ԵԽ պատգամավորը ներկայացրել է, թե որոնք պետք է լինեն ԵՄ-ի առաջնահերթությունները Հայաստանի հետ հարաբերություններում
15 րոպեի ընթերցում
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելյամին կարծում է, որ Եվրամիությունը շատ բան ունի շահելու Հայաստանի հետ համագործակցությունից և պետք է ամրապնդի Հայաստանի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով։ Պատգամավորի խոսքով՝ Հայաստանն ու ԵՄ-ն պետք է այնպիսի հարաբերություններ կառուցեն, որոնք փոխադարձ շահավետ կլինեն։
Եվրախորհրդարանի պատգամավորն այդ մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։
Հարցազրույցում Բելյամին անդրադարձել է մայիսին Երևանում սպասվող Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովից իր սպասելիքներին, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, Բաքվում ապօրինի պահվող հայերին և այլ թեմաների։
-Պարոն Բելյամի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի լիագումար նիստում կարևոր ելույթ ունեցավ երկրի ապագայի և արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ ուղերձը, և, ըստ Ձեզ, ի՞նչ է այն բացահայտում Հայաստանի այսօրվա ռազմավարական ուղղվածության մասին։
-Նախ, մեզ համար շատ կարևոր էր, որ Հայաստանի վարչապետը գար Եվրոպական խորհրդարան, նույնիսկ վերադառնար, քանի որ սա արդեն երկրորդ անգամն է, որ մենք նրան ընդունում ենք խորհրդարանի նիստերի դահլիճում։ Սա նաև մեր ինստիտուտի կողմից հստակ աշխարհաքաղաքական ընտրություն է, և ես իսկապես շատ ուրախ եմ դրա համար։ Մենք չենք ընդունում բոլոր պետությունների և կառավարությունների ղեկավարներին։ Մենք պատիվ ունենք ընդունելու նրանց, ում մեզ հարազատ ենք համարում, որովհետև Եվրոպան նրանց հետ ունի ընդհանուր շահեր և ընդհանուր սկզբունքներ, որոնք պետք է պաշտպանել։ Իսկ Հայաստանի ու մասնավորապես հայ ժողովրդի պարագայում բնական է, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ներկայացուցիչը կարողանա հյուրընկալվել Եվրոպական խորհրդարանում։ Եվ իսկապես նա կարևոր ելույթ ունեցավ Կովկասում ներկայիս իրավիճակի մասին, թե ինչպես է Հայաստանն այսօր ներգրավվում խաղաղության գործընթացում, ինչպես նաև այն մարտահրավերների վերաբերյալ, որոնց առջև կանգնած է երկիրը, և որոնք վերաբերում են նաև Եվրոպային։
-Այսօր Հայաստանը փորձում է առաջ շարժվել Եվրոպայի հետ հարաբերություններում՝ դրանք առավել ամրապնդելով։ Ըստ Ձեզ՝ որո՞նք են առաջնահերթ ոլորտները, որոնցում այս համագործակցությունն իսկապես պետք է խորացվի։
-Իմ խորին համոզմամբ՝ մենք շատ բան ունենք շահելու Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցությունից։ Մենք դա տեսել ենք ամենածանր փորձության պահին՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ, և այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման ընթացքում։ Ես այն մարդկանցից եմ եղել, որոնք շատ էին մեղադրում եվրոպական ինստիտուտներին այն բանի համար, որ դրանք այնքան քիչ կարողացան աշխատել հայ ժողովրդի կողքին՝ ապահովելու նրա անվտանգությունն ու պաշտպանելու մեր ընդհանուր սկզբունքները։ Եվ կարծում եմ՝ սա ընդգծում է երկարաժամկետ հեռանկարում այս հարաբերությունները կառուցելու անհրաժեշտությունը և ապահովելու, որ դրանք փոխադարձաբար շահավետ լինեն թե՛ Եվրոպայի, թե՛ Հայաստանի համար։ Ես նկատի ունեմ մի շարք ոլորտներ, որոնց ուղղությամբ աշխատանքը պարտադիր է։ Դրանցից առաջինը, անշուշտ, անվտանգությունն է։ Ես շատ ուրախ էի, որ մեզ հաջողվեց հասնել սահմանների դիտարկման եվրոպական առաքելության ստեղծմանը, որն այսօր արդեն գործում է Հայաստանի տարածքում։ Ես նաև այն մարդկանցից էի, որոնք պայքարում էին այդ առաքելության ժամկետի երկարաձգման համար։ Այն, ինչ մենք արձանագրում ենք, հստակ է՝ այն պահից ի վեր, ինչ առաքելությունը տեղում է, այլևս չկան դեպքերը, որոնց համար մենք այդքան հաճախ ցավով խոսում էինք՝ հարձակումներ, ագրեսիաներ, սահմանային բախումներ, հրահրված միջադեպեր, որոնք, ցավոք, հաճախ հանգեցնում էին զոհերի հայկական զինվորների կամ քաղաքացիական անձանց շրջանում։ Եվ, կարծում եմ, եվրոպական առաքելությանը հաջողվել է պահպանել որոշակի կայունություն։ Սա էական խնդիր էր։ Ֆրանսիան նույնպես սկսում է ամրապնդել Հայաստանի հետ իր անվտանգության գործընկերությունը, և դա զարգանում է նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում, որը եվրոպական ինստիտուտների միջոցով հնարավորություն է տալիս ձևավորել անվտանգության գործընկերություն Հայաստանի հետ։ Բայց մենք չպետք է աշխատենք միայն անվտանգության ոլորտում, պետք է ավելին անել։ Մենք նաև պետք է աշխատենք տնտեսական ոլորտում մեր կապերի ամրապնդման վրա։ Սա մեզ համար հիմնարար նշանակություն ունի։ Երբ ես 2020 թվականին առաջին անգամ եղա Հայաստանում, այնտեղ հանդիպեցի ձեռնարկատերերի, երիտասարդ հայ գործարարների հետ, որոնք զարգացնում էին իրենց գործունեությունը և ինձ ասում էին, թե որքան հիասթափված են, որ չեն կարողանում բավարար չափով մուտք գործել եվրոպական շուկա։ Դրա համար պետք էր լուծել մի քանի շատ կոնկրետ հարցեր, օրինակ՝ օդային կապի խնդիրը։ Հայտնի է, որ այն ժամանակ Հայաստանը եվրոպական ավիացիոն սև ցուցակում էր, բայց այժմ Եվրոպա արտահանումն ավելի հեշտ է դարձել։ Նյութական առումով դա արդեն պետք է ավելի դյուրին լինի։ Առևտրային տեսանկյունից էլ, կարծում եմ, մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու՝ կապերը հեշտացնելու համար։ Եվ, իհարկե, կա նաև հասարակությունների միջև կապը։ Հայկական հասարակությունը պետք է կարողանա ավելի անմիջականորեն կապվել եվրոպական երկրների հասարակությունների հետ։ Անշուշտ, արդեն կան շատ ամուր կապեր Հայաստանի և, օրինակ, Ֆրանսիայի միջև։ Բայց այդ կապը պետք է կենդանի պահել։ Եվ դրա համար մենք պետք է շատ գործնական աշխատանք տանենք, օրինակ, վիզաների հարցի շուրջ, որը կարևորագույն խնդիր է։ Ես միայն մի քանի տարր եմ նշում, բայց կարծում եմ՝ հենց այս տարրերն են, որ առաջնահերթ պետք է լինեն եվրոպական օրակարգում։
-Դուք նշեցիք որոշ հարցերի շուրջ Ձեր կողմից մղած պայքարի մասին, որոնցից մեկն էլ, ինչպես մենք լավ գիտենք, վերաբերում է նաև Բաքվում պահվող հայ գերիներին, որոնցից ոմանք դատապարտվել են ցմահ ազատազրկման, մյուսներն էլ երկարաժամկետ ազատազրկումների։ Եվրոպական խորհրդարանը մի քանի բանաձև է ընդունել այս հարցով։ Ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի Եվրոպական միությունը այս իրավիճակի նկատմամբ, և ի՞նչ կոնկրետ ճնշման միջոցներ կարող է կիրառել նրանց ազատ արձակմանը հասնելու համար։
-Ճիշտ եք ասում, սա մեզ համար վճռորոշ թեմա է, և մենք Եվրոպական խորհրդարանում բազմիցս բանաձևեր ենք առաջ քաշել այս հարցի շուրջ՝ կապված հայ քաղաքական բանտարկյալների և ռազմագերիների հետ։ Այստեղ անչափ մեծ անարդարություն կա։ Ոմանք ազատ են արձակվել, բայց մյուսները, ինչպես Դուք նշեցիք, դատապարտվել են շատ երկար ժամկետներով։ Եվ ակնհայտ է, որ այդ դատավճիռները չեն հիմնվում փաստերի վրա. դրանք մաքուր վրեժխնդրություն են, նաև քաղաքական ահաբեկման մաքուր մարտավարություն։ Սա Ադրբեջանի, Ալիևի վարչակարգի կողմից մի միջոց է՝ ցույց տալու իր լիակատար արհամարհանքը արդարադատության և իրավական պետության նկատմամբ, բայց նաև իր կարողությունը՝ վնասելու նրանց, որոնք իրեն ընդդիմանում են։ Եվ կարծում եմ՝ մենք պարտավոր ենք դիմակայել դրան։ Մեր մեծ ողբերգությունը, և ես դա շատ պարզ կիսում եմ Ձեզ հետ, այն է, որ մի քանի տարի առաջ այս հարցում խորհրդարանում մենք գրեթե միայնակ էինք պաշտպանում այդ գործը։ Այսօր մեզ հաջողվել է մեծամասնություն ձևավորել։ Խորհրդարանն այժմ արդեն հստակ դիրքորոշում ունի, և այն լոբբիստները, որոնք Ադրբեջանի փոքրիկ հեռագրավարներն էին, այժմ շատ ավելի լուռ են դարձել։ Բայց մեր ողբերգությունն այն է, որ Եվրոպական հանձնաժողովը մեզ չի հետևում։ Եվ այսօր էլ սա ինձ համար լուրջ հիասթափության առարկա է։ Եվրոպական հանձնաժողովը շարունակում է իրականացնել Ադրբեջանի նկատմամբ իրականությունը մերժելու քաղաքականությունը։ Մենք տեսանք, թե ինչպես տիկին Կալլասը մեկնեց Ադրբեջան, ինչպես մինչ այդ դա արել էր Ուրսուլա ֆոն դեր Լայենը, կարծես ամեն ինչ նորմալ է, կարծես, Ադրբեջանին կարելի է վերաբերվել որպես վստահելի գործընկերոջ։ Սա մեզ համար բացարձակապես անընդունելի է, և կարծում եմ՝ մեր պարտականությունն այսօր այս իրավիճակից դուրս գալն է։
-Մայիսին Երևանում նախատեսված է Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը։ Ի՞նչ կոնկրետ ակնկալիքներ կարելի է ունենալ այդ հանդիպումից, և ի՞նչ իրական առաջընթաց այն կարող է բերել Բրյուսելի և Երևանի միջև գործընկերությանը՝ հաշվի առնելով, որ այո՛, Եվրոպական միությունը փորձում է Հարավային Կովկասի երկրների նկատմամբ մոտավորապես նույն մոտեցումը ցուցաբերել, բայց, գուցե, որոշակի նախապատվություն տալով ավելի ժողովրդավարական երկրներին։
-Այն, ինչ մենք այսօր ցույց ենք տալիս, հենց այն է, որ Եվրոպական խորհրդարանը գիտի՝ ինչպես ընտրել իր նախապատվությունները։ Երկրորդ անգամն է, որ մենք ընդունում ենք Հայաստանի վարչապետին։ Մենք չենք ընդունել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին և չենք դնելու հավասարության նշան Հարավային Կովկասի այս երկրների միջև։ Մեկը պաշտպանում է ժողովրդավարությունը և մեզ հետ կիսում է այդ ընդհանուր ժառանգությունը, որի պատճառով էլ թիրախավորվում է, իսկ մյուսն այսօր աշխարհի ամենավատ բռնապետական վարչակարգերից մեկն է։ Մենք հույս ունենք, որ մի օր Ադրբեջանը կազատվի իրեն ճնշող այդ ինքնակալությունից։ Բայց այս պահին լիովին հստակ է, որ մենք չենք կարող, և սա խորհրդարանի դիրքորոշումն է, ադրբեջանական վարչակարգին դիտարկել որպես վստահելի գործընկեր որևէ ձևով։ Եվ, հետևաբար, իսկապես անհրաժեշտ է, որ այժմ Եվրոպական միությունը՝ ոչ միայն խորհրդարանը, այլ եվրոպական ինստիտուտները ևս, ստանձնեն հենց այս առաջնահերթությունը և դա անեն հստակ ձևով։
-Հայաստանում հունիսին նախատեսված են ընտրություններ, և Եվրոպական միությունը հետևում է գործընթացին, կունենա դիտորդներ: Կա նաև աջակցություն՝ կիբեռհարձակումների և հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու համար։ Հայաստանում որոշ շրջանակներ կարծում են, որ սա նաև Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է, կամ, գուցե, ուղղակի քաղաքական աջակցություն ներկայիս իշխանությանը։ Ի՞նչ կասեք այս մասին:
-Մենք, իհարկե, շփվում ենք հայկական իշխանությունների, Հայաստանի վարչապետի, ինչպես նաև Կառավարության և հայկական խորհրդարանի անդամների հետ։ Ես ուզում եմ այստեղ կրկին նշել, որ իմ գիծը միշտ շատ հստակ է եղել։ Ես Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամն եմ։ Երբեք ինձ թույլ չեմ տա արտահայտվել Հայաստանի ներքին գործերի և երկրի ներքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել, պարզապես մեր աջակցությունն է Հայաստանին՝ պաշտպանելու նրա տարածքային ամբողջականությունը, նրա ինքնիշխանությունը, իսկ նրա ինքնիշխանությունը նաև նշանակում է՝ նրա ժողովրդավարությունը։ Եվ մենք այսօր շատ լավ գիտենք, որ մեր ինքնիշխանությունները, մեր ժողովրդավարությունները հաճախ ենթարկվում են արտաքին միջամտությունների։ Սա հատուկ միայն Հայաստանին վերաբերող դեպք չէ։ Դա տեղի է ունեցել Ֆրանսիայում, տեղի է ունեցել նաև Եվրոպական միության այլ երկրներում։ Եվ Եվրոպայի այսօրվա մտահոգությունը, հատկապես այնպիսի երկրի պարագայում, որն ուղղվում է դեպի Եվրոպական միություն, պարզապես այն է, որ երաշխավորվի՝ այդ երկիրը կկարողանա արտահայտվել ազատ, ժողովրդավարական և իսկապես ինքնիշխան ձևով։ Իրոք, մենք առավել ևս ուրախ ենք աջակցել հայկական ժողովրդավարությանը, որովհետև այն հենց ապացույցն է, որ ժողովրդավարությունը հնարավոր է այս տարածաշրջանում։ Եվ, հետևաբար, այս ընտրական պահը մեզ համար, իհարկե, կարևոր պահ կլինի հայ ժողովրդի համար և, հուսով եմ, վճռորոշ պահ՝ իր ապագան ընտրելու համար։
-Շնորհակալություն, պարոն Բելյամի, շնորհակալություն հարցազրույցի համար։
-Շնորհակալ եմ Ձեզ։ Թույլ տվեք վերջին մի միտք ասել։ Քանի որ այս թեմայով առիթ չունեցանք խոսելու, ուզում եմ պարզապես նշել, որ մեզ համար հիմնարար մտահոգություն է նաև Լեռնային Ղարաբաղի այն բոլոր ընտանիքների վիճակը, որոնք զրկվել են իրենց տներից, օջախներից, հողերից։ Եվրոպան այստեղ ևս պետք է շարունակի աշխատել՝ նրանց շատ կոնկրետ աջակցելու ուղղությամբ, նախ՝ աջակցելով նրանց ներկայիս կյանքին, հասցեագրելով նրանց նյութական կարիքները, բայց նաև, և սա ինձ համար հիմնարար թեմա է, աշխատելով արդեն այնպիսի իրավական մեխանիզմի վրա, որը կպատրաստի այդ ընտանիքների վերադարձը իրենց տուն և իրենց հող։ Կարծում եմ՝ մենք բոլորս հասկանում ենք, որ դա, ցավոք, վաղը չի լինելու։ Եվ այս ողբերգությունն ինձ հետ է ամեն օր։ Բայց փաստն այն է, որ այն պետք է մի օր ավարտվի, և մեր պարտքը, այդ թվում՝ ապագա սերունդների նկատմամբ, այն է, որ երբեք չհամարենք, թե պետք է համակերպվել այն մտքի հետ, որ ուժը պարտադրում է իրավունքը։ Այդ մարդկանց իրավունքը, այդ փախստականների իրավունքն այն է, որ շարունակեն պահել իրենց տուն վերադառնալու հեռանկարը։