Եկեղեցին պետությունից անջատ է, բայց այն չի կարող դուրս լինել պետությունից կամ լինել պետություն պետության մեջ. Փաշինյան

10 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում տեղ գտել նաև Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն ընդգծել է, որ ընդհանրապես շատ խոսվում է եկեղեցին պետությունից անջատ լինելու մասին, և ինքը դրա լիարժեք կողմնակիցն է, բայց միևնույն ժամանակ նա երկու կարևոր հանգամանքի վրա է հրավիրել հանրության ուշադրությունը։

«Եկեղեցին անջատ է պետությունից, բայց եկեղեցին չի կարող դուրս լինել պետությունից, և ավելին՝ եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ։

Եվ երկրորդը՝ շատ է խոսվում նրա մասին, որ, օրինակ բարենորոգման օրակարգը եկեղեցու դեմ է։ Ընդհակառակը՝ բարենորոգման օրակարգը հանուն եկեղեցու է։ Բայց մենք նաև պետք է հասկանանք, թե ի՞նչ է եկեղեցին՝ համաձայն քրիստոնեական տեսության, համաձայն Նոր կտակարանի։ Եկեղեցին առաջին հերթին հավատացյալ համայնքն է, ժողովուրդն է, մարդիկ են եկեղեցին։ Այո, հոգևոր սպասավորները եկեղեցու մաս են, բայց հոգևոր սպասավորները եկեղեցին չեն, եկեղեցին ժողովուրդն է, որովհետև Հիսուս Քրիստոսն ասում է՝ «Այնտեղ, որտեղ իմ անունով երեք հոգի կհավաքվեն, դա է եկեղեցին։ Եվ խնդիրն այն է, որ եկեղեցու գործող գլխի գործունեության արդյունքում եկեղեցի-ժողովուրդ կապը գնալով ավելի ու ավելի թուլանում է, Հայաստանում հոգևոր կյանքի բովանդակությունը գնալով ավելի ու ավելի թուլանում է։ Ավելին ասեմ՝ ընդհանրապես անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է հոգևոր դասի ներկայացուցիչները հնարավորություն չունենան օգտվել սոցիալական երաշխիքների այն համակարգերից, որոնք գործում են Հայաստանում քաղաքացիների համար։ Եվ նաև այստեղ է երևում, որ ոմանք փորձում են եկեղեցին դուրս դնել պետությունից և փորձում են եկեղեցին դնել պետություն պետության մեջ տրամաբանության մեջ, ինչը բացարձակապես անընդունելի է»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հստակեցրել է, թե ինչո՞ւ է այս հարցն արծարծվում առաջիկա ընտրությունների համատեքստում և ինչո՞ւ է իշխող քաղաքական ուժն այս հարցով դիմում ժողովրդին։

«Մենք դիմում ենք ժողովրդին, որովհետև, այո, եկեղեցին առաջին հերթին ժողովուրդն է, և ընտրություններն էլ մեծ հաշվով դատ են։ Եվ ժողովուրդն էլ՝ որպես լեգիտիմության և իրավակարգի հիմնական աղբյուր, նաև դատավոր է, և ժողովուրդն առաջիկա ընտրություններում պետք է արդար դատ անի։

Եվ ընդհանրապես ամեն ընտրություն դատ է, և առաջիկա ընտրություններն էլ դատ են լինելու նախորդող ողջ շրջանի քաղաքական գործունեության վերաբերյալ՝ և՛ քաղաքական մեծամասնության, և՛ մյուս քաղաքական ուժերի և ընդհանրապես մյուս քաղաքական օրակարգերի։

Նաև Հայաստանի քաղաքացիները պետք է պատասխանեն այս հարցին, իսկ ինչքանո՞վ է իրենց համար ընդունելի, որ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանում արդեն բավականին երկար ժամանակ եկեղեցին դարձրել է քաղաքական կուսակցություն։ Եկեղեցին, ըստ էության, պաշտոնապես, ամբողջությամբ զբաղված է քաղաքական գործունեությամբ, հոգևոր քարոզները թողած՝ զբաղված են քաղաքական քարոզներով։ Ընդ որում, այդ թվում մարդիկ շատ հաճախ անցել են և անցնում են օրենքի գծերը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։

Եվ անընդհատ բողոքում ենք, որ մեր հանրությունը բավարար չափով արժեքահեն չէ։ Բայց ինչպե՞ս է հնարավոր ունենալ արժեքահեն  հասարակություն, եթե մեր Սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ախտահարված է ձեզ բոլորիդ հայտնի հանգամանքներով։ Ինչպես է հնարավոր ախտահարված Սրբության սրբոցի պայմաններում ունենալ արժեքահեն հանրություն։ Ես դա չեմ պատկերացնում։ Եվ կարծում եմ, որ, այո, այս ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը նաև պետք է այս հարցը լուծի»,- մանրամասնել է Փաշինյանը։

Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային գործունեությանը՝ վարչապետը նշել է, որ ընդհանրապես կա ընկալում, որ եկեղեցին իր աշխարհասփյուռ թեմերով առաջ է մղում Հայաստանի և հայ ժողովրդի շահերն ամբողջ աշխարհում։ «Եվ սա նորմալ տրամաբանություն է, և այս տրամաբանությունը ես ընդունում եմ, բայց մենք պետք է ուշադիր լինենք, որ հանկարծ հակառակը չլինի։ Եվ վախենամ, որ առնվազն մի շարք հայտնի դեպքերում ուղիղ հակառակն է, ոչ թե Հայաստանի շահերն են առաջ մղվում այլ երկրներում, այլ ուրիշ երկրների շահերն են առաջ մղում Հայաստանի Հանրապետությունում և ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, անկախության և պետականության։ Սա մի նրբություն է, որի նկատմամբ մենք պետք է շատ ուշադիր լինենք»,- ասել է Փաշինյանը։

Նա ևս մեկ անգամ կրկնել է՝ եկեղեցին անջատ է պետությունից, բայց եկեղեցին դուրս չէ պետությունից և բոլոր իմաստներով պետք է գործի պետության մեջ և, հետևաբար, պետության սահմանած կանոններով։

«Ընդ որում, այս մեր խոսույթի հակասահմանադրականության մասին պնդումներն անհեթեթ են, որովհետև հենց Սահմանադրության մեջ էլ գրված է, որ պետության և եկեղեցու հարաբերությունները կարող են սահմանվել օրենքով։ Այո, օրենքով  կարող են սահմանվել, իսկ ո՞վ է ասել, որ օրենքով չեն կարող սահմանվել այդ թվում հոգևոր ծառայողների՝ սոցիալական համակարգերին ներգրավվելու մեխանիզմը։

Հայաստանում գործում է համընդհանուր հայտարարագրման համակարգ, և այս համակարգից չեն կարող դուրս լինել հոգևոր ծառայողները։ Մենք վաղուց ենք խոսել, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին որոշակի առևտրային գործունեության և օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետք է նաև հարկեր վճարի, ընդ որում, մենք ասում ենք, որ այդ հավաքագրված հարկերը 100 տոկոսով կվերադարձնենք Հայ Առաքելական եկեղեցուն, դեռ մի բան էլ ավելին՝ ըստ անհրաժեշտության նաև լրացուցիչ ֆինանսավորում կապահովենք՝ այդ թվում սոցիալական երաշխիքների ձևով։ Իսկ ինչո՞ւ նրանք չեն համաձայնվում, ինչու է արդեն 8 տարի այս օրակարգը Կտրիճ Ներսիսյանի համար անընդունելի. մի պարզ պատճառով, որովհետև նրանք ուզում են գործել ստվերում և չլինել հաշվետվողական եկեղեցու առաջ, որն է ժողովուրդը։ Եկեղեցին ժողովուրդն է, եկեղեցին Կտրիճ Ներսիսյանը չէ և երբեք չի եղել։ Երբեք որևէ կաթողիկոս չի եղել եկեղեցին, կաթողիկոսը եղել է և պետք է լինի եկեղեցու մաս, բայց եկեղեցին առաջին հերթին ժողովուրդն է,  հավատացյալ հանրությունը, և ես համոզված եմ, որ ժողովուրդը՝ որպես Աստծո ձայնի կրող, այդ թվում այս հարցում իր դատը կանի 2026 թվականի հունիսի 7-ին»,- եզրափակել է Փաշինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 10-րդ կետը վերաբերվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին և դրա ճանապարհային քարտեզին.

«Տեխնոլոգիական զարգացումներին զուգահեռ էական է հանրության մարդկային կապերի ամրապնդումը, որի առանցքային հարթակներից մեկը հոգևոր կյանքն է, որն էական գործոն է նաև հավատացյալ հանրության երջանկությունն ապահովելու համար։ Արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ 

Վերջին տասնամյակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունն օտարվել է և շարունակում է օտարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, ինչը, այդ թվում, հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը և որդեգրում է ճանապարհային հետևյալ քարտեզը՝ 

 ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում), 

 բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, 

 գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր, 

 դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։  

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն։  

Միևնույն ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի և կրոնական համոզմունքների ազատությունը ու վերահաստատում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, որտեղ, Սահմանադրության համաձայն, կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը»,- նշված է իշխող ուժի նախընտրական ծրագրում։

Հայերեն

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ