Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-16/26. Գրիգորյանց, Քուան, Ստարոբինեց

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-16/26. Գրիգորյանց, Քուան, Ստարոբինեց

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Գեորգի Գրիգորյանց, «Տիգրան Մեծ Ամպրոպ Արարատի վրա»

«Ամպրոպ Արարատի վրա» արկածային պատմավեպը բացահայտում է հանճարեղ ու հեռատես տիրակալ Տիգրանին, որի դերը պատմության մեջ թերագնահատված է, իսկ շատ դարերի ընթացքում պարզապես լռության է մատնվել: Հանելուկային երևույթներ, պալատական խարդավանքներ, իշխանության համար պայքար, սեր, ատելություն, ճարպկություն ու կախարդանք՝ այս ամենը գրքում է, որն արժանահավատ կերպով ներկայացնում է պատմական իրավիճակը, միահյուսվում իրադարձությունների, կրքերի և երևակայությունների անհավանական խառնաշփոթին: Բացահայտվում են հին ժամանակների առեղծվածները՝ հուզելով երևակայությունը...

«Ամպրոպ Արարատի վրա», ինչպես նաև նրա տրամաբանական շարունակությունը համարվող «Վիշապի մատանին» և «Կայսրության թալիսմանը» գրքերը նվիրված են ժամանակի ամենահզոր տերությունների՝ Հռոմի, Մեծ Հայքի ու Պարթևստանի դիմակայությանը: Ընթերցողը կհասկանա, որ պատմությունը կրկնվում է. բոլոր իրադարձությունները, որոնք կատարվում են այսօր, իրենց ակունքներն ունեն անցյալում: Եվ հնարավոր չէ սլանալ դեպի ապագա՝ առանց ճանաչելու անցյալը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն. Ռեբեկա Քուան, «Դեղնամորթը»

Ռ. Ֆ. Քուանի «Դեղնամորթը» խիստ լարված հոգեբանական թրիլլեր է ամեն գնով ճանաչման ու հռչակի ձգտող երիտասարդ գրողի մասին, որի ներաշխարհն աստիճանաբար քայքայվում է նախանձի ու ինքնարդարացման ճահճում:

Վեպի դեպքերի սրընթաց զարգացման հետ հեղինակը բացահայտում է գրահրատարակչական աշխարհի մութ կողմերը՝ միաժամանակ ընթերցողին մղելով մտորելու անհատի վրա սոցցանցային «պատերազմների» ու թրոլինգի ունեցած կործանարար ազդեցության, ժամանակակից հասարակության մեջ երկսայր սուր դարձած ռասիզմի և մշակութային բազմազանության շուրջ:

Թարգմանությունն անգլերենից՝ Արուս Մարգարյանի։ Խմբագիր՝ Մարգարիտ Առաքելյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Աննա Ստարոբինեց, «Գազան դետեկտիվ. Գայլի որջը»

Կյանքը հեռավոր Անտառում հանգիստ անվանել հնարավոր չէ. ոչ մի օր առանց հանցագործության, հետապնդումների, կասկածների ու գազանային ինտրիգների։ «Գազան դետեկտիվում» հետաքննությունը վարում են տարեց ու փորձառու քննիչ Ավագ Փորսուղը և նրա հախուռն ու ճարպիկ օգնականը՝ Փորսու կատուն։ Գրքի բոլոր հերոսները կենդանիներ են, սակայն սիրել ու ատել, ստել ու ճշմարտությունն ասել ուղիղ երեսին, վստահել ու հուսահատվել, դավաճանել ու փրկել նրանք կարողանում են ոչ պակաս, քան մենք՝ «մարդանման» ընթերցողներս։ «Գայլի որջը» Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ» շարքի առաջին գիրքն է։ Հեռավոր Անտառում սպանություն է տեղի ունեցել։ Ով է ընկեր, ով՝ թշնամի,ով է անմեղ փափկամազ զոհը, ով՝ գիշատիչը. ըստ ժանրի կանոնների՝ հանցագործը հայտնի չէ մինչև վերջին էջը։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում