Իրան

ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուցով նավերն ուղեկցել, երբ դա հնարավոր լինի. Սքոթ Բեսենթ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուցով նավերն ուղեկցել, երբ դա հնարավոր լինի. Սքոթ Բեսենթ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ ամերիկյան ռազմածովային ուժերը կսկսեն Հորմուզի նեղուցով նավթի լցանավերն ուղեկցել, հենց որ նման հնարավորություն լինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Ես վստահ եմ, որ հենց դա ռազմական առումով հնարավոր դառնա, ԱՄՆ ռազմածովային ուժերը, հնարավոր է, միջազգային կոալիցիայի հետ համատեղ, կուղեկցեն նավերը», - ասել է Բեսենթը։

Նա նշել է, որ դա հնարավոր կլինի այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն հաստատի Իրանի օդային տարածքի նկատմամբ։

«Իրականում այժմ անցնում են լցանավերը, իրանական լցանավերը, կարծում եմ՝ մի քանի լցանավ անցել է չինական դրոշի ներքո։ Այսպիսով, մենք գիտենք, որ նրանք չեն ականապատել նեղուցը», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։

Հարցազրույցում Բեսենթը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ներկա դրությամբ Միացյալ Նահանգների համար արժեցել է մոտավորապես 11 միլիարդ դոլար։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել էր, որ Իրանը, հավանաբար, սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը։

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել էր խիստ միջոցներով, եթե Հորմուզի նեղուցը ականապատվի։ ԱՄՆ-ն հայտնել է մեկ տասնյակից ավելի ականապատող նավ ոչնչացնելու մասին։

Մարտի 12-ին Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները չեն վերացնի Հորմուզի նեղուցի շրջափակումը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում