Մարզեր

Ամասիա համայնքում քննարկվել են «Արփի լիճ» ազգային պարկին հարակից բնակավայրերի զարգացման հեռանկարները

3 րոպեի ընթերցում

Ամասիա համայնքում քննարկվել են «Արփի լիճ» ազգային պարկին հարակից բնակավայրերի զարգացման հեռանկարները

«Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել Ամասիա համայնքի կենսաբազմազանության և ընտրված պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը՝ հաշվի առնելով դրանց բազմաֆունկցիոնալ նշանակությունը։ Այս համատեքստում Ամասիա համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտավազդ Ղուկասյանը հանդիպել է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցումը (ՖՄՄ) «Արփի լիճ» ազգային պարկին հարակից համայնքներում» ծրագրի պատասխանատուների հետ:

Նախաձեռնությունը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով և իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ու WWF Հայաստանի համատեղ ջանքերով։

«Արմենպրես»-ի թղթակցին համայնքապետարանից տեղեկացրին, որ ծրագրով նախատեսվող աջակցությունն ընդգրկում է մի քանի առանցքային ուղղություններ, այդ թվում՝ տեղական մատակարարման շղթաների զարգացումը, ինչպիսիք են սննդի ու կաթնամթերքի արտադրությունը, վայրի պաշարների օգտագործումն ու զբոսաշրջային ծառայությունների ընդլայնումը։ Զուգահեռաբար, շեշտը դրվելու է փոքր բիզնեսների ենթակառուցվածքների բարելավման վրա, ինչը ներառում է փոքր ջերմոցների, ագրովերամշակման միավորների և հավաքման կենտրոնների ստեղծում։

Կարևոր բաղադրիչ է նաև արտադրողների ու ծառայություններ մատուցողների՝ ագրոարտադրողների, ուղեկցորդների և կացարանների սեփականատերերի կարողությունների զարգացումը, ինչպես նաև կլիմայական դիմակայուն լուծումների՝ արևային ջրատաքացուցիչների, ֆոտովոլտային կայանների և ջրախնայող տեխնոլոգիաների ներդրումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև բնակավայրերում աշխատանքային խմբերի ձևավորման գործընթացը, որոնք հետագայում պետք է մշակեն համայնքային զարգացման ծրագրային առաջարկներ և մրցակցեն դրանց իրականացման համար։

Ամասիա համայնքում ծրագրի թիրախային բնակավայրերն են լինելու Ամասիա, Գտաշեն, Աղվորիկ, Ալվար, Արդենիս, Բերդաշեն, Զարիշատ, Գառնառիճ, Շաղիկ, Ծաղկուտ և Զորակերտ գյուղերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում