Հայաստան

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է օտարերկրյա որդեգրման վերաբերյալ կարգերի մշակման ուղղությամբ աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է օտարերկրյա որդեգրման վերաբերյալ կարգերի մշակման ուղղությամբ աշխատանքները

Արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել է օտարերկրյա որդեգրումների գործընթացի կարգավորման վերաբերյալ քննարկում. ներկայացվել է կարգերի մշակման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա բացերն ու մտահոգությունները

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ նշելով, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքում 2025 թվականի հոկտեմբերի 22-ին կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել են լիազորող նորմեր, որոնց հիման վրա պետք է մշակվեն օտարերկրյա որդեգրման գործընթացի վերաբերյալ համապատասխան կարգեր։

Գերատեսչությունից ընդգծում են, որ նշված ոլորտի կարևորագույն բաղկացուցիչներից է օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունների ավտորիզացիան և դրանց ֆինանսական հոսքերի նկատմամբ պատշաճ, բազմակողմանի և թափանցիկ հսկողության գործիքակազմի սահմանումն ու իրականացումը։

Այս թեմայով 2026 թվականի մարտի 26-ին Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Դատախազության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական վերահսկողական ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ։

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանը ներկայացրել է կարգերի մշակման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա բացերն ու մտահոգությունները։ Գործընկերների հետ քննարկվել են օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունների ֆինանսական հոսքերի նկատմամբ հետագա հսկողության ուղղությամբ Արդարադատության նախարարության և պետական այլ մարմինների միջև համագործակցության հնարավորությունները, ուղղությունները և շրջանակը։

Քննարկման արդյունքում ձեռք է բերվել նոր կարգավորումների ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու և այս ոլորտում յուրաքանչյուր պետական մարմնի գործառույթները նախանշելու պայմանավորվածություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում