Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում՝ Ախուրյան համայնքում
1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում անցկացվել է Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառումը տեղի է ունեցել Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի հարակից տարածքում՝ Կոմիտաս Վարդապետի արձանի դիմաց, որտեղ համայնքի բնակիչները, պաշտոնատար անձինք և հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և խոնարհվել նահատակների հիշատակի առաջ։ Միջոցառմանը մասնակցել են Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, բազմաթիվ բնակիչներ։
Միջոցառման ընթացքում առանձնահատուկ շեշտադրվել է այն կարևոր միտքը, որ մեր ժողովրդի կրած ցավն ու կորուստները պետք է վերածվեն ուժի՝ հանուն խաղաղ ապագայի։ Ընդգծվել է, որ հետայսու հայոց երկինքը պետք է լինի միայն խաղաղ, իսկ նոր սերունդը պետք է ապրի արժանապատիվ և անվտանգ միջավայրում՝ խաղաղության ներքո։
Կոմիտաս Վարդապետի արձանի դիմաց մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել՝ ոգեկոչելով Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ վերահաստատելով ապրելու և արարելու ազգային կամքը։