Մշակույթ

Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ ապրիլի 29-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնի առաջին համերգաշարը:

Փառատոնի կարևոր առաքելություններից է հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումը, հայ ժամանակակից կոմպոզիտորների խրախուսումը՝ ստեղծելու նոր ստեղծագործություններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փառատոնի շրջանակում տեղի կունենան բազմաժանր համերգներ՝ կամերային-անսամբլային, երգչախմբային, երգեհոնային, նվագախմբային երաժշտության և այլն:

Փառատոնը կմեկնարկի «Կամերային երաժշտության պրեմիերաներ» խորագիրը կրող համերգով, որը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Սաթյանի, Արթուր Շահնազարյանի, Սոֆա Միքայելյանի, Նաիրա Դիվանյանի, Դավիթ Բալասանյանի ստեղծագործությունները:

Փառատոնի երկրորդ համերգը տեղի կունենա մայիսի 8-ին Վանաձորում՝ Մ. Թավրիզյանի անվան պետկական քոլեջի համերգասրահում: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Վանաձորի կամերային նվագախումբը: Հաջորդ երկու համերգները նույնպես կկայանան կոմպոզիտորների միության համերգասրահում. մայիսի 29-ին սպասվում է երգեհոնային երաժշտության երեկո, իսկ հունիսի 5-ին կհնչի հայ կոմպոզիտորների՝ երեխաների համար գրված խմբերգային երաժշտությունը՝ «Սարյան» երգչախմբի (գեղ. ղեկավար՝ Գրիգոր Հարությունյան) կատարմամբ:

Փառատոնի առաջին համերգաշարը կեզրափակվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի ելույթով. հունիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նվագախումբը կներկայացնի հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ:

Փառատոնի երկրորդ համերգաշարում հանդես կգան Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Համերգներին կընդգրկվեն նաև հանրապետության առաջատար մենակատարներ:

Համերգների մուտքն ազատ է:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում