Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. նոր չափանիշներ, նոր տեխնոլոգիաներ

12 րոպեի ընթերցում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈւԱԿ) վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանող բժշկական հաստատության։ Կենտրոնում ներդրվում են նորագույն մեթոդներ, ընդլայնվում են բուժման հնարավորությունները, իսկ մասնագետները մշտապես վերապատրաստվում են՝ համաշխարհային զարգացումներին համընթաց։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն  Կարեն Ծառուկյանը ներկայացրել է անցած տարվա արդյունքները, ոլորտի խնդիրները և առաջիկա ծրագրերը՝ հատուկ ընդգծելով վաղ դիմելիության կարևորությունը։  

- Ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին կենտրոնի համար։

- Տարին բավականին ծանրաբեռնված էր, բայց նաև բովանդակալից։ Առաջընթաց ունեցանք թե՛ աշխատանքային գործունեության, թե՛ կադրային և թե՛ նյութատեխնիկական հագեցվածության առումներով։ Զարգացում նկատվեց ինչպես գործնական, այնպես էլ գիտական ոլորտներում։

- Ինչպե՞ս կգնահատեք կենտրոնի տեղն ու դերը Հայաստանի առողջապահության համակարգում։

- Կենտրոնը, թերևս, Հայաստանի Հանրապետությունում ուռուցքաբանական հիվանդությունների բուժմամբ զբաղվող խոշորագույն հաստատությունն է։ Այն համալրված է բուժման բոլոր հիմնական եղանակներով՝ վիրահատական, ճառագայթային և դեղորայքային, ինչպես նաև ախտորոշիչ, օժանդակ և պալիատիվ ծառայություններով։ Սա թույլ է տալիս ապահովել մուլտիդիսցիպլինար մոտեցում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր հիվանդի բուժման գործընթացում ներգրավված են տարբեր մասնագետներ, և բուժման բոլոր փուլերը ընթանում են բազմամասնագիտական թիմի օգնությամբ։

- Ո՞րն է կենտրոնի առաքելությունը և ինչպե՞ս է այն փոխվել վերջին տարիներին։

- Կենտրոնի հիմնական առաքելությունն է ապահովել ուռուցքային հիվանդություններով պացիենտների բուժումը բարձր և պատշաճ մակարդակով։

Ինչ վերաբերում է փոփոխություններին, դրանք շարունակական են։ Ամեն տարի մենք ձգտում ենք առաջընթացի, քանի որ ուռուցքաբանության ոլորտում աշխարհում մշտապես տեղի են ունենում նոր զարգացումներ, և մեր նպատակն է չմնալ այդ գործընթացներից դուրս։

- Ո՞րն է կենտրոնի զարգացման հիմնական ռազմավարությունը առաջիկա 5-10 տարիների համար։

- Կտրուկ փոփոխությունների անհրաժեշտություն չունենք։ Մեր ռազմավարությունն է շարունակել զարգանալ միջազգային նորմերին և ուղեցույցներին համապատասխան։ Բոլոր բուժումները տարիներ շարունակ իրականացվում են միջազգային ուղեցույցներով, և մեր նպատակն է ապահովել այդ գործընթացի շարունակականությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համալրվել նոր մասնագետներով և տեխնիկական միջոցներով։ Առաջիկայում պլանավորում ենք պրեցիզիոն բժշկության զարգացում, մոլեկուլային ախտորոշման ընդլայնում, տվյալների թվայնացում և վերլուծության համակարգերի ներդրում:

- Ի՞նչ առաջնահերթություններ եք սահմանել՝ հաշվի առնելով ոլորտի մարտահրավերները։

Մեր առաջնահերթություններից կարևորագույնը բուժման գործընթացների առավել համակարգված և կանոնակարգված կազմակերպումն է՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Թեև դա երկարատև գործընթաց է, սակայն վստահ ենք, որ մոտ ապագայում կունենանք ամբողջովին ստանդարտացված համակարգ։

- Ի՞նչ նոր տեխնոլոգիաներ կամ բուժման մեթոդներ են ներդրվել, և ի՞նչ է նախատեսվում մոտ ապագայում։

- Վիրաբուժական ոլորտում թարմացումները շարունակական են։ Թեև փոփոխությունները միշտ չէ, որ կտրուկ են և տեսանելի, սակայն դրանք ապահովում են միջազգային չափանիշներին համապատասխան մոտեցումներ։

Ճառագայթային բուժման ոլորտում վերջին տարիներին զգալի առաջընթաց ունենք և մոտենում ենք առաջատար կենտրոնների մակարդակին. 2025 թվականից կենտրոնը համալրվում է նորագույն ռադիոթերապևտիկ սարքավորումներով։ Այս առումով կարող ենք ասել, որ Հայաստանը բավականին առաջատար դիրքերում է։ Այս տեխնոլոգիաները ապահովում են ավելի ճշգրիտ ախտորոշում, բուժման պլանավորման բարելավում և որոշ դեպքերում՝ սպասման ժամանակի կրճատում:

- Կա՞ն բացառիկ վիրահատություններ կամ նոր մոտեցումներ։

- Մեր կենտրոնում բարդ և մեծածավալ վիրահատությունները առօրյա են։ Մենք չենք ընտրում դեպքեր՝ բոլոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում։ Շատ դեպքեր դուրս են ստանդարտ շրջանակներից և պահանջում են բարձր մասնագիտական մոտեցում։

- Կարո՞ղ ենք ասել, որ կենտրոնը համապատասխանում է միջազգային չափանիշներին։

- Այո՛, միանշանակ։ Սակայն դա չի նշանակում կանգ առնել. աշխարհում զարգացումները շարունակվում են, և մենք ևս հետևում ենք այդ ընթացքին։ Միջազգային գործընկերների հետ համագործակցությունը ևս բարձր մակարդակի վրա է։

- Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը առողջապահությունում և ձեր կենտրոնում։

- Արհեստական բանականությունը հիմնականում կիրառվում է ախտորոշման ոլորտում։ Այն օգնում է ավելի նպատակային աշխատել և նվազեցնել հնարավոր բացթողումները։

Այն չի փոխարինում բժշկին, այլ ծառայում է որպես լրացուցիչ գործիք կամ «երկրորդ կարծիք»։ Գործիքները կիրառվում են հատկապես ՀՇ/ՄՌՇ պատկերների վերլուծության և պաթոմորֆոլոգիայի մեջ, ինչպես նաև բուժման պլանավորման աջակցման համար:

- Կա՞ն կենտրոնի ֆիզիկական ընդլայնման կամ արդիականացման ծրագրեր։

- Այո՛։ Այս պահին ընդլայնվում է քիմիաթերապևտիկ բաժանմունքը, ստեղծվում են նոր ստորաբաժանումներ, իրականացվում են միջազգային կլինիկական հետազոտություններ։ Նշեմ նաև, որ կլինիկական հետազոտությունները հնարավորություն են տալիս պացիենտներին օգտվել նորագույն բուժումներից, օգնում են բժիշկներին մասնագիտական պրակտիկան համալրել միջազգային հետազոտությունների տվյալներով և լինել դրա անմիջական մասնակիցը։

Բացի այդ, ակտիվ աշխատանքներ են տարվում նոր մեթոդների ներդրման ուղղությամբ, օրինակ՝ էնդովասկուլյար բուժման ոլորտում (ներզարկերակային սելեկտիվ քիմիաթերապիա, քիմիաէմբոլիզացիա)։

- Ինչպե՞ս եք լուծում բարձրակարգ մասնագետների ներգրավման և պահպանման հարցը։

- Կենտրոնի գլխավոր  ուժը բարձրակարգ մասնագետներն են։ Նրանց վերապատրաստումը շարունակական է՝ թե՛ միջազգային կոնգրեսների և դասընթացների,  թե՛ համագործակցությունների և վերապատրաստումների միջոցով։

- Ինչպե՞ս է իրականացվում երիտասարդ կադրերի ներգրավումը։

Կենտրոնը նաև կրթական հարթակ է թե՛ ուսանողների, թե՛ կլինիկական օրդինատորների համար։  Վերջիններս կենտրոնի մասնագետների վերահսկողությամբ ակտիվ ներգրավվում են առօրյա աշխատանքներում՝ իրենց կրթական ծրագրերին համապատասխան։

- Ի՞նչ միջազգային համագործակցություններ ունի կենտրոնը և ինչպե՞ս են դրանք նպաստում զարգացմանը։

- Ունենք բազմաթիվ համագործակցություններ եվրոպական կենտրոնների հետ։ Բացի գիտական կապերից, իրականացվում են նաև կլինիկական հետազոտություններ։ Անհրաժեշտության դեպքում օգտվում ենք նաև արտերկրյա գործընկերների «երկրորդ կարծիքից»։ Այս համագործակցությունները գիտելիքի փոխանակման, վերապատրաստումների, համատեղ հետազոտությունների մեծ հնարավորություն են տալիս:

- Կա՞ նպատակ դառնալ տարածաշրջանային առաջատար կենտրոն։

- Մենք ավելի շատ կենտրոնանում ենք Հայաստանի բնակչությանը բարձրորակ ծառայություններ մատուցելու վրա։ Այնուամենայնիվ, բազմաթիվ դեպքեր ունենք, երբ արտերկրում բնակվող հայերը նախընտրում են բուժվել մեր կենտրոնում։

- Ինչպե՞ս է ապահովվում բուժման հասանելիությունը՝ հաշվի առնելով բարձր ծախսերը։

- Պետությունը մեծ բեռ է վերցրել իր վրա։ Վիրահատությունների մեծ մասը իրականացվում է պետական պատվերով։ Դեղորայքային բուժման ֆինանսավորումը զգալիորեն աճել է, ընդլայնվել է նաև հատուցվող դեղորայքի ցանկը։ Նորագույն ճառագայթային բուժումը ևս իրականացվում է առանց հիվանդի համար լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության։

- Որո՞նք են ոլորտի հիմնական խնդիրները Հայաստանում։

- Ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ վաղ դիմելիության պակասը։ Շատ հիվանդներ բժշկին դիմում են արդեն ուշ փուլերում, երբ հիվանդությունն արդեն տարածված է։ Թեև տարեցտարի վիճակը բարելավվում է, այդուհանդերձ, դեռ ունենք անհանգստացնող ցուցանիշներ։  

Մինչդեռ վաղ փուլերում ախտորոշումը զգալիորեն մեծացնում է բուժման արդյունավետությունը. այսօր ունենք բազմաթիվ մարդիկ, որոնք տարիներ առաջ հաղթահարել են քաղցկեղը և ապրում են լիարժեք կյանքով։ Ուստի, կարևոր է բարձրացնել հանրության իրազեկվածությունը և խրախուսել կանխարգելիչ հետազոտությունները։

- Ի՞նչ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ։

- Բարեբախտաբար, կտրուկ և արմատական փոփոխությունների անհրաժեշտություն չկա։ Հայաստանի ուռուցքաբանական համակարգը գտնվում է բավարար մակարդակի վրա։ Փոփոխությունները պետք է լինեն շարունակական և համահունչ միջազգային ուղեցույցների և չափանիշների փոփոխություններին։

Մեր մասնագետները մշտապես հետևում են այդ փոփոխություններին, և նոր ապացուցողական տվյալների ի հայտ գալու դեպքում արագ ներդնում են դրանք գործնականում։

- Վերջին տարիներին ինչպիսի՞ միտումներ են նկատվում հիվանդացության առումով։

- Հիվանդացության թվերի աճը հաճախ սխալ է ընկալվում։ Իրականում դա պայմանավորված է մի քանի գործոններով. առաջինը՝ մարդկանց դիմելիության աճն է, երկրորդը՝ կյանքի տևողության ավելացումը։ Երբ մարդիկ ավելի երկար են ապրում, բնականաբար, մեծանում է նաև տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ ուռուցքների առաջացման հավանականությունը։

Միաժամանակ կարևոր է նշել, որ աճում է վաղ հայտնաբերելիությունը, իսկ մահացության ցուցանիշները նվազում են, ինչը դրական միտում է։

- Ի՞նչ կարող եք ասել իմունոթերապիայի և ժամանակակից դեղորայքային բուժման մասին։

- Այսօր դեղորայքային բուժումը չի սահմանափակվում միայն դասական քիմիոթերապիայով։ Այն ներառում է նաև թիրախային թերապիա և իմունոթերապիա։ Այս մեթոդները կիրառվում են՝ կախված հիվանդության տեսակից, փուլից և կոնկրետ դեպքից։

Յուրաքանչյուր պացիենտի համար ընտրվում է անհատական բուժման սխեմա։ Կարևոր է հասկանալ, որ «լավագույն» բուժում հասկացություն ընդհանուր իմաստով չկա. լավագույնն այն բուժումն է, որը ճիշտ է ընտրված տվյալ հիվանդի համար։

- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ բժիշկներին, որոնք ցանկանում են զբաղվել ուռուցքաբանությամբ։

- Շատ կարդալ, մշտապես սովորել, առաջնորդվել փորձառու մասնագետների օրինակով և պատրաստ լինել մեծ պատասխանատվության։ Բացի մասնագիտական գիտելիքներից, անհրաժեշտ է նաև հոգեբանական պատրաստվածություն և մեծ պատասխանատվության գիտակցում: Ուռուցքաբանությունը պահանջում է նվիրվածություն և աշխատասիրություն։ 

Հայերեն