Հայաստան

Հայաստանում ջրծաղիկով հիվանդացությունը նվազման միտում ունի․ մասնագետը ներկայացրել է պատճառները

4 րոպեի ընթերցում

Հայաստանում ջրծաղիկով հիվանդացությունը նվազման միտում ունի․ մասնագետը ներկայացրել է պատճառները

Հայաստանում ջրծաղիկով հիվանդացության ցուցանիշները 2026 թվականի առաջին ամիսներին նվազել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մասնագետների գնահատմամբ՝ միտումը պայմանավորված է հիվանդության պարբերականությամբ և պատվաստումների ներդրմամբ։

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ջրծաղիկը սեզոնայնություն և պարբերականություն ունեցող վարակիչ հիվանդություն է։

«Սեզոնայնությունը բնորոշ է աշնան, ձմռան և գարնան ամիսներին, իսկ պարբերականությունը տարիների ընթացքում ունենում է բարձրացումներ և նվազումներ, ընդ որում՝ միջպարբերական ժամանակահատվածը կազմում է 3-5 տարի: Նշեմ, որ վերջին բարձրացման փուլը դիտվել է 2024 թվականին, որից հետո արդեն արձանագրվում են նվազման միտումներ։ Այս տարի ևս այդ նվազման միտումները շարունակվում են․ եթե համեմատենք 2026 թվականի հունվար-փետրվար ամիսների տվյալները 2025 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ապա ընդհանուր բնակչության շրջանում դեպքերը նվազել են մոտ 2.7 անգամ»,- ընդգծեց  Գրիգորյանը։

Մասնագետը հավելեց, որ 0-18 տարեկանների շրջանում նվազումն ավելի մեծ է՝ շուրջ 2.8 անգամ, ինչն, ըստ նրա, վկայում է բավականին դրական համաճարակաբանական միտումների մասին։

Անդրադառնալով ընթացիկ տվյալներին՝ Գրիգորյանը նշել է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին գրանցվել է 1462 դեպք։

Սվետլանա Գրիգորյանի գնահատմամբ՝ նվազումը պայմանավորված է երկու հիմնական գործոնով, որոնցից առաջինը պատվաստումների ներդրումն է. «Դա նաև պատվաստումների ներդրումն է, որը առավելապես ազդեցություն կունենա հենց պատվաստված անձանց շրջանում»:

Նա հիշեցրել է, որ 2025 թվականի հունվարից Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցում ներառվել է ջրծաղիկի դեմ պատվաստումը՝ նախատեսված 12 ամսական երեխաների, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար։

Մասնագետի խոսքով՝ այս գործընթացն արդեն որոշակի ազդեցություն է ունեցել հիվանդացության դինամիկայի վրա, և ներկայումս աճի միտումներ չեն դիտվում, թեև դեպքերը շարունակելու են գրանցվել։ Նա նշեց, որ մինչև պատվաստումների ներդրումը տարեկան գրանցվում էր շուրջ 15-16 հազար դեպք, իսկ առաջիկա տարիներին սպասվում է ցուցանիշների նվազում՝ ինչպես պատվաստվածների, այնպես էլ ընդհանուր բնակչության շրջանում։

Խոսելով պատվաստման ենթակա խմբերի մասին՝ նա պարզաբանեց, որ պատվաստումը նախատեսված է 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների համար, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց՝ երկու դեղաչափով, առնվազն 4 շաբաթ ընդմիջմամբ։

Միաժամանակ նախատեսվում է գործընթացի փուլային ընդլայնում։ Նրա խոսքով՝ 2027 թվականին նախատեսվում է իրականացնել 4-6 տարեկան երեխաների երկրորդ դեղաչափի ներդրումը, այսինքն՝ այն անձանց համար, որոնք արդեն ստացել են առաջին դեղաչափը։

Մասնագետը կոչ  արեց ծնողներին օգտվել պատվաստման հնարավորությունից՝ նշելով, որ եթե երեխաները ծնվել են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո և դեռ չեն պատվաստվել ջրծաղիկի դեմ, ապա անհրաժեշտ է դիմել և պատվաստվել, քանի որ պատվաստումը պաշտպանում է ջրծաղիկից, որը մինչև պատվաստումների ներդրումը տարեկան հասնում էր 15-16 հազար դեպքի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում