Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր. ՆԳ նախարար
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը քննարկում է անցկացրել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերի վերաարժևորման մասին։
«Մենք վերաարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը և դրա մեջ դնում ենք պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր տրամաբանություն։ Ինչի շուրջ որ կառուցենք մնացյալ բոլոր լուծումները, մեր ընդհանուր ընկալման առանցքը դա է, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների տեսանկյունից նոր որակ պետք է ունենանք»,- ասել է Արփինե Սարգսյանը։
Նախարարը նաև շեշտել է, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր, կլինեն մի շարք այլ փոփոխություններ ևս։
Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ավելի վաղ հայտնել էր, որ առաջիկայում հանդես են գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որով հասցեագրելու են ՀՀ քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու կարգավորումներում առկա խնդիրները։