16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
4 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է ներդնել կենսաչափագրական նոր համակարգ և սահմանել նույնականացման քարտի պարտադիր կիրառություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց անձը հաստատող փաստաթղթերի մասին օրենսդրական նախաձեռնությունը և հարակից նախագծերը՝ ուղղված կենսաչափագրական համակարգի ներդրմանը։
«Փաթեթի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրվող կենսաչափագրական նոր համակարգին համապատասխան օրենսդրություն ունենալն է՝ մեկ միասնական օրենքում ներառելով բոլոր կարգավորումները»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր։
«Առաջարկում ենք 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր, և նույնականացման քարտ ունենալու պայմաններում է միայն, որ անձը կարող է ստանալ կենսաչափագրական անձնագիր»,- ասաց Սարգսյանը։
Նա պարզաբանեց նաև տարբեր տարիքային խմբերի համար նախատեսվող կարգավորումները։
«6-ից 16 տարեկանների համար նախատեսում ենք կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկանների դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դիտարկվելու է ծննդյան վկայականը»,- նշեց նախարարը։
Սարգսյանի խոսքով՝ նոր կարգավորումները նաև փոխում են անձնագրի և նույնականացման քարտի կիրառման տրամաբանությունը։
«Ներպետական ընթացակարգերում անձը հաստատող փաստաթուղթը պետք է լինի նույնականացման քարտը, իսկ անձնագրերը դիտարկվում են որպես ճամփորդական փաստաթղթեր»,- ընդգծեց նա։
Նախարարի խոսքով՝ նախագծով նախատեսվում է նաև օտարերկրացիների և այլ խմբերի համար կենսաչափագրական փաստաթղթերի ներդրում։
«Օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար բոլոր փաստաթղթերը ևս դառնում են կենսաչափագրական»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ ներկայում նման տվյալների հավաքագրման ֆիզիկական հնարավորություններ չկան, սակայն դրանք կստեղծվեն։
Նախարարն անդրադարձավ նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում կենսաչափագրական համակարգի ներդրմանը։
«Շատ կարևոր է, որ մասնավոր գործընկերը վարչարարության որևէ գործընթաց չի իրականացնում և քաղաքացու համար իրավական հետևանք առաջացնող որոշումներ չի կայացնում, այդ ամբողջը մնում է պետության տիրույթում»,- ասաց նա։
Սարգսյանը նշեց, որ նախաձեռնությունը կապահովի նաև ծառայությունների թվայնացման ընդլայնում։
«Եթե ունենանք կենսաչափագրական ճիշտ համակարգ, դա թույլ կտա ավելի մեծ դաշտ ունենալ թվայնացման համար և քաղաքացիներին տրամադրել ավելի հարմարավետ ծառայություններ»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կապ ունի նաև Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործընթացի հետ։
«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ամենակարևոր բաղադրիչը անձը հաստատող փաստաթղթերին և կենսաչափագրական համակարգին է վերաբերում»,-նշեց նախարարը։
Նա հավելեց, որ նախատեսվում է մինչև 2026 թվականի աշուն ավարտել ամբողջ ենթակառուցվածքի ներդրումը՝ համապատասխանելով նաև այն ստանդարտներին, որոնք Եվրամիությունը նախատեսում է ընդունել 2027 թվականին։