Մանկական օրթոպեդիայի ժամանակակից մոտեցումները՝ «Ուիգմոր»-ում անցկացված միջազգային գիտաժողովի քննարկումների կենտրոնում
7 րոպեի ընթերցում
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում տեղի ունեցավ «Մանկական օրթոպեդիան գործնականում․ վերջույթների և կոնք-ազդրային հոդի խնդիրների բուժման միջազգային փորձը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր մանկական օրթոպեդիայի ոլորտի միջազգային մասնագետների` «Ուիգմոր» մասնագիտական այցի շրջանակում։
Գիտաժողովին մասնակցում էին Լոմա Լինդայի համալսարանի պրոֆեսոր, օրթոպեդ Սքոթթ Նելսոնը (ԱՄՆ) և Նյու Հեմփշիր նահանգի Մոնադնոքի հիվանդանոցի (ԱՄՆ) օրթոպեդ-վնասվածքաբան Վաչե Համբարձումյանը։ Վերջիններս ներկայացրեցին մանկական օրթոպեդիայի ժամանակակից միջազգային փորձը և քննարկեցին ոլորտի մի շարք արդիական կլինիկական մոտեցումներ։
«Այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս համադրել տեղական փորձը միջազգային լավագույն պրակտիկաների հետ։ «Ուիգմոր»-ում մեր նպատակը միայն առանձին դեպքերի քննարկումը չէ, այլ նաև այնպիսի մասնագիտական միջավայրի ձևավորումը, որտեղ բժիշկները կարող են շարունակաբար զարգացնել իրենց մոտեցումները», - նշում է մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայության պատասխանատու Վահե Յավրյանը։
Ըստ բժշկի՝ «Ուիգմոր»-ում մշտապես մեծ կարևորություն է տրվում միջազգային համագործակցություններին․
«Այսօր մեր առաջնահերթություններից է «Ուիգմոր»-ի մանկական օրթոպեդիայի թիմի շարունակական զարգացումն ու ընդլայնումը՝ միավորելով փորձառու մասնագետներին, ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումները և միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցությունը», - ընդգծում է բժիշկ Յավրյանը։
Գիտաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց մանկական օրթոպեդիայի կարևոր թեմաների՝ երեխաների վերջույթների դեֆորմացիաների շտկման համար թվային հավելվածների կիրառմանը, վերջույթի երկարության տարբերության և դեֆորմացիաների վերլուծությանը, դեֆորմացիաների եռափուլ վերլուծությունը, օստեոտոմիաներին՝ ներոսկրային ֆիքսացիայի կիրառմամբ, ինչպես նաև շյուղերի և ձողերի անցկացման ժամանակակից տեխնիկաներին և մանկական և մեծահասակների օրթոպեդիայում կիրառվող «57-ի կանոնին»։
Ըստ կազմակերպիչների՝ թեմաների ընտրությունը պայմանավորված էր մանկական օրթոպեդիայի ոլորտում այսօր առավել արդիական և գործնական նշանակություն ունեցող ուղղություններով։ Դրանք լայնորեն կիրառվում են միջազգային առաջատար կլինիկաներում, որտեղ վերջին տարիներին ակտիվորեն ներդրվում են թվային պլանավորման գործիքներ, դեֆորմացիաների ճշգրիտ վերլուծության ծրագրեր և նվազագույն ինվազիվ վիրաբուժական տեխնիկաներ։
Գիտաժողովի կազմակերպչական և մասնագիտական քննարկումների գործընթացներում ակտիվ ներգրավված էին նաև «Ուիգմոր»-ի օրթոպեդների թիմի անդամները։
«Մանկական օրթոպեդիան այն ոլորտներից է, որտեղ յուրաքանչյուր նոր տեխնոլոգիա կամ բուժական մոտեցում կարող է զգալիորեն փոխել բուժման արդյունքները։ Այդ պատճառով շատ կարևոր է մշտապես լինել միջազգային մասնագիտական համայնքի հետ ակտիվ կապի մեջ», - նշում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի օրթոպեդ-վնասվածքաբան բժիշկ Ադի Մհոյանը։
Միջազգային մասնագետները նույնպես կարևորեցին նման նախաձեռնությունները և ընդգծեցին համագործակցության նշանակությունը։
«Ժամանակակից բժշկության մեջ այսօր գոյություն ունեն նորագույն մեթոդներ՝ օգնելու բնածին դեֆորմացիաներ ունեցող երեխաներին։ Մենք կիրառում ենք վերջույթների ուղղման և հավասարեցման ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք իրական փոփոխություններ են բերում երեխաների կյանքում։ Երբեմն այդ խնդիրների պատճառով երեխաները խուսափում են դպրոց գնալուց կամ սոցիալական միջավայրից, սակայն այսօր մենք հնարավորություն ունենք փոխելու այդ իրավիճակը», - նշում է մանկական օրթոպեդ Սքոթթ Նելսոնը (ԱՄՆ)։
Իր հերթին օրթոպեդ-վնասվածքաբան Վաչե Համբարձումյանն ընդգծեց.
«Գիտաժողովի ընթացքում քննարկեցինք տարբեր վիրահատական միջամտություններ և կլինիկական դեպքեր, որոնք իրականացվել էին Միացյալ Նահանգներում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Նման հանդիպումները հնարավորություն են տալիս այդ փորձը ներկայացնել և փոխանցել գործընկերներին», — նշել է բժիշկ Համբարձումյանը։
Դոկտոր Ադի Մհոյանի խոսքով՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը կարևոր դեր ունի նաև Հայաստանի մասնագիտական համայնքի զարգացման համար։
«Գիտաժողովի մեր խոսնակները ոլորտի առաջատար մասնագետներից են, և այն ուղղությունները, որոնք մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանում, օրինակ՝ կոնքի վերականգնողական վիրահատությունները կամ վերջույթների դեֆորմացիաների շտկման նորագույն մեթոդները, մեր ամերիկացի գործընկերներն արդեն մեծ փորձով են կիրառում։ Նրանք աշխատում են ավելի մեծ պոպուլյացիայի հետ և ունեն լայն կլինիկական փորձ, որով կարող են կիսվել մեր մասնագետների հետ», - նշում է բժիշկ Մհոյանը։
«Մանկական օրթոպեդիան գործնականում» գիտաժողովը ներկայացվել էր շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտավորման, և մասնակիցներին տրամադրվել է 6 ՇՄԶ կրեդիտ։