Հայաստանի պետական կամերային նվագախումբն ուժեղ կազմ ունի. Վահագն Պապյանը կոլեկտիվի հետ հավակնոտ ծրագրեր կյանքի կկոչի

8 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը մի քանի տարվա ընդմիջումից հետո գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար ունի։ Այդ կարևոր պատասխանատվությունը ստանձնել է անվանի դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանը։ Նա մշտապես հանդես է գալիս Հայաստանում, սակայն լայն գործունեություն է ծավալում արտերկրում՝ ղեկավարելով տարբեր նվագախմբեր, հանդես գալով հեղինակավոր բեմերում։

Դիրիժորը մեծ ակնկալիքներ ունի նվագախմբից և խոստանում է անել ամենը, որ այն նոր բարձունքներ նվաճի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված հանդիպմանը Պապյանը հիշեցրեց, որ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ առաջին ելույթը տեղի է ունեցել 1984 թվականին. Ռուբեն Ահարոնյանն է նրան հրավիրել նվագախմբի համերգը ղեկավարելու։

«Աշխատում էի ներկայիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում, որն այն ժամանակ կոչվում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ։ Կամերայինի այն ժամանակվա կազմն այսօր չկա, բայց ավանդույթները պահպանվել են։ Մինչ օրս այստեղ պրոֆեսիոնալներ են աշխատում։ Անցել է ավելի քան քառասուն տարի, և նվագախումբը ուժեղ կազմ ունի։ Երկու հանգամանք ինձ ոգեշնչեցին ղեկավարել այն՝ կարող եմ հայերենով շփվել երաժիշտների հետ, ձեզնից ոչ ոք դրա գինը չգիտի, և նվագախումբը լավն է»,-ասաց դիրիժորն ու հավելեց՝ նվագախմբի ծրագրերը կընդլայնվեն, որոշ փոփոխություններ կարվեն։

Նա ընդգծեց, որ նվագախումբը ոչ միշտ է եղել լարային, և պետք է համալրվի կամերային նվագախմբին բնորոշ փողային կազմով, ինչի արդյունքում նվագացանկը կհամալրվի։ Պատրաստում են հետաքրքիր ծրագրեր, որոնցում ընդգրկված կլինեն և՛ հատուկ նախագծեր, և՛ ավանդական, և՛ հայ դասական, և՛ ժամանակակից ստեղծագործողների կներկայացնեն՝ բավականին բծախնդիր ընտրությամբ։

Պապյանը չնշեց, թե ինչ կոմպոզիտորների գործեր են ներկայացնելու, սակայն հիշեցրեց, որ վերջերս կատարել են Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիան, և այդ քաղաքականությունն անկասկած շարունակելու են։ Դիրիժորն այլ նվագախմբի հետ հոկտեմբերին Իսրայելում հայկական երաժշտության երեք համերգով է հանդես գալու։ Նախաձեռնությունն իսրայելական կողմինն է։

Անդրադառնալով դաշնակահարի գործունեությանը՝ Պապյանը շեշտեց, որ երկար տարիներ նվագելու ընթացքում միայն ութ տարի չի նվագել, երբ նոր է սկսել զբաղվել դիրիժորությամբ։ 1986 թվականից ակտիվացրել է դաշնակահարի գործունեությունն ու դեռ ուժ ունի, չի պատրաստվում հրաժարվել նվագելուց։ Նախատեսում է նվագախմբի հետ հանդես գալ որպես դաշնակահար, նվագել կամերային գործեր, ինչը հնարավորություն կտա առավել լավ ճանաչել երաժիշտներին։

Շատ տարիներ առաջ ականավոր դիրիժոր Վալերի Գերգիևը, որը ղեկավարել է Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Պապյանին առաջարկել է աշխատել իր հետ որպես նվագախմբի երկրորդ դիրիժոր։ Մի առիթով Գերգիևն ասել է, որ հայ երաժիշտներին ղեկավարելը բավականին բարդ է։

«Գերգիևն իմ առաջին դասատուն է եղել։ Նա ինձ պատրաստել է կոնսերվատորիա ընդունվելու։ Հաճախ ենք ասում չէ՞, որ մեր երկրում բոլորը վարչապետ են։ Գերգիևը դա նկատի ուներ, երբ ասում էր, որ դժվար է հայկական նվագախումբ ղեկավարել, որովհետև մեր նվագախմբերում ամեն մեկն ունի իր կարծիքը։ Այդ տարիներին երաժիշտների ու Գերգևի միջև կիսահումորային խոսակցություն կար. երաժիշտները նրան ասում էին. «Մաեստրո՛, եթե դու ղեկավարում ես հայկական նվագախումբ, աշխարհում ամեն նվագախումբ կարող ես ղեկավարել»։ Դա Գերգիևը հաճույքով է հիշում։ Տեղի բոլոր նվագախմբերին լավ ծանոթ եմ, և բոլորն աշխատում են  աշխարհում ընդունված կանոններով, նվագախմբերը լավ վիճակում են, բարձր են պահում նշաձողը։ Կրկնում եմ՝ ինձ համար ամենակարևորը երաժիշտների հետ հայերեն խոսելն է»,-շեշտեց Վահագն Պապյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Պապյանի նշանակումը նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնում կարևոր իրադարձություն է համարում։ Նրա խոսքով՝ նման կոլեկտիվները չեն կարող երկար մնալ առանց մշտական ղեկավարի և բավարարվել այս կամ այն ծրագրի շրջանակում տարբեր դիրիժորների հետ համագործակցությամբ։ Մշտական դիրիժորը զարգացման նոր հեռանկարներ է բացում նվագախմբի առաջ։

Դանիելյանը շնորհակալություն հայտնեց Պապյանին՝ նշելով, որ նրան մեծ աշխատանք է սպասվում։ Փոխնախարարը շեշտեց, որ Պապյանը հրաշալի դաշնակահար ու դիրիժոր է, որը  լայն ճանաչում ունի արտերկրում, որտեղ բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր է իրականացնել։

«Նա նաև հրաշալի մարդ է, և նվագախմբի հետ նրա առաջին շփումները շատ դրական են եղել։ Նվագախմբի երաժիշտները ևս ոգևորված են»,-վստահեցրեց նախարարի տեղակալը։

Փոխնախարարը ևս անդրադարձավ հայ հեղինակների գործերի կատարմանն ու նշեց, որ դա պետական քաղաքականության կարևոր մաս է։

«Մենք պետք է զարգացնենք հայ կոմպոզիտորական արվեստը՝ կատարելով դասականներին, երիտասարդ ստեղծագործողներին էլ խրախուսելով կամերային ժանրում աշխատել։ Երբ կոմպոզիտորները տեսնում են նվագախմբի ակտիվությունը, կատարման որակը, ոգևորվում են ու նոր գործեր գրում, որոնք նվագախմբին տրամադրելու հանձնառություն  են ստանձնում»,-ասաց նա։

Մարտի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված համերգով, որը, որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, առաջին անգամ կղեկավարի Վահագն Պապյանը։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնաճյուղի ղեկավար Ֆելիքս Բաբուրյանը տեղեկացրեց՝ մարտի 11-ին կայանալիք համերգային ծրագիրը մարտի 12-ին ներկայացնելու են Վանաձորում, իսկ մարտի 28-ին մաեստրո Հմայակ Դուրգարյանի հետ Գյումրիում ներկայացնելու են Վիվալդիի «Տարվա եղանակներ»-ը։ Ֆրանկոֆոնիայի շրջանակում համերգ է նախատեսվում նաև ապրիլի 30-ին։ 

Նա ընդգծեց, որ մաեստրո Վահագն Պապյանի գլխավորությամբ նվագախումբը նոր ստեղծագործություններ է ներկայացնելու՝ հավատարիմ մնալով իր կարևորագույն առաքելություններից մեկին՝ ներկայացնել հայկական երաժշտությունը Հայաստանում և արտերկրում։ 

Վահագն Պապյան

Վահագն Պապյան

Վահագն Պապյան

Վահագն Պապյան

Վահագն Պապյան, Ֆելիքս Բաբուրյան

Դանիել Դանիելյան

Վահագն Պապյան, Ֆելիքս Բաբուրյան

Գարեգին Սարգսյան, Դանիել Դանիելյան, Վահագն Պապյան, Ֆելիքս Բաբուրյան

Գարեգին Սարգսյան, Դանիել Դանիելյան

Վահագն Պապյանը ծնվել է 1956 թվականին Երևանում՝ արվեստագետների ընտանիքում։ Նրա հայրը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանը և մայրը՝ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ամալյա Բայբուրյանը, մեծ ազդեցություն են ունեցել ապագա երաժշտի գեղարվեստական ձևավորման վրա՝ մանկուց նրան շրջապատելով արվեստի և մշակույթի մթնոլորտով։

Ստանալով հիմնարար երաժշտական կրթություն՝ նա ավարտել է Երևանի Պ Ի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը։ Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Պ Ի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ դաշնամուրի բաժնում, որտեղ կատարելագործել է իր կատարողական վարպետությունը և ձևավորվել որպես պրոֆեսիոնալ դաշնակահար։ Դիրիժորական արվեստի խորացված ուսումնասիրության նպատակով նա նաև ավարտել է Սանկտ Պետերբուրգի (այն ժամանակ՝ Լենինգրադի) պետական կոնսերվատորիան՝ ստանալով դիրիժորի մասնագիտություն։

Հայերեն