Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի ծովային շրջափակման մասին
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը «կսկսեն արգելափակել Հորմուզի նեղուց մտնել կամ դուրս գալ փորձող բոլոր նավերը»։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը նշել է, որ շրջափակումը շուտով կսկսվի, և այլ երկրներ կմիանան դրան։
Թրամփը նաև հրամայել է ռազմածովային ուժերին նույնականացնել և կալանել միջազգային ջրերում գտնվող այն նավերը, որոնք Իրանին վճարում են նեղուցով անցնելու համար։ «Ոչ ոք, ով անօրինական վճարում է, չի ունենա անվտանգ անցում բաց ծովում», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա խոստացել է, որ ԱՄՆ-ն նույնպես կսկսի Հորմուզի նեղուցի ականազերծումը։ «Ցանկացած իրանցի, ով կկրակի մեզ կամ խաղաղ նավերի վրա, կուղարկվի ուղիղ դժոխք», - հավելել է Թրամփը։
Խոսելով ապրիլի 11-12-ին Պակիստանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքների մասին՝ Թրամփը հայտարարել է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ միջուկային հարցի շուրջ։
Ապրիլի 11-ի բանակցությունների ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը սկսել են «Հորմուզի նեղուցը մաքրելու գործընթացը»։
Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցին երկու շաբաթով դադարեցնել ռազմական գործողությունները: Հրադադարի հիմնական պայմաններից մեկը Հորմուզի նեղուցի բացումն էր, որով անցնում է աշխարհի նավթի մատակարարումների մեկ հինգերորդը: Համաձայնագրի առաջին օրը Իրանը թույլ տվեց մի քանի նավերի անցնել, բայց նեղուցը կրկին փակվեց Լիբանանի վրա Իսրայելի հարվածների պատճառով։
Ինչպես հաղորդել է The Wall Street Journal-ը, պատերազմի շաբաթների ընթացքում Իրանը որոշ նավերից 1 միլիոն դոլար վճար էր գանձել նեղուցով անցնելու համար: Թերթի տվյալներով՝ մոտ 250 նավ համաձայնվել էր վճարել: Նեղուցով անցնող նավերի մեծ մասը իրանական նավեր և տանկերներ էին, որոնք պատկանում էին ստվերային նավատորմին: