Իրավունք

Ոստիկանները բացահայտել են հուշանվեր թղթադրամներով խարդախության դեպքեր

3 րոպեի ընթերցում

Ոստիկանները բացահայտել են հուշանվեր թղթադրամներով խարդախության դեպքեր

Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են հուշանվեր թղթադրամներով խարդախության դեպքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Ապրիլի 6-ին՝ ժամը 23․23-ին, առաքիչ աշխատող օտարերկրյա մի քաղաքացի Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տվեց հաղորդում, որ նույն օրը պատվեր ստանալով՝ սուպերմարկետից 33 578 դրամի ծխախոտ և տարբեր տեսակի սննդամթերք է առաքել Եղբարության փողոց, որտեղ մոտեցել են երկու տղաներ։ Նրանցից մեկը վերցրել է պատվերը և տվել 20 հազար դրամանոց ու հեռացել։ Առաքիչը նկատել է, որ դրամի վրա առկա է «հուշանվեր» գրառումը և այն վերադարձրել է մյուս տղային, որը, սակայն, առանց պատվերի գումարը վճարելու նույնպես հեռացել է։ Եվս մի օտարերկրացի էլ հայտնել էր, որ ապրիլի 7-ին՝ գիշերվա ժամը 02։37-ին, պատվեր ստանալով՝ 33․295 դրամի քաղցրավենիք է առաքել Թադևոսյան փողոց, որտեղ մոտեցել է մի անձ և պատվերի համար տվել երկու հատ 20 հազարանոց՝ կրկին «հուշանվեր» գրառմամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել նաև այն մասին, որ ապրիլի 7-ին, ժամը 16։34-ի սահմաններում ժամացույցի առաքման պատվերով օտարերկրյա առաքիչը մոտեցել է Եղիշե Թադևոսյան փողոց, որտեղ ապրանքի դիմաց անծանոթ տղամարդն իրեն վճարել է «հուշանվեր» գրառմամբ երկու հատ քսանհազարանոց։ 

«Այս դեպքում առաքիչն ուշ էր նկատել կեղծիքը, վերադարձրել էր յոթ հազար դրամ մանրը և հեռացել»,- նշում են ոստիկանությունից։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

«Շենգավիթի համայնքային ոստիկանների վարկածն այն էր, որ երեք դեպքում էլ «հուշանվեր» թղթադրամներով խարդախությունները կատարել է նույն անձը, և վարկածը հաստատվեց։ Պարզվեց, որ խարդախություններն իրականացրել է Մանթաշյան փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ։ Ապրիլի 8-ի առավոտյան ժամը 8-ին Մանթաշյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքները։ Նրա խուզարկությամբ, ի թիվս այլ թղթադրամների, հայտնաբերվեց նաև «հուշանվեր» գրառմամբ երկու քսանհազարանոց»,- ասված է հաղորդագրությունում։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում