Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-12/26. Իսահակյան, Ռուշդի, Ավագյան, Մանես

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-12/26.     Իսահակյան, Ռուշդի, Ավագյան, Մանես

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Ավետիք Իսահակյան, «Ընտրանի»

Լույս է տեսել Ավետիք Իսահակյանի «Ընտրանի»՝ գիրքը նվիրված բանաստեղծի ծննդյան 150-ամյակին։ «Ընտրանի»-ն հայ մեծ բանաստեղծի չափածո և արձակ ստեղծագործությունների համահավաքն է. երկեր, որոնք դարից ավելի սիրելի և հարազատ են մեր ժողովրդին: Գիրքը ձևավորված է հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի արվեստի գործերով: Կազմող՝ Ավիկ Իսահակյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն

Սալման Ռուշդի, «Մավրի վերջին հառաչը» 

«Մավրի վերջին հառաչը»` Սալման Ռուշդիի հինգերորդ վեպը (1995), գրողի ամենաճանաչված գործերից է, որն արժանացել է «Ուիթբրեդ» և «Արիստեյոն» հեղինակավոր մրցանակներին, ներկայացվել «Բուքեր»-ի:

Մավր մականունով Մորաիշ Զոգոյբիի ընտանիքի չորս սերնդի ոդիսականի մեջ պատմական դեպքերն ու դեմքերը վարպետորեն շաղկապված են հեղինակի անզուսպ երևակայությամբ ստեղծված սյուժետային անցուդարձի և մոլի կրքերի հետ, ամբողջ գրքում թևածում են հեգնոտ շեշտերով լի էպիկական շունչն ու մոգական ռեալիզմի ոգին: Գիրքը խենթ սամումի պես գիրկն է առնում ընթերցողին և նկարագեղ ճամփորդության տանում անճանաչ աշխարհներով:

Թարգմանությունն անգլերենից՝ Լուսինե Հակոբյանի։ Խմբագիրներ՝ Մարգարիտ Առաքելյան, Զավեն Բոյաջյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն 

Հերմինե Ավագյան, Ուլիս Մանես, «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա»

Այս նամականին գրական կամուրջ է երկու աշխարհների՝ ֆրանսիացի երաժիշտ ու լրագրող Ուլիս Մանեսի և արցախցի գրող Հերմինե Ավագյանի միջև: Մի կողմում Ուլիսի անծանոթ ու հետաքրքրասեր հայացքն է, մյուսում՝ Հերմինեի անէացած ծննդավայրը: Հերմինեն Ուլիսին իր բանաստեղծական շնչով և հուշերի նուրբ թելերով տանում է Արցախի թաքնված արահետներով. այնտեղ, որտեղ մանկության երանգներն ու հայրենի գյուղի բույրերը միախառնվում են պատերազմի մշուշին:​Այս գիրքը նաև տարեգրություն է՝ հյուսված Հերմինեի լուսավոր կարոտով և Ուլիսի՝ հայ ժողովրդի նկատմամբ սիրով: Այս զրույցն այն մասին է, թե բառն ինչպես է դառնում հայրենի տուն, երբ հողն այլևս ոտքերիդ տակ չէ, և թե երկու օտար հոգիների հանդիպումն ինչպես է վերածվում գրքի, որն ապրելու է ժամանակից դուրս ու տարածությունից անդին: Թարգմանիչ՝ Լիլիթ Բլեյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում