Իրան

Թրամփը վստահ է, որ Իրանը կշարունակի մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցություններին

2 րոպեի ընթերցում

Թրամփը վստահ է, որ Իրանը կշարունակի մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը շուտով կհասնի նրան, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է «Ջոն Ֆրեդերիկսի շոու» ​​ ռադիոհաղորդման հետ կարճ հեռախոսազրույցում՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին։

«Հուսով եմ՝ նրանք կկնքեն արդար գործարք և կվերականգնեն իրենց երկիրը», - նշել է Թրամփն՝ ընդգծելով, որ երբ դա տեղի ունենա, «նրանք միջուկային զենք չեն ունենա»։

«Նրանք չեն ունենա միջուկային զենք ձեռք բերելու ոչ մի հնարավորություն: Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Դա կարող է լինել աշխարհի կործանումը, և մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», - ասել է նա։

Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ՝ միաժամանակ զգուշացնելով հետևանքների մասին, եթե դա տեղի չունենա։

«Նրանք պատրաստվում են բանակցել, իսկ եթե չբանակցեն, ապա կտեսնեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք երբեք չեն տեսել», - նշել է Թրամփը։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ առայժմ որոշում չի կայացվել՝ արդյոք իրանական պատվիրակությունը կմեկնի Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի համար։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը կրկին արդարացրել է Իրանում ռազմական գործողությունների ծավալումը։

 «Եվ ես պետք է ասեմ, որ մենք ընտրություն չունեինք Իրանում։ Մենք ընտրություն չունեինք։ Մենք ստիպված էինք դա անել, - ասել է նա։ - Մենք հիանալի աշխատանք ենք կատարել, և մենք այն կավարտենք, և բոլորը գոհ կլինեն»։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Թեհրանը չի բանակցի, եթե Վաշինգտոնը շարունակի սպառնալ Իսլամական Հանրապետությանը: Նա հավելել էր, որ իր երկիրը «պատրաստ է ցուցադրել նոր խաղաքարեր մարտադաշտում», և որ դրա նախապատրաստական ​​աշխատանքները, նրա խոսքով, «ընթանում են վերջին երկու շաբաթվա ընթացքում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում