Մշակույթն ու կրթությունը միավորվեցին նույն դահլիճում՝ ի նպաստ Հայաստանի կրթական ապագայի․ «Այբ»-ը դարձավ 20 տարեկան

3 րոպեի ընթերցում

Օրեր առաջ իր հիմնադրման 20-ամյակը տոնած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կրկին հարազատ դարձած «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում էր, սակայն այս անգամ ոչ թե հոբելյանի, այլ՝ հյուրի կարգավիճակով․ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած նվագախումբը եկել էր շնորհավորելու իր տարեկցին՝ «Այբ» կրթական հիմնադրամին՝ այսկերպ ընդգծելով, որ մշակույթն ու կրթությունը միմյանց լրացնող կարևոր գործոններ են և նույն առաքելությունն ունեն։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ համերգի մեկնարկը բեմից հնչեց կրթական հիմնադրամի ուղերձը, որն ուղեկցվեց «Այբ»-ի գործունեության մասին պատմող տեսանյութով։

«Այսօր այստեղ ենք, որպեսզի միասին ամրագրենք՝ կրթությունը մեր գլխավոր պատասխանատվությունն ու առաքելությունն է։ Յուրաքանչյուր ազգի կենսունակությունն ու զարգացումն ուղղակիորեն կախված են այդ առաքելության գիտակցումից և լավագույն ուժերն այդ նվիրական գործին ծառայեցնելու կարողությունից։ «Այբ»-ը ծնվել է այդ առաքելությանն անմնացորդ ծառայելու և երեխաներին լավագույն կրթության հնարավորություն տալու գաղափարից։

«Այբ»-ի 20-ամյա պատմությունը վկայում է մեկ պարզ ճշմարտություն՝ մենք կարող ենք համախմբվել, երազել, ստեղծել, անհնարինը հնարավոր դարձնել՝ հանուն կրթության։ Այսօր մեր հարգանքն ու երախտագիտության խոսքն ենք հայտնում «Այբ»-ի մեծ համայնքի անդամներին, որոնք հավատացին և ծառայեցին Հայաստանը կրթությամբ վերափոխելու գաղափարին։ Առանձնահատուկ շնորհակալություն նվիրյալ թիմին այս ամենը կյանքի կոչելու համար»,– ասվում էր ուղերձում։

«Այբ»-ի կողքին լինելու և նրա առաքելությանն իրենց ներդրումը բերելու համար Հիմնադրամը երախտագիտություն հայտնեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ու նվագախմբին։

Հոբելյանական երեկոն մեկնարկեց Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք» ստեղծագործությամբ, այնուհետև հնչեց Ղազարոս Սարյանի «Սիմֆոնիա»-ն։

Անզուգական էր Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», երբ բեմում միմյանց լրացնում էին Սմբատյանի գլխավորած նվագախումբն ու աշխարհահռչակ ջութակահար Խաչատրյանը։

Թեև, ըստ ծրագրի, հոբելյանական երեկոն այսքանով պետք է եզրափակվեր, սակայն հանդիսատեսի համար անակնկալ Սերգեյ Խաչատրյանն իր ջութակով հնչեցրեց «Դլե յամանը»-ը, որից հետո լեփ–լեցուն դահլիճը շուրջ 10–15 րոպե թույլ չէր տալիս աշխարհահռչակ երաժիշտին լքել բեմը։

Երեկոյի նպատակը հաջողեց՝ միավորել մշակույթն ու կրթությունն՝ ի նպաստ Հայաստանի կրթական ապագայի։

Համերգի ամբողջ հասույթը կուղղվի «Այբ» կրթական ավանի ընդլայնմանը, որի նպատակն է մեծացնել որակյալ կրթության հասանելիությունը Հայաստանում և ստեղծել նոր հնարավորություններ ապագա սերունդների համար։

Հայերեն

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա