Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը չի առարկի, եթե Ռուսաստանը ցանկանա Գյումրիից հանել ռուսական 102-րդ ռազմաբազան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ևս մեկ անգամ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք երբեք Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի հարցը քննարկման չենք դրել, հիմա Ռուսաստանն է դրել քննարկման և մենք դիրքավորվում ենք այդ քննարկման շուրջ: Բա ի՞նչ անենք, «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդի նման ասենք՝ «մնացինք անտեր»: Ուզում են հանեն, թող հանեն: Ես ասում եմ՝ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները ցույց են տվել, որ 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն: Մի դեպք չի եղել, որ մեր որևէ պաշտոնյա որևէ ռուս պաշտոնյայի առաջ նման հարց դնի կամ նման հարց բարձրացնի, եթե իրենք որոշեն հանել, մենք չենք առարկելու: 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում: Եթե ուզում են չհանեն, մենք պատրաստ ենք քննարկել նաև այդ հարցը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը վերահաստատեց՝ Հայաստանն իրականացնում է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն:
«Մեզ պետք չէ ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ, ուզում են հեռացնել, թող հեռացնեն: Եթե չեն ուզում հեռացնեն, թող չհեռացնեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել «նույնիսկ վաղը»։ Միաժամանակ նա նշել էր, որ եթե հայկական կողմը ցանկանում է պահպանել ռուսական ռազմական ներկայությունը, Մոսկվան պատրաստ է շարունակել համագործակցությունը։
Սեպտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել էր այդ հայտարարությանը՝ ընդգծելով, որ Երևանը չի բարձրացրել 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը։