Հայաստան

Ինչ-որ մեկը, ով մեղավոր է, պետք է հայտնվի բանտում. Փաշինյանի կոշտ արձագանքը Հայկ Սարգսյանի հայտարարություններին

6 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վերջին հայտարարությունների առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է։

Նա ընդգծեց, որ այդ հայտարարությունների քննության արդյունքում որևէ մեկը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, եթե պարզվի, որ հանցագործություն է կատարվել։

«Կարծում եմ՝ մեր իրավապահ համակարգում լավ կլինի, որ այսպիսի մշակույթ լինի, որ այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում, ով մեղավոր է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանը։

Հայկ Սարգսյանի և իշխանության ներսում նրա հարաբերությունների թեման կրկին ակտիվացել էր սեպտեմբերի սկզբին՝ նախկին պատգամավորի՝ «Tete A Tete» հաղորդմանը տված ծավալուն հարցազրույցից հետո։

Սարգսյանը, մասնավորապես, պնդել էր, որ դեռ 2019 թվականին Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է VBet-ի՝ նախկին Vivaro-ի շահերից ելնելով։ Նրա պնդմամբ՝ խաղային ոլորտի այլ ներկայացուցիչներ իրեն ասել էին, որ նախագիծը «գրվել է VBet-ում», այնուհետև ներկայացվել Ալեն Սիմոնյանի կողմից։

Վարչապետը նշեց, որ Հայկ Սարգսյանին ճանաչում է դեռ մանկուց և նրանց երկարատև հարաբերություններ են կապում, սակայն վերջինիս ներկայիս քաղաքական դիրքավորումը խիստ քննադատեց։

«Ինձ շատ երկար հարաբերությունների պատմություն է կապում պարոն Սարգսյանի հետ։ Ես իրեն ճանաչում եմ երեխա ժամանակներից։ Բայց նաև պետք է ասեմ, որ այդ դիրքավորումը քաղաքականության մեջ իմ տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկն է»,- ասաց Փաշինյանը։

Նա հերքեց այն պնդումները, թե ՔՊ-ում Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվել են վերջինիս կողմից իշխանության ներսում խնդիրների բարձրաձայնման կամ խաղային ոլորտում նախաձեռնություններ ներկայացնելու պատճառով։

Փաշինյանի խոսքով՝ հարաբերություններում խնդիրներ են առաջացել Սարգսյանի հետ կապվող տարբեր դեպքերի պատճառով։

«ՔՊ-ում նրա հարաբերությունները լարվել են նրա պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ։ Այդ բացահայտումները հիմա արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են հաստատվել։ Քրեական գործեր կան հարուցված»,- հայտարարեց վարչապետը։

Նա, մասնավորապես, հիշատակեց ավազի հանքի շահագործման հետ կապված դեպքը։

«Լարվել է նրանից, երբ ավազի հանքի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է, որ կամ ինքը, կամ իր հետ փոխկապակցված անձինք ներգրավված են այդ գործունեության մեջ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը խոսեց նաև ավտոմեքենաների պետհամարանիշների և Հայկ Սարգսյանի օգնականի վերաբերյալ դեպքերի մասին։

«Լարվել է նրա պատճառով, որ պարզվել է, որ ապօրինի պետհամարանիշներով որպես արտոնյալ Հայաստանի Հանրապետությունում շրջել է, իր օգնականը վարորդական իրավունք չունենալով շրջել է։ Եվ երբ ոստիկանությունը տասնյակ անգամներով դա արձանագրել է, այդ թվում՝ իմ անունի շահարկմամբ, այդ փաստերը չեն արձանագրվել։ Այդ փաստերը չարձանագրվելու հետ կապված քրեական գործ է հարուցվել, մեղադրյալներ կան, ոստիկանությունում եղել են պաշտոնանկություններ»,- հայտարարեց նա։

Փաշինյանը նաև անդրադարձավ Հայկ Սարգսյանի՝ խաղային ոլորտի վերաբերյալ վերջին հայտարարություններին՝ շեշտելով, որ այդ ոլորտը կարգավորելու քաղաքականությունը ձևավորվել է իր նախաձեռնությամբ։

«Կազինոների հետ կապված օրակարգը՝ դա իմ օրակարգն է։ Ես եմ այդ օրակարգը բերել Հայաստանի Հանրապետություն։ Եվ 2018 թվականից մինչև այսօր մենք հետևողական քայլեր ենք իրականացնում, և 2027 թվականի հունվարի 1-ից գործելու է օպերատոր, որը մեր բոլոր խնդիրները պետք է լուծի»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայկ Սարգսյանի հետ հարաբերություններում լարվածություն է առաջացել նաև այն պատճառով, որ խաղային ոլորտի վերաբերյալ օրենսդրական հարցեր քննարկելուն զուգահեռ շփումներ են եղել ոլորտի ներկայացուցիչների հետ։

«Հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ մի կողմից օրենսդրական նախագծեր են քննարկել, մյուս կողմից զանգել են այդ ոլորտի մարդկանց, թե՝ եկեք բանակցենք, տեսնենք՝ ինչ ենք անում այդ հարցերը։ Դրա պատճառով է առաջացել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն առավել կոշտ գնահատական տվեց նաև նախկին պատգամավորի՝ քաղաքական գործունեության ընթացքում ունեցած հավակնություններին։

«Լարվածությունն առաջացել է այն պատճառով, որ Հայկ Սարգսյանը հենց 2018 թվականից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել, և թույլ չեմ տվել այդ հավակնությունների զարգացումը»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա կրկնեց, որ Սարգսյանի հրապարակային հայտարարությունները պետք է իրավական հետևանք ունենան՝ անկախ նրանից, թե քննության արդյունքում ում գործողություններում հանցակազմ կարձանագրվի։

«Եվ էլի եմ ասում, որ այդ իր հայտարարությունների արդյունքում մարդ պետք է հայտնվի բանտում։ Ով՝ ես չգիտեմ։ Ինձ չի հետաքրքրում։ Բայց հետևողական եմ լինելու»,- եզրափակեց վարչապետը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում