Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի քննարկումները
2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի լուծման շուրջ քննարկումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրադրության փոփոխություն չի եղել, քննարկումները շարունակվում են, դա շատ նուրբ հարց է: Դա մեր սեփականությունն է, և մենք մեր սեփականությունը տնօրինելու հնարավորություն պետք է ունենանք այնպես, ինչպես ուզում ենք»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այս հարցի լուծման համար Հայաստանը ժամկետներ չի սահմանում:
«Մենք հանգիստ քննարկում ենք այդ հարցը՝ մյուս հարցերի հետ փոխկապակցվածության մեջ: Մենք աշխատում ենք, որ հնարավորինս արագ, հնարավորինս բարեկամաբար այդ խնդիրը լուծվի»,- նշեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի մայիսին հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է փոխել երկաթուղու կոնցեսիոն կառավարման տրամաբանությունը, որպեսզի պատժամիջոցային խոչընդոտները խնդիր չդառնան երկրի երկաթուղային համակարգի զարգացման համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը իրականացնում է Ռուսաստանը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջոցով։ Թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ևս խոսել էր՝ նշելով, որ ռուսական կոնցեսիոն կառավարումը Հայաստանին զրկում է որոշ մրցակցային առավելություններից՝ առաջարկելով հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար բարեկամ որևէ երրորդ երկրի փոխանցել։ Ռուսական կողմից տարբեր պաշտոնյաներ արդեն իսկ հայտարարել են, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի փոխանցելը նպատակահարմար չեն համարում։