Ֆինանսներ

ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ շարունակաբար ուժեղացվելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։

2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման ավելի քան 450 դեպք է արձանագրվել կամ հայտարարագրվել՝ շուրջ 69 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով։

Դրանցից շուրջ 59.5 մլն ԱՄՆ դոլարի չափով կանխիկ դրամական միջոցները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն, իսկ շուրջ 9.5 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ արտահանվել երկրից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ից հայտնում են, որ վերլուծությունները ցույց են տալիս՝ կանխիկ դրամական միջոցների զգալի մասը տեղափոխվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 10000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը գերազանցող և սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները ենթակա են հայտարարագրման:

Չնայած այն հանգամանքին, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման մասով առանձին կարգավորումներ սահմանված չեն, այնուամենայնիվ, կանխիկ դրամական միջոցների մեծածավալ տեղափոխումը պարունակում է որոշակի ռիսկեր, այդ թվում՝ ստվերային շրջանառության, փողերի լվացման, ապօրինի ֆինանսական հոսքերի կամ այլ իրավախախտումների հնարավորության հետ կապված ռիսկեր։

ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է խուսափել խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցների ֆիզիկական տեղափոխումից և հնարավորության դեպքում օգտվել բանկային փոխանցումներից, որոնք առավել անվտանգ և թափանցիկ միջոցներ են՝ ֆինանսական գործարքների իրականացման համար։

Անկախ տեղափոխման ուղղությունից` Կոմիտեն շարունակելու է հետևողականորեն իրականացնել կանխիկ դրամական միջոցների շրջանառության նկատմամբ վերահսկողությունը՝ նպաստելով ֆինանսական կարգապահության ամրապնդմանը և թափանցիկության բարձրացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում