Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին
2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի աջակցում Շոտլանդիայի և Ուելսի անկախության վերաբերյալ նոր հանրաքվեների անցկացմանը, իսկ Հյուսիսային Իռլանդիայի դեպքում հայտարարում է, որ ներկայում հանրաքվե նշանակելու համար բավարար հիմքեր չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցչին։
Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ վարչապետ Էնդի Բերնհեմի մոտեցումը Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարների հետ աշխատանքում հիմնված է գործընկերության և համագործակցության վրա։
«Մեծ Բրիտանիայի կառավարությունը կենտրոնացած է ընտանիքների համար կարևոր խնդիրների լուծման վրա, այդ թվում՝ տնային տնտեսությունների ֆինանսական ճնշման թուլացման և ավելի մեծ տնտեսական անվտանգության ապահովման, այլ ոչ թե սահմանադրական բանավեճերի կամ հետագա հանրաքվեների վրա»,- հայտնել է կառավարության ներկայացուցիչը։
Հայտարարությունը հնչել է Քարդիֆում Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի ազգայնական ուժերի առաջնորդների հանդիպումից հետո։ Նրանք ստորագրել են հուշագիր և հայտարարել, որ Վեստմինստերի որևէ կառավարություն չպետք է խոչընդոտի ժողովուրդների՝ իրենց ապագան որոշելու իրավունքին և կոչ արել բրիտանական կառավարությանը պատրաստվել հնարավոր սահմանադրական փոփոխություններին։