ԱՄՆ-ն 14 ռազմանավ է կենտրոնացրել Իրանի մերձակայքում
1 րոպեի ընթերցում

Ամերիկյան ռազմածովային ուժերի խմբավորումն Իրանի մերձակայքում՝ Օմանի ծոցում և Արաբական ծովում, ավելացել է՝ հասնելով 14 ռազմանավի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի մամուլի ծառայությունը։
Դրա կազմի մեջ մտնում է ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, երեք խոշոր դեսանտային նավ՝ ծովային հետևակի ռազմարշավային գումարտակով, կառավարվող հրթիռային զենքով ինը էսկադրային ականակիր և ափամերձ գոտու մեկ մարտական նավ։
Նավերը մասնակցում են իրանական նավահանգիստների շրջափակմանը։
Խմբավորումն ուժեղացնելու համար տարածաշրջան են ուղևորվում նաև ռազմածովային ուժերի «Ջորջ Հ. Ու. Բուշ» ավիակիրը և երեք հրթիռային էսկադրային ականակիր։ Ներկայում այս ավիակիր հարվածային խումբը Հնդկական օվկիանոսով հյուսիսային ուղղությամբ նավարկում է դեպի Մադագասկարի մերձակայք։
Բացի այդ, տարածաշրջան պետք է ժամանի ականազերծող նավերի խումբը, որոնք կներգրավվեն Հորմուզի նեղուցի ականազերծման աշխատանքներին։ Ռազմածովային ուժերն արդեն այնտեղ են տեղափոխել ստորջրյա հեռակառավարվող սարքեր՝ Իրանի կողմից տեղադրված ստորջրյա ականները գտնելու համար։