Հատուկ նախագծեր

Բելգիայի հայտնի հայերը. Նադին Կալամյան. հավատարիմ մնալ արմատներին՝ առանց փակվելու

14 րոպեի ընթերցում

Բելգիայի հայտնի հայերը. Նադին Կալամյան. հավատարիմ մնալ արմատներին՝ առանց փակվելու

Փաստաբան Նադին Կալամյանի պարագայում անունն արդեն ինքնին շատ բան է ասում։ Այն իր մեջ կրում է պատմություն, հիշողություն, պատկանելություն։ Կալամյան ազգանունը գալիս է արաբերեն «կալամ» բառից՝ խոսք, բառ, գիր, ասես, նախնիներից մեկը գրող է եղել և իր հետքն է թողել անգամ ազգանվան մեջ։ Սակայն այս բացատրությունից անդին, այդ անունը նախ և առաջ մարմնավորում է խորապես արմատավորված ինքնություն։ Ինչպես բազմաթիվ հայկական ազգանուններ, որոնք ավարտվում են «յան»-ով, այն մարդուն անմիջապես կապում է իր ծագման, տոհմի և արմատների հետ, և այդ արմատները նա հստակորեն ու հպարտությամբ կրում է իր մեջ։

Նադին Կալամյանն իրեն ներկայացնում է որպես  խառնուրդ, միաժամանակ շեշտում, որ իրեն խորապես հայ է զգում։ Նրա հայրը սերում է Սիրիայի հայկական սփյուռքից։ Նրա ընտանեկան պատմության մեջ կա նաև փրկության մի դրվագ․ Ցեղասպանության պահին նրա տատը, որը բնակվում էր Թուրքիայի սահմանի մոտ, ըստ ընտանեկան պատմության, կարողացել է փրկվել քրոջ մի թուրք երկրպագուի շնորհիվ, որը եկել էր զգուշացնելու ընտանիքին սպառնացող վտանգի մասին։ Սա պատմություն է, որը փոխանցվել է որպես վկայություն այն բանի, որ նույնիսկ մեծ ողբերգությունների կիզակետում մարդկային որակները երբեք ամբողջովին չեն վերանում։

Սակայն Հայոց ցեղասպանությունը երկար ժամանակ եղել է թեմա, որի շուրջ լռություն է պահպանվել։ Մանկության տարիներին Նադին Կալամյանի հետ այդ մասին ուղիղ չեն խոսել։ Միայն պատանեկության տարիներին է նա իսկապես ըմբռնել այդ վիրավոր հիշողության խորությունը։ Այսօր, հետադարձ հայացքով, նա այդ լռության մեջ տեսնում է նաև երեխաներին պատմության սարսափով չափազանց վաղ չվնասելու ու պաշտպանելու  փորձ:

Հալեպում ծնված Նադին Կալամյանը մեծացել է սիրով ու ամուր կապերով լի ընտանիքում, որտեղ հատվում էին մի քանի մշակույթներ։ Նրա մայրը Բրյուգե քաղաքից է, բելգիացի՝ ֆլամանդական ծագմամբ: Կալամյանի մայրը բացառիկ ջանք է գործադրել՝ սովորելով հայերեն, ինտեգրվելով ընտանիքին և երեխաներին փոխանցելով հայկական աշխարհի հանդեպ խորը կապվածություն։ Տանը հայերենը գրեթե մայրենի լեզու է դարձել։ Այդ միջավայրում Կալամյանը բացահայտել է մի հոգեբանություն, ընտանիքի զգացում, հավաքական ջերմություն, որոնք հետագայում մշտապես ուղեկցելու էին նրան։

Նրա հոր ճանապարհն էլ իր է սփյուռքյան կյանքի մի կարևոր շերտի մասին է։ Նրա պապը՝ մասնագիտությամբ դեղագործ, ցանկացել էր, որ իր ավագ որդին բժիշկ դառնա, և այդ նպատակով նրան ուղարկել էր Բելգիա՝ Բրյուսելի ազատ համալսարանում ուսանելու։ Բայց որդին շատ ավելի մեծ ձիրք ուներ առևտրի, քան բժշկության հանդեպ. մի քանի տարի հետո նա մեծ հաջողությունների է հասնում բիզնեսում։ Այդպես ընտանիքը վերադառնում է Սիրիա, իսկ հետո՝ ցեցօրյա պատերազմի հետևանքով, տեղափոխվում Լիբանան։ Այնտեղ Նադին Կալամյանը բացահայտում է սփյուռքի մեկ այլ դեմք՝ խիտ, կենսունակ հայկական համայնք, որը խորապես արմատավորված էր լիբանանյան հասարակության մեջ՝ մի հասարակություն, որի մասին ինքը մեծ սիրով է հիշում։

Այնուհետև գալիս է Լիբանանի պատերազմը. ռմբակոծություններ, վտանգ, փակ դպրոցներ։ Նրա հայրը գրեթե մեկ օրում որոշում է ընտանիքը տեղափոխել Բելգիա՝ իր կնոջ ընտանիքի մոտ։ Իրավաբան Կալամյանը տասնհինգ տարեկան էր, երբ հասավ Բրյուսել։ Տեղափոխությունը ցավոտ էր․ պետք էր թողնել մի ամբողջ աշխարհ, արմատներ։ Բայց Բելգիայում նա ջերմ ընդունելություն է գտնում թե՛ հայկական համայնքի, թե՛ իր մոր ընտանիքի կողմից։ Եվ հենց Բելգիայում էլ սկսվում է նոր կյանքը, իսկ շատ չանցած էլ տեղի է ունենում վճռորոշ հանդիպումը ապագա ամուսնու հետ, որը ֆրանսիացի էր, և որին նա ճանաչել է դեռևս 17  տարեկանից։

Իրավունքը Կալամյանի համար շատ վաղ տարիքից դարձել է ակնհայտ ընտրություն։ Ընտանիքում ոչ ոք, կարծես, նրան չէր նախապատրաստում այդ ուղուն, բայց մանկության մի պատկեր մնացել էր նրա մեջ՝ լիբանանցի մի փաստաբան, որը առանձնահատուկ հարգանք էր վայելում, որին փողոցում ողջունում էին ակնածանքով, և որի ներկայությունը խորապես տպավորել էր փոքրիկ աղջնակին։ Այդ ժամանակ նա արդեն ասել էր ինքն իրեն՝ «մեծանալով ես ուզում եմ նմանվել այդ մարդուն»։ Կոչումն այդպես է ծնվում՝ գրեթե աննկատ։

Հետագայում նա ընտրում է ընտանեկան իրավունքը, սակայն, նրա խոսքով, դա հայկական պատմական տրավմայի կամ պատմական արդարության վերականգնման մի վերացական ձգտման պատճառով չէ։ Այն, ինչ նա կապում է իր հայկականության և, իսկ ավելի լայն իմաստով՝ իր արևելյան դաստիարակության հետ, կարեկցանքն է,  համակեցությունը, փոխօգնությունը, համերաշխությունը, հապճեպ դատողությունից հրաժարվելը։ Հենց այս արժեքներն են ձևավորել նրա լսելու և պաշտպանելու ձևը։

Հայ լինելը նրա համար նախ նշանակում է պատկանել մի մեծ ընտանիքի՝ ցրված, բայց միանգամից ճանաչելի։ Աշխարհի որ անկյունում էլ նա հանդիպի մեկ այլ հայի, այդ հանդիպումը նրա համար գրեթե անմիջապես ձեռք է բերում հարազատի՝ զարմիկի կամ զարմուհու հետ հանդիպման գույն։ Անշուշտ, Ցեղասպանությունը ստեղծում է մի առանձնահատուկ կապ, սուր գիտակցություն այն բանի, թե ինչի է ընդունակ մարդը մարդու հանդեպ։ Բայց նա պնդում է մի էական միտք․ հայկականությունը, իր պատկերացմամբ, փակվածություն չէ ցավի կամ վրեժի մեջ։ Ընդհակառակը, նա այն ընկալում է որպես դրական ԴՆԹ, որպես կարողություն՝ հաղթահարելու ողբերգությունը՝ առանց այն ժխտելու, փոխանցելու հիշողության պարտքը՝ առանց ատելություն փոխանցելու։

Ժառանգություններից, որ նա ստացել է, առաջին հերթին նշում է ընտանիքի զգացումը, հավատարմությունը, բարությունը։ Թերևս, դրանք միայն հայկական արժեքներ չեն, բայց իր աշխարհում և իր ընտանիքում դրանք եղել են առանցքային։

Այնուամենայնիվ, երկար ժամանակ նա իրեն կապված չէր զգում Հայաստանի հետ։ Նրա համար հայկականությունը նախ և առաջ ապրում էր սփյուռքի մեջ՝ ավելի լայն, ավելի մարմնավոր, ավելի իրական, գուցե, քան մի աշխարհագրական տարածք, որը նա այդ ժամանակ ընկալում էր որպես Խորհրդային Հայաստանի փոքր մնացորդ։ Անկախ Հայաստանը նա դիտում էր որոշակի հեռավորությունից՝ չկարողանալով իրեն ամբողջովին այնտեղ պատկերացնել։

Այս հարաբերությունը փոխվում է 2015 թվականին, երբ նա առաջին անգամ մեկնում է Հայաստան՝ Ցեղասպանության հարյուրամյակի առիթով՝ Երիտասարդ փաստաբանների միության կողմից կազմակերպված ուղևորության շրջանակում։ Այդ ճամփորդությունը նրա համար դառնում է զգացական ցնցում։ Նա այնտեղ բացահայտում է մի երկիր, որն իր աչքին խոնարհ է, բազմազան, մարդկային, և որին սիրահարվում է։ Այդ ժամանակից ի վեր նա կրկին այցելել է Հայաստան և այսօր ցանկանում է մի օր տանել իր երեխաներին ու թոռներին, որպեսզի նրանց էլ փոխանցի այդ վերագտած կապից մի մասնիկ։

Փոխանցման հարցը հենց այդ պատճառով կենտրոնական տեղ է զբաղեցնում նրա մտորումներում։ Նա մեծ պարզությամբ ընդունում է, որ չի կարողացել լիարժեք փոխանցել հայերենը իր երեխաներին։ Բելգիայում փոքրաթիվ սփյուռքը, իր ամուսնությունը ֆրանսիացու հետ, ընտանիքի ցրվածությունը, բայց նաև իր սեփական լեզվական ուղին՝ հայերենի, արաբերենի, ֆրանսերենի և անգլերենի միջև, ավելի խոցելի են դարձրել այդ փոխանցումը։ Նա դա նշում է ափսոսանքով։ Եթե ամեն ինչ նորից սկսելու լիներ, ասում է՝ առանց երկմտելու ավելի շատ հայերեն կխոսեր։

Սակայն նա հրաժարվում է ժառանգությունը միայն լեզվով սահմանափակելուց։ Նրա համար փոխանցել նշանակում է նաև փոխանցել հոգեվիճակ, աշխարհընկալում՝ կարեկցանք, բարություն, պահանջկոտություն, լրջություն, ընտանիքի զգացում, ուշադրություն ուրիշի հանդեպ։ Նրա երեխաները, նույնիսկ եթե հայկական ազգանուն չեն կրում, իրենց այդ ինքնության հետ կապված են զգում։ Նրանք բնազդաբար ասում են․ «Մայրս հայ է»։ Եվ դա կարևոր է։

Նրա մասնագիտական կյանքում նույն բարոյական դիրքորոշումն է շարունակվում։ Իր արդարության ըմբռնումը նա սիրով կապում է մեկ այլ հիմնարար փորձառության հետ՝ այն բանի, որ մեծացել է հոր կողքին, որը իր ժամանակից շատ առաջ էր ընկած և համոզված էր կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների մեջ։ Նա հիշում է, թե ինչպես մանկության տարիներին իրեն թույլատրել են զբաղվել ձյուդոյով, մինչդեռ իր զարմուհուն նույն հնարավորությունից զրկել էին սոցիալական պայմանականությունների պատճառով։ Այդ հավասարության, արժանապատվության և կոնկրետ արդարության գաղափարը խորապես սնուցել է իր փաստաբանական հանձնառությունը։

Ամուսնալուծության գործերում նա հրաժարվում է զուտ կործանարար տրամաբանություններից։ Նրա համար ընտանեկան արդարությունը չի կարող սահմանափակվել վերևից պարտադրված որոշմամբ։ Ամեն պատմություն եզակի է, ամեն իրավիճակ արժանի է լսելի լինելու և ուշադրության։ Իր դերն առաջին հերթին տեսնում է մարդկանց օգնելու մեջ, որպեսզի նրանք չկորցնեն այն բանի նկատմամբ վերահսկողությունը, ինչը իրենց համար արդար է, այլ ոչ թե ամբողջովին հանձնեն ընտանեկան կյանքի ինտիմ տարածքը դատավորի որոշմանը։ Այդ պատճառով, հնարավորինս առաջնահերթ է համարում համաձայնության եզր գտնելը երկխոսությունը, փոխադարձ հասկանալը։

Սա, իհարկե, միամտություն չէ։ Երբ իրավիճակները ներառում են բռնություն, վատ վերաբերմունք կամ ակնհայտ անհամատեղելիություն, նա ընդունում է, որ երբեմն անհրաժեշտ է հստակ որոշում։ Բայց նույնիսկ այդ ժամանակ նա շեշտում է փաստաբանի պատասխանատվությունը՝ չոտնահարել մյուս ծնողին, չվարկաբեկել այն կերպարները, որոնք երեխայի հոգեկան կառուցման համար կենսական նշանակություն ունեն, չվերածել պաշտպանությունը լիակատար ոչնչացման գործիքի։

Այս տեսլականը նա շարունակում է նաև այն կառույցում, որի զարգացմանը մասնակցում է։ Նա հպարտությամբ է խոսում իր գրասենյակի և նրա հեղինակության մասին, բայց նաև ոգևորությամբ է նշում իր դստեր հիմնած Ամուսնալուծության տունը՝ բազմամասնագիտական մի հարթակ, որը միավորում է փաստաբանների, հոգեբանների, մանկահոգեբույժների, ֆինանսական փորձագետների, ծնողական ուղեկցման մասնագետների, բյուջետային խորհրդատուների և անշարժ գույքի գնահատողների։ Նրա համար սա համահունչ մոտեցում է՝ բաժանումների բարդությունը լուծելու այլ կերպ՝ առանց կրակը բորբոքելու, ավելի մարդկային, ավելի խելացի և ավելի տևական լուծումներ փնտրելով։

Եվ հետո նրա մեջ կա այդ արևելյան ձևը, որով նա մոտենում է հակամարտություններին, մի բան, որ գործընկերները երբեմն հումորով են նկարագրում։ Ուկրաինական ծագմամբ  փաստաբան ընկերուհին հաճախ ասում է, թե իր հետ բանակցելը «ամբողջ Արևելքի հետ» բանակցել է․ այնտեղ, որտեղ ոմանք ուզում են միայն սև կամ սպիտակ, ինքն ուսումնասիրում է, նրբացնում, շրջանցում, հարցի շուրջ մի քանի պտույտ է կատարում։ Իր համար սա ոչ թե թերություն է, այլ բարդության, երկխոսության և կապի մշակույթ։

Սփյուռքի հայ երիտասարդությանը նրա ուղերձը պարզ է և խորքային․ պետք է ամեն տեղից վերցնել լավագույնը, չմտնել պարզունակ հակադրությունների՝ մի ինքնության և մյուսի, մի աշխարհի և մյուսի մեջ։ Ամեն մեկի մեջ կա և՛ լավը, և՛ վատը, իսկ սփյուռքի իրական հարստությունն այն է, որ կարողանում է միավորել մի քանի ժառանգություններ՝ առանց ինքն իրեն կորցնելու։ Նա կոչ է անում հավատարիմ մնալ արմատներին՝ առանց փակվելու, բացվել աշխարհին՝ առանց լուծվելու։

Ինչ վերաբերում է Բելգիայի հայ համայնքին, նա կարծում է, որ Բելգիայի հայերը փոքրաթիվ են, ինչը նրանց խոցելի է դարձնում։ Հայերը Բելգիայում ավելի խոցելի են մշակութային նոսրացման վտանգի առաջ։ Գուցե, հենց այդ պատճառով է, որ Բելգիայում յուրաքանչյուր հայի հանդիպելիս այնքան է ուրախանում, ասես յուրաքանչյուր դեմք իր հետ բերում է այդ ընդլայնված ընտանիքի, այդ կենդանի հիշողության, այդ միաժամանակ խոցելի և տոկուն ինքնության մի մասնիկը։

Նադին Կալամյանի համար հայկականությունը ո՛չ կարգախոս է, ո՛չ էլ պարզապես կարոտ։ Դա աշխարհում լինելու եղանակ է՝ հավատարիմ, սթափ, ջերմ և պահանջկոտ։ Մի հանգիստ ուժ, որը անցնում է հիշողության, ընտանիքի, աքսորի, լեզվի, արդարության ու փոխանցման միջով։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում