Վրաստանում ԵՄ դեսպանը կկանչվի երկրի ԱԳ նախարարություն
2 րոպեի ընթերցում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ երկրում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին կկանչվի Վրաստանի ԱԳ նախարարություն՝ վերջին հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսելում «Վրաստանը ուշադրության կենտրոնում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին մասնակցող Պավել Գերչինսկին հայտարարել է, որ երկիրը «սխալ ուղղությամբ է շարժվում»։ Նա հույս է հայտնել, որ Վրաստանը կվերադառնա եվրոպական ուղուն, այլ ոչ թե իր «մութ անցյալին»։
«Մենք հնարավորություն կունենանք հանդիպելու Պավել Գերչինսկու հետ Արտաքին գործերի նախարարությունում և քննարկելու հենց այն հարցերը, որոնք արդարացիորեն վրդովմունք են առաջացրել վրացական քաղաքական հասարակության մեջ»,-նշել է Բոչորիշվիլին՝ ընդգծելով, որ եվրոպական բյուրոկրատիայի նման հայտարարությունները մտահոգիչ են։
Վրաստանի ԱԳ նախարարը մտահոգիչ է համարել այն, որ վրաց ժողովրդի շահերն ու ընտրությունները անտեսվում են այն ժամանակ, երբ վրաց ժողովրդի շահերը այդքան հաճախ են շահարկվում։
«Եվ հիմա մենք նման շահարկումներ ենք լսում Բրյուսելից»,-ասել է Բոչորիշվիլին։
Ի պատասխան Վրաստանի իշխանությունների կողմից «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ընդունման, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը, Բրյուսելը 2024 թվականին վերանայել է Թբիլիսիի հետ իր հարաբերությունները՝ հրաժարվելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների հետ բարձր մակարդակի հանդիպումներից և կասեցնելով ֆինանսական օգնությունը։ Ըստ էության, երկրի եվրաինտեգրումը դադարեցվել է։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, իր հերթին, 2024 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարել է ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը օրակարգից հանելու իր որոշման մասին։