Իրան

Փեզեշքիանը և Մակրոնը քննարկել են Իրան-ԱՄՆ բանակցությունները, համաձայնագրի հեռանկարները

3 րոպեի ընթերցում

Փեզեշքիանը և Մակրոնը քննարկել են Իրան-ԱՄՆ բանակցությունները, համաձայնագրի հեռանկարները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 13-ին իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ տեղի ունեցած բանակցությունները և հրադադարի համաձայնագրի հեռանկարները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Փեզեշքիանը զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցի անվտանգությանը ցանկացած սպառնալիք զգալի հետևանքներ կունենա համաշխարհային առևտրի համար՝ ընդգծելով, որ Իրանը հետևողական ջանքեր է գործադրում նեղուցով անվտանգ անցում ապահովելու համար։

Նա կրկին նշել է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ միջազգային իրավունքին և երկխոսություն է վարում ընդունված իրավական շրջանակներում։ Նրա խոսքով՝ Թեհրանը հստակորեն ներկայացրել է հրադադարի իր պահանջները և շարունակում է հավատարիմ մնալ դրանց։

Անդրադառնալով ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած բանակցություններին՝ Փեզեշքիանը նշել է, որ իրանական պատվիրակությունը գործել է լրջությամբ և բարի կամքով՝ ձգտելով երկարատև համաձայնագրի։ Այնուամենայնիվ, նրա պնդմամբ՝ չնայած մի քանի տեխնիկական համաձայնությունների ձեռք բերմանը, ամերիկյան կողմի «չափից մեծ պահանջները և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական կամքի բացակայությունը» թույլ չեն տվել, որ բանակցությունները վերջնական արդյունքի հասնեն։

Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները միջազգային կանոններով, և Եվրոպան կարող է կառուցողական դեր կատարել ու խրախուսել ԱՄՆ-ին հետևել այդ շրջանակներին։

«Ճնշման և ռազմական սպառնալիքների վրա կառուցված քաղաքականությունը միայն ավելի է բարդացնում խնդիրները», - ասել է նա իր ֆրանսիացի գործընկերոջը։

Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ Իրանը հրապարակայնորեն հայտնել է հրադադարի պայմանները և հավատարիմ է մնացել իր պարտավորություններին։

Միջուկային հարցի վերաբերյալ Փեզեշքիանն ասել է, որ Իրանը նախկինում որոշակի համաձայնագրեր է կնքել եվրոպական երկրների հետ և պատրաստ է շարունակել բանակցությունները սահմանված պարամետրերի շրջանակներում։

Հեռախոսազրույցի վերաբերյալ հայտնել է նաև Ֆրանսիայի նախագահը։ Էմանուել Մակրոնն X-ում գրել է, որ կոչ է արել վերսկսել Իսլամաբադում կասեցված բանակցությունները, պարզաբանել թյուրըմբռնումները և խուսափել հետագա էսկալացումից։ Նա շեշտել է, որ հրադադարը պետք է հարգվի բոլոր կողմերի կողմից և պետք է ընդգրկի Լիբանանը։

«Նույնքան կարևոր է, որ Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ վերաբացվի առանց նախապայմանների, առանց սահամանփակումների և տուրքերի», - գրել է նա։

Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ապրիլի 17-ին Փարիզում խորհրդաժողով կանցկացնեն և տեսակոնֆերանսի ձևաչափով տարբեր երկրների հետ կքննարկեն Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության հարցը։ Նա շեշտել է, որ այդ առաքելությունը կկրի բացառապես պաշտպանական բնույթ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում