Հայաստան

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները տարեվերջին թվայնացված կլինեն. Արփինե Սարգսյան

4 րոպեի ընթերցում

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները տարեվերջին թվայնացված կլինեն. Արփինե Սարգսյան

Ընթացիկ տարվա ավարտին ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը, այդ մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Արձանագրում ենք, որ տարեվերջին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու։ Ժամկետի որևէ փոփոխություն այս առումով չենք նախատեսում»,- ասել է Արփինե Սարգսյանը։

Օգոստոսի 27-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի շրջանակում ներկայացվել է Հայաստանում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի՝ կացության կարգավիճակների տրամադրման համար դիմումների ընդունման և դրանց ընթացքի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի նախնական տարբերակը։

Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը և Ծառայության ներկայացուցիչներ։

Նոր հարթակի ներդրումը պայմանավորված է «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն՝ նոյեմբերի 1-ից կթվայնացվեն Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները։

Ծրագրային նոր լուծումների ներդրմամբ նախատեսվում է թվայնացնել ոչ միայն դիմումների ներկայացման, այլև դրանց հետագա ընթացքի և վարչական վարույթների իրականացման գործընթացը։ Համակարգի թվայնացումը կնպաստի փաստաթղթաշրջանառության ծավալի կրճատմանը, վարչական գործընթացների օպտիմալացմանը և ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։

Անդրադարձ է կատարվել հարթակի գործարկմանն ու դիմումների ընդունման գործընթացի մանրամասներին, տվյալների ավտոմատ ստուգման և պետական տեղեկատվական համակարգերից անհրաժեշտ տվյալների ստացման հնարավորություններին, ինչպես նաև տարբեր շահառուների համար նախատեսվող հիմնական առանձնահատկություններին։ Քննարկվել են նաև գործընթացների պարզեցման և առավել արդյունավետ կազմակերպման ուղղությունները։

Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ներկայացված հարթակի գործարկման արդյունավետությանն ու կիրառելիությանը, ընդգծել է թվայնացման աշխատանքները սահմանված ժամկետներում և անհրաժեշտ որակով ավարտելու կարևորությունը։

Նախարարը շեշտել է, որ թվայնացումը պետք է իրականացվի ոչ միայն տեխնիկական մակարդակում, այլև ուղեկցվի ծառայության մատուցման գործընթացի վերանայմամբ՝ դրանք հնարավորինս պարզեցնելու և քաղաքացիակենտրոն դարձնելու նպատակով։

«Արձանագրում ենք, որ այս և մնացյալ փոփոխությունների արդյունքում տարեվերջին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու։ Ժամկետի որևէ փոփոխություն այս տեսանկյունից չենք նախատեսում»,- ընդգծել է ՆԳ նախարարը։

Նախարար Սարգսյանը հանձնարարել է շարունակել հարթակի կատարելագործման աշխատանքները՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում բարձրացված հարցերն ու առաջարկությունները, և ապահովել անհրաժեշտ գործառույթների ամբողջական ներդրումը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում