Վարչապետն ընդունել է Ղազախստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ղազախստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև գործընկերության ռազմավարական բնույթը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ համագործակցության զարգացմանը և նշել, որ դրա մասի է վկայում նաև երկկողմ հարաբերությունների հագեցած օրակարգը։ Միաժամանակ, երկրի ղեկավարը հավելել է՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա, մասնավորապես, Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր ազդակ է հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։

Երմեկ Կոշերբաևը նախ վարչապետին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ջերմ ողջույնները և նշել, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ։ Ղազախստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հաստատված երկաթուղային հաղորդակցությունը էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը։ Միաժամանակ, Երմեկ Կոշերբաևը կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և ընդգծել Ղազախստանի աջակցությունը TRIPP և ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին։ Նա շեշտել է, որ Ղազախստանը ևս շահագրգիռ է վերոնշյալ նախագծերի իրականացմամբ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ։

Նիկոլ Փաշինյանը և Երմեկ Կոշերբաևը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այդ առումով, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, որոնք կմեկնարկեն առաջիկայում։ Զրուցակիցները կարևորել են նաև հայաստանյան գործարարների պատվիրակության առաջիկայում նախատեսվող այցը Ղազախստան, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու բիզնես կապերի զարգացմանը։

Հայերեն العربية English Français Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել