ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության վերաբերյալ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը
1 րոպեի ընթերցում

Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը, որը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, հիբրիդային սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
«Առաքելությունը կտեղակայվի նախնական երկու տարի ժամկետով և իր գործունեությամբ կնպաստի վերոնշյալ ուղղություններով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու ներկա մարտահրավերներին Հայաստանի հասարակության դիմակայունության ավելացմանը:
Քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը, որը կայացվել է ՀՀ դիմումի հիման վրա, մայիսի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգից բխող հերթական համատեղ նախաձեռնություններից է»,-ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։