ՀՀ ՇՄ նախարարը Նորվեգիայի գործընկերոջ հետ քննարկել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտի առաջնահերթ խնդիրներ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն Օսլոյում հանդիպել է Նորվեգիայի Թագավորության կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Անդրեաս Բյելանդ Էրիկսենի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտի առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները՝ անդրադառնալով նաև Նորվեգիայի փորձին բնական աղետների, մասնավորապես՝ ջրհեղեղների կառավարման և կանխարգելման ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից,  կողմերն անդրադարձել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ակնկալիքներին, ինչպես նաև անցած համաժողովների փորձին։ Կարևորել է առաջնորդների մակարդակում բարձրացվելիք առաջնահերթ հարցերի հստակեցումը՝ առավել արդյունավետ արդյունքներ ապահովելու նպատակով։

Քննարկել են Գլոբալ վերանայման գործընթացը և առաջնորդների գագաթնաժողովի դերը՝ COP17-ի օրակարգի ձևավորման համատեքստում։

Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է ներառականության կարևորությունը՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ խոցելի խմբերի, բնիկ ժողովուրդների, կանանց և երիտասարդների մասնակցությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկի սահմանափակման քաղաքականությանը, ինչպես նաև թվայնացման գործիքների կիրառմանը՝ խնդիրների բացահայտման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Քննարկել են Փարիզյան համաձայնագրի 6.2 հոդվածի շրջանակում միջազգային ածխածնային շուկաների համագործակցության հնարավորությունները։ Նորվեգական կողմը ներկայացրել է Նորվեգիայի գլոբալ արտանետումների կրճատման նախաձեռնությունը (NOGER)՝ որպես կառավարություն-կառավարություն համագործակցության մեխանիզմ, որը միտված է հավելյալ արտանետումների կրճատմանը, կանաչ անցմանը և բարձր վստահելիությամբ միջազգային համագործակցության զարգացմանը։

Համբարձում Մաթևոսյանը ողջունել է Նորվեգիայի առաջնորդող դերակատարումը 6.2 հոդվածի շրջանակում և ընդգծել է Հայաստան–Նորվեգիա համագործակցության հնարավորությունների ուսումնասիրման կարևորությունը՝ մասնավորապես NOGER նախաձեռնության շրջանակում։ Նշել է, որ համագործակցությունը կարող է մեկնարկել տեխնիկական պատրաստվածության բարձրացման, ոլորտային վերլուծության և մեթոդաբանական աշխատանքների փուլից՝ հետագայում անցնելով փորձնական ծրագրերի իրականացման, հատկապես արդյունաբերության ոլորտում։

Ընդգծել է, որ նման համագործակցությունը կնպաստի Հայաստանի ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDC 3.0) իրականացմանը, կուժեղացնի մեր երկրի ինստիտուցիոնալ կարողությունները 6-րդ հոդվածի շրջանակում մասնակցության համար և կբացի նոր հնարավորություններ կլիմայական ֆինանսավորման և ցածր ածխածնային ներդրումների ներգրավման համար։

Նորվեգական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին միջազգային բանակցային գործընթացներում։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի, Կոլումբիայի նախագահության և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև համագործակցության զարգացման հեռանկարներին։

Հայերեն العربية Русский Türkçe

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին