝ հավասար հիմունքներով, միասնության ոգով և ընդհանուր նպատակով։Այն տրամադրում է քաղաքական հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրության հարցերը հասցեագրելու համար, ամրապնդելու Եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եվրոպական առաջնորդներին հարթակ է տրամադրում փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման։ Այն չի փոխարինում գոյություն ունեցող որևէ կազմակերպության, կառույցի կամ գործընթացի։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում