Մանկական սրտաբուժության ընդլայնումից մինչև սրտի փոխպատվաստման ներդրում. Նորք-Մարաշ ԲԿ տնօրենը կենտրոնի առաջիկա ծրագրերի մասին
11 րոպեի ընթերցում

Երբ աշխարհում սրտաբանությունը զարգանում է վայրկյանների արագությամբ, Հայաստանի առաջատար սրտաբանական կենտրոնը փորձում է ոչ միայն հետ չմնալ, այլև համընթաց քայլել։ Ավելի քան երեք տասնամյակ հազարավոր կյանքեր փրկած Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը կանգնած է նոր փուլի շեմին. նոր տեխնոլոգիաների ներդրում, մանկական սրտաբանական նոր մասնաշենք, բացառիկ ու կյանք փրկող վիրահատություններ, սրտի փոխպատվաստման իրատեսական հեռանկարներ և առողջապահության համակարգային փոփոխություններ:
Կենտրոնի զարգացման ռազմավարության, նոր տեխնոլոգիաների ներդրման, սրտի փոխպատվաստման հեռանկարների, ինչպես նաև ոլորտի հիմնական մարտահրավերների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ:

- Պարոն Ադամյան ինչպե՞ս կգնահատեք «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ներկայիս դերը Հայաստանի առողջապահական համակարգում։
-Կենտրոնը ավելի քան 30 տարի գործունեություն է ծավալում Հայաստանում և այս տարիների ընթացքում հազարավոր կյանքեր է փրկել։ Եթե գնահատելու լինեմ մեր դերը, այն կհամեմատեմ առողջապահության «փարոսի» հետ՝ հատկապես սրտային վիրաբուժության, մանկական սրտային վիրաբուժության, ինվազիվ առիթմոլոգիայի և անոթային վիրաբուժության ոլորտներում։
Այս ուղղություններով մենք առաջատար ենք և մշտապես նորամուծություններ ենք բերում Հայաստան։ Բազմաթիվ բարդ դեպքեր, որոնք տարբեր կլինիկաներում վերջնական լուծում չեն ստանում, իրենց ավարտական բուժումը գտնում են հենց մեր կենտրոնում։ Սա գովասանք չէ, այլ իրականություն։

- Ի՞նչ ռազմավարությամբ է այսօր զարգանում կենտրոնը, և որո՞նք են առաջիկա տարիների առաջնահերթությունները։
-Մեր ռազմավարության առանցքը բժշկության շարունակական զարգացումն է։ Աշխարհում բժշկությունը օրեցօր զարգանում է, և մենք փորձում ենք նոր տեխնոլոգիաները, սարքավորումները և մեթոդները հնարավորինս արագ ներմուծել Հայաստան ու կիրառել մեր պրակտիկայում՝ ի շահ պացիենտների։
Առաջիկա 2-3 տարիների կարևորագույն ծրագրերից է մանկական սրտաբանական նոր մասնաշենքի կառուցումը։ Վերջին շրջանում մանկական սրտային արատների քանակն աճել է, և գործող հզորությունները երբեմն բավարար չեն։ Նոր շենքում նախատեսվում է ունենալ ախտորոշիչ բաժին, վիրահատարաններ, մանկական վերակենդանացման բաժանմունք և ստացիոնար ծառայություն։
Մեր պլաններում է նաև արհեստական սրտի ծրագրի ներդրումն ու կիրառման ընդլայնումը։ Փորձ ունենք, սակայն աշխարհում դրա կիրառությունն ավելի լայն է, և Հայաստանում ևս պահանջարկը մեծանում է։
Առաջիկայում նաև նախատեսում ենք ընդլայնել և զարգացնել անոթային վիրաբուժությունը, քանի որ վերջին տարիներին ստորին վերջույթների անոթային խցանումները և վերջույթ փրկող միջամտությունների անհրաժեշտությունը մեծացել է:

- Ի՞նչ փոփոխություններ են սպասվում առողջապահական համակարգում, և ինչպե՞ս են դրանք անդրադառնալու կենտրոնի վրա։
-Առաջիկա փոփոխությունները հիմնականում կապված են առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հետ։ Պետք է ադապտացվենք նոր իրողություններին։ Դիմողների թիվը զգալիորեն աճել է, և մեր խնդիրն է ապահովել բարձրորակ բուժօգնություն՝ չնայած մեծ ծանրաբեռնվածությանը։
-Ինչպե՞ս եք պատկերացնում կենտրոնի դիրքը տարածաշրջանային շուկայում առաջիկա հինգ տարիներին։
-Եթե խոսում ենք տարածաշրջանի մասին, ապա պետք է արձանագրեմ, որ հարևան երկրները վերջին տարիներին լուրջ առաջընթաց են արձանագրել։ Մեր նպատակն է պահպանել մեր դիրքը և շարունակաբար զարգանալ։
Համընդհանուր ապահովագրության համակարգը կարող է խթան հանդիսանալ զարգացման համար։ Սակայն պետք է հաշվի առնել, որ նոր մեթոդիկաները և տեխնոլոգիաները չափազանց ծախսատար են։ Այդուհանդերձ, աշխատելու ենք առնվազն պահպանել մեր ներկայիս դիրքը և քայլ առ քայլ առաջ շարժվել։

-Ի՞նչ նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ են ներդրվել կենտրոնում։
-Վերջին տարիներին ակտիվորեն զարգացրել ենք լապարոսկոպիկ և թորակոսկոպիկ սրտային վիրաբուժությունը։ Կատարում ենք մինիմալ ինվազիվ՝ փոքր կտրվածքով բարդ վիրահատություններ, որոնք պացիենտի համար ավելի քիչ տրավմատիկ են և ապահովում են արագ վերականգնում։ Վերջերս սկսել ենք իրականացնել փոքր կտրվածքով շունտավորման վիրահատություններ։
Անոթային վիրաբուժության ոլորտում ներդրվել է միջամտության նոր մեթոդ, որը Հայաստանում կիրառվում է միայն մեր կենտրոնում։ Այն թույլ է տալիս հատուկ գործիքի միջոցով մաքրել անոթի ներսը՝ առանց ստենտավորման անհրաժեշտության։
Առիթմոլոգիայի ոլորտում ձեռք ենք բերել նոր սարքավորումներ, որոնք քարտեզագրման միջոցով հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ հայտնաբերել առիթմիայի ծագման օջախը և այրման (աբլացիայի) միջոցով ամբողջությամբ վերացնել այն։

-Կենտրոնում իրականացվո՞ւմ են բացառիկ վիրահատություններ։
-«Բացառիկ» բառը գուցե հնչի բարձրագոչ, սակայն Հայաստանի մասշտաբով մենք իրականացնում ենք եզակի միջամտություններ՝ հատկապես մանկական սրտային վիրաբուժության, մինիմալ ինվազիվ վիրահատությունների և մանկական առիթմոլոգիայի ոլորտներում։
Բացի այդ, միայն մեր կենտրոնում է իրականացվում աորտալ փականի տեղադրում ինվազիվ ճանապարհով, որն իրականացվում է կենտրոնի մասնագետների կողմից՝ առանց արտասահմանցի բժիշկների ներգրավման: Սա մեծ ձեռքբերում է, քանի որ նման սարքերի տեղադրումը պահանջում է բարձր փորձառություն և արտադրողի կողմից հատուկ թույլտվություն։ Այսօր այդ վստահությունը մենք արտասահմանյան արտադրողների կողմից ունենք։

-Սրտի փոխպատվաստումը որքանո՞վ է իրատեսական Հայաստանում։
-Մեր երազանքն է սրտի փոխպատվաստումը ներդնել Հայաստանում և կարող եմ ասել, որ մասնագիտական առումով մենք պատրաստ ենք։ Վիրահատությունն ինքնին տեխնիկապես հնարավոր է իրականացնել մեր մասնագետների կողմից։ Սակայն կան օրենսդրական և կազմակերպչական խնդիրներ, ինչպես նաև հետվիրահատական երկարատև և թանկարժեք բուժման հարցեր, որոնք դեռևս լուծման կարիք ունեն։ Կարծում եմ՝ համապատասխան պայմանների ապահովումից հետո մի քանի տարվա ընթացքում Հայաստանում հնարավոր կլինի իրականացնել սրտի փոխպատվաստում։
-Արհեստական բանականության կիրառման ի՞նչ ծրագրեր կան։
-Արհեստական բանականությունն արդեն լայնորեն կիրառվում է աշխարհում՝ հատկապես ախտորոշման և բուժման տակտիկայի մշակման հարցում։ Մենք մասնակցել ենք նաև հետազոտական ծրագրերի, մասնավորապես էլեկտրոսրտագրության տվյալների մշակման ուղղությամբ։ Ժամանակակից բժշկությունն արդեն անհնար է պատկերացնել առանց այս գործիքների։

- Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մասնագետների պահպանման և վերապատրաստման ուղղությամբ։
-Բարձրակարգ մասնագետների պահպանման կարևոր գործոններն են առողջ աշխատանքային միջավայրը և մրցունակ ֆինանսական պայմանները։ Մեր կենտրոնում աշխատավարձերը մրցունակ են։
Բացի այդ, բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են արտասահմանյան կլինիկաներում, մասնակցում միջազգային և տեղական կոնգրեսների։ Մենք ունենք ընկերներ, գործընկերներ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Ռուսաստանում, որոնց հետ համագործակցությունը նպաստում է մասնագիտական աճին։ Նրանց միջոցով իրականացվում են մեր մասնագետների շարունակական վերապատրաստումները: Վերջերս մեր մասնագետներից երկուսն ԱՄՆ-ում անցան վերապատրաստում մանկական ռեանիմացիայի գծով, իսկ Մոսկվայում՝ անոթային վիրաբուժության գծով վերապատրաստում: Իսկ կոնգրեսների ժամանակ, հանդիպելով մեր կոլեգաներին, նույնպես զարգացնում ենք մեր ամենօրյա հմտությունները և դրանք կյանքի կոչում Հայաստանում:
Բացի դա, նաև իրականացնում ենք ֆելոուշիփ ծրագիրը. այն հետդիպլոմային մասնագիտացված կրթության կարևոր փուլ է, որի մեկնարկը Հայաստանում տրվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Երկամյա ծրագրի ընթացքում մասնակիցները խորացնում և ամրապնդում են իրենց մասնագիտական գիտելիքները գործնական ակտիվ աշխատանքի միջոցով․ իրականացնում են հերթապահություններ, կատարում էխոսրտագրական հետազոտություններ, ներգրավվում կլինիկական քննարկումներում և մասնակցում գիտաժողովների՝ շարունակաբար զարգացնելով իրենց տեսական և գործնական հմտությունները։
Հպարտությամբ կարող եմ ընդգծել, որ մեր կենտրոնում ֆելոուշիփն ավարտած բազմաթիվ մասնագետներ այսօր իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում ինչպես Հայաստանի առաջատար բժշկական հաստատություններում, այնպես էլ արտասահմանյան հեղինակավոր կլինիկաներում՝ արժանապատվորեն ներկայացնելով մեր դպրոցը։

-Կա՞ն պետական ծրագրեր, որոնցում կենտրոնն ակտիվորեն ներգրավված է:
-Պետական ծրագրերի շրջանակում կենտրոնը ներգրավված է սրտաբանական ուղեցույցների մշակման, պտղի սրտի էխոկարդիոգրաֆիայի ծրագրի իրականացման և սրտամկանի ինֆարկտի բուժման պետական ծրագրերում։
Ինչպես նաև նախորդ տարվանից ինտենսիվ աշխատում ենք ՀՀ առողջապահության նախարարության հետ առողջապահական համընդհանուր ապահովագրություն շրջանակում: Մեր կլինիկայում են աշխատում առողջապահության նախարարի երկու խորհրդական, որոնց հետ մշակում ենք ծրագրեր ամբողջ Հայաստանի համար ընդհանուր զարգացում ապահովելու համար։

- Որո՞նք են ոլորտի հիմնական մարտահրավերները։
-Ամենամեծ մարտահրավերը ֆինանսականն է։ Նոր տեխնոլոգիաները և սարքավորումները չափազանց թանկ են, և ոչ բոլոր քաղաքացիներն ունեն հնարավորություն օգտվելու դրանցից։ Համընդհանուր ապահովագրությունը կարևոր քայլ է, սակայն այն դեռևս չի կարող ամբողջությամբ լուծել բարձրարժեք բժշկական միջամտությունների ֆինանսավորման խնդիրը։

- Ո՞րն է Ձեր հիմնական ուղերձը կենտրոնի զարգացման վերաբերյալ։
-Մեր ուղերձը հստակ է՝ նորարարական բժշկություն, շարունակական մասնագիտական կրթություն, նոր մեթոդների ներմուծում և հայկական սրտաբուժության համահունչ զարգացում համաշխարհային բժշկության հետ։
