Երևանյան մեծ էկրան բարձրացավ Գոռ Գրիգորյանի դեբյուտային «Օպա պապա» կինոնկարը

5 րոպեի ընթերցում

Հունաստանում ազատ և անհոգ կյանք վարող Էնդի Բաբայանն իր բազմաթիվ սիրավեպերից մեկից ծնված սևամորթ որդու հետ հայտնվում է Հայաստանի հեռավոր գյուղերից ﬔկում՝ Ձյունապարում։

Այստեղ նա պետք է սովորի լինել պատասխանատու հայր, դիմակայի կոռումպացված գյուղապետին և  փորձի գրավել այդ գյուղի մասին ֆիլմ նկարահանող Մարիի սիրտը։

Այս մասին է պատմում երիտասարդ ռեժիսոր Գոռ Գրիգորյանի դեբյուտային «Օպա պապա» կատակերգական ֆիլմը, որն ապրիլի 29-ին բարձրացավ մեծ էկրան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոնկարը, որն իր շուրջ է համախմբել թե՛ սկսնակ, թե՛ հանրահայտ դերասանների, դրական արձագանքի արժանացավ։ Հանդիսատեսը բուռն ծափահարություններով և «բրավո» վանկարկումներով ընդունեց այն՝ ոգևորելով ստեղծագործական կազմին։

Ֆիլմում կան և՛ կատակերգություն, և՛ դրամա, սեր ու համերաշխություն։ Այն արտացոլում է նաև հայկական գյուղի գեղեցկությունը, մարդկանց միամտությունն ու բարությունը, խարդախությունը, որին հնարավոր է հաղթել։ Այդ ամենը պրոֆեսիոնալ և համոզիչ խաղով փոխանցում են Արսեն Գրիգորյանը, Նարեկ Դուրյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Ռաուլ Կոնդե Մորիսը, Արտյոմ Կարապետյանը, Հրանտ Թոխատյանը, Ջուլիետա Բաբայանը, Գոշ Ենոքյանը, Մկրտիչ Քեբաբչյանն ու Միքայել Սամսոնյանը։

Մինչ կինոնկարի ցուցադրությունը լրագրողների հետ զրույցում Գոռ Գրիգորյանն ասաց, որ պրոդյուսերներն իր հարազատ եղբայրն ու մտերիմ ընկերն են։ Նրանց ծանոթացրել է, որոշել են, որ պետք է ֆիլմ նկարահանել։ «Սա և՛ իմ, և՛ պրոդյուսերների դեբյուտային ֆիլմն է, այն դեբյուտային է նաև դերասաններ Գոշ Ենոքյանի և Միքայել Սամսոնյանի համար»,-ասաց Գոռը։

Խոսելով Հրանտ Թոխատյանի և Նարեկ Դուրյանի հետ աշխատանքի մասին՝ նա նշեց, որ առաջին հայացքից թվում է, թե բարդ կլինի անվանի արտիստների հետ համագործակցելը, սակայն ավելի դյուրին է եղել, քանի որ նրանք պրոֆեսիոնալներ են։

«Ֆիլմը շատ թեմաներ է արծարծում, սակայն հիմնական թեման պատասխանատվությունն է։ Հերոսը՝ Էնդին տեղեկանում է, որ ութամյա երեխա ունի, ստիպված է լինում նրան պահելու պատասխանատվությունը ստանձնել ու վերադառնում է Հայաստան։ Խոսվում է նաև հայրենադարձության մասին։ Էնդին հասկանում է, որ գուցե իր գյուղում քիչ մարդ կա, բայց ամենալավ տեղն աշխարհում իր ծննդավայրն է»,-պատմեց ռեժիսորն ու շեշտեց՝ երազում են լավ ֆիլմեր նկարահանել, առավել հմտանալ, ավելի մեծ հարթակներ դուրս գալ ու մրցանակների արժանանալ։

Արսեն Գրիգորյանը, որն Էնդի Բաբայանի կերպարում է, ասաց, որ թիմի մեծ մասը տաղանդավոր երիտասարդներ են, որոնք սիրով ու սրտանց են աշխատել ու լավ ստեղծագործական մթնոլորտ ստեղծել։ «Գոռի հետ աշխատել եմ հեռուստատեսությունում։ Երբ իմացա, որ կինոռեժիսոր է, միանգամից ասացի՝ խնդրում եմ հիշեք ինձ, եթե լավ դերասան պետք լինի, ասեք ինձ։ Գոռը դա հիշեց ու հրավիրեց նկարահանվելու»,-պատմեց Արսենը։

Նա կարծում է՝ «Օպա պապա» ֆիլմը սեր կարթնացնի դեպի այն տունը, որը քոնն է, ընտանիքն ու կբարձրացնի պատասխանատվության զգացումը։

«Մենք հաճախ պատասխանատվությունից խուսափում ենք, բայց, երբ հերթը հասնում է դրան, պարզվում է, որ հաճելի է ու արժե դա անել։ Ես իմ կյանքում պատասխանատու եմ ու շատ կցանկանայի Էնդիի փոխարեն լինել, կուզեի նման անսպասելի իրավիճակում հայտնվել, իսկ Ռաուլ Կոնդե Մորիսը, որը փոքրիկ Սեմի դերում է, շատ պրոֆեսիոնալ էր կադրում, հենց ասում էինք ստոպ, նա դառնում էր աշխարհի ամենաչարաճճի երեխան։ Մի անգամ նրան ասացի. «Ռաուլ, այնպես մի արա, որ իմ ներսից իսպառ վերանա պապա դառնալու այն չնչին տոկոսը, որն իմ մեջ դեռ կա»»,-ծիծաղով նշեց Արսեն Գրիգորյանը։

Հռիփսիմե Նահապետյանի կերտած կերպարը՝ Մարին, մեծ դերակատարություն է ունենում Էնդիի՝ կյանքի նկատմամբ վերաբերմունքը փոխելու, պատասխանատվություն զգալու գործում։ Դերասանուհին նշեց՝ նկարահանումներն անցել են ջերմ մթնոլորտում, ուստի վստահ է, որ ֆիլմը դուր կգա նաև հանդիսատեսին։

«Երբեմն ավելի բարդ է խաղալ կատակերգություն, քան դրամա։ Կատակերգությանը պետք է  նուրբ մոտենալ։ Այս ֆիլմը հենց այդ դեպքն է, երբ պարզապես չեն ցանկանում ծիծաղեցնել մարդկանց, այլև խոսել նուրբ և մարդկային ապրումների մասին, սակայն հանգամանքներն այնպես են դասավորվում, որ ամեն բան զվարճալի է ստացվում։ Հենց այդ ամենով ինձ գրավեց այս ֆիլմը»,-ասաց Նահապետյանը։

Ֆիլմի բեմադրող օպերատորը Սիմոն Դավթյանն է, պրոդյուսերներն են Արմեն Գրիգորյանն ու Գոռ Օրդուխանյանը, սցենարիստներն են Վարուժան Գալթակյանը, Տիգրան Գալստյանը, Ռաֆայել Ջալալյանը, երկրորդ ռեժիսորը Տիգրան Սպերցյանն է։

Հայերեն