Կալասը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններից
2 րոպեի ընթերցում

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններից և սպառնալիքի տակ են դնում հրադադարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Լիբանանին հակամարտության մեջ ներքաշել է «Հեզբոլլահ»-ը, բայց Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում այդքան լայնածավալ ավերածությունները: Իսրայելի հարվածներն անցյալ գիշեր սպանել են հարյուրավոր մարդկանց. բարդ է պատճառաբանել, որ նման կոշտ գործողությունները մտնում են ինքնապաշտպանության մեջ: Իսրայելի գործողությունները լուրջ լարվածության են ենթարկում Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարը, որը պետք է տարածվի Լիբանանի վրա», - գրել է նա։
Կալասը հավելել է, որ «Հեզբոլլահ»-ը պետք է զինաթափվի, և ԵՄ-ն աջակցում է Լիբանանին այդ ջանքերում։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 8-ին Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանի տարբեր շրջաններում զոհերի թիվը հասել է 182-ի, իսկ վիրավորներինը՝ 890-ի։ Երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 1739-ի, իսկ վիրավորներինը՝ 5873-ի։
Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։