Հայաստանը եվրոպական մայրցամաքի քաղաքական բեմահարթակում սկսել է կարևոր նշանակություն ունենալ. Արայիկ Հարությունյանի հարցազրույցը

27 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մանրամասն անդրադարձ է կատարել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում գրանցված ձեռքբերումներին, ընթացիկ տարում Հայաստանում անցկացվելիք միջազգային լայնամասշտաբ և բարձրաստիճան գագաթնաժողովների անցկացմանն ու կազմակերպչական աշխատանքներին, այդ համատեքստում սպասվող բարձրաստիճան այցերին, ինչպես նաև համապետական նախընտրական պայքարին վերաբերող մի շարք հարցերի։

«Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Արայիկ Հարությունյանը խոսել է նաև հարևան Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում տիրող իրադրության մասին՝ մատնանշելով, որ ՀՀ կառավարությունն այս իրադարձությունների տարբեր սցենարներին արձագանքելու համար ունի մշակված անհրաժեշտ մեխանիզմներ։

- Երևանն այս տարվա մայիսին դառնալու է աշխարհի քաղաքական քարտեզի հիմնական ուղղություններից մեկը. Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Ինչպե՞ս է երկիրը պատրաստվում այդ կարևորագույն քաղաքական իրադարձությանը: Արդյոք այս պահին կա՞ հստակություն, թե որ պետությունների ղեկավարներն են մասնակցելու գագաթնաժողովին: Ո՞րն է լինելու այս գագաթնաժողովի հիմնական ուղերձը:

- Շատ ճիշտ նշեցիք․ մայիսի առաջին օրերին՝ 3-ին, 4-ին, Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը, որի մասին հայտնի դարձավ նախորդ տարի՝ գարնանը։ Եվ մենք հենց այդ ժամանակվանից նախապատրաստվել ենք։ Այս պահին արդեն, այսպես ասած, բուն նախապատրաստական փուլն է, որովհետև ընտրվել է կազմակերպությունը, որն իրականացնելու է բուն աշխատանքը, և գագաթնաժողովը տեղի է ունենալու Մարզահամերգային համալիրում։ Մոտ 50 երկրների ղեկավարներ և միջազգային կազմակերպությունների տնօրեններ, ղեկավարներ, գլխավոր քարտուղարներ ներկա են գտնվելու այդ գագաթնաժողովին։ 

Այս ընտրությունն, ըստ էության, մեկ բանի մասին է խոսում, որ Հայաստանն առնվազն եվրոպական մայրցամաքի քաղաքական բեմահարթակում սկսել է կարևոր նշանակություն ունենալ, և այդ պատճառով է, որ նման պատասխանատու և մեծ միջոցառման անցկացման իրավունքը տրվել է Հայաստանի Հանրապետությանը։ Սա շատ բանի մասին է խոսում․ մենք եվրոպական բոլոր ղեկավարներին այստեղ հյուրընկալելու ենք։ Թվի մասին այս պահին չեմ կարող ասել, որովհետև դեռ գրանցումներն են տեղի ունենում, բայց մենք ակնկալում ենք, որ նախորդ գագաթաժողովների տրամաբանությամբ՝ բոլորը կամ առնվազն մեծամասնությունը կմասնակցեն։ Ինչքան գիտեմ, բոլորը չէ, որ բոլոր գագաթնաժողովներին մասնակցում են, բայց մեծամասնությունը կմասնակցի։ Համենայնդեպս, գրանցումները, որ հիմա տեղի են ունենում, խոսում են այն մասին, որ, այո՛, մենք այդպիսի պատկեր ենք ունենալու։ Քաղաքական, միջազգային հարաբերությունների բոլոր առումներով սա շատ հստակ ուղերձ է նաև տարածաշրջանային վերջին զարգացումների առումով։ Այն, որ Հայաստանի շուրջ, տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն, և այս խաղաղությունն, ըստ էության, պետք է փայփայել, զարգացնել․ այն հնարավորություններ է ստեղծել, այդ պատճառով նաև մեծ պետությունների ղեկավարներն այցելում են Հայաստան։ Մենք ունենալու ենք նաև պաշտոնական, պետական այցեր, սակայն դրանց թվի մասին այս պահին կդժվարանամ ասել, բայց առնվազն մեկը ունենք՝ արդեն հաստատված, և նաև այդ ուղղությամբ ենք աշխատում։ Այսինքն, սա հնարավորություն է նաև երկկողմ հարաբերությունները զարգացնելու առումով։

- Եվրոպական լիդերների հանդիպմանը կհաջորդի Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը. մեկ հարկի տակ կհավաքվեն Եվրամիության բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ապագան: Ի՞նչ հիմնական հարցեր են լինելու այդ հանդիպման օրակարգում, և ինչպե՞ս է մեր երկիրը տեսնում իր եվրոպական հեռանկարները:

- Գիտեք, որ նախորդ տարի մենք համապատասխան օրենքն ենք ընդունել Ազգային ժողովում, բացի այդ, մենք շատ մեծ օրակարգ ունենք Եվրամիության հետ, այդ ուղղությունը մեզ շատ հետաքրքիր է, որովհետև մենք գործ ունենք մի միության հետ, որտեղ սահմանված են շատ բարձր ստանդարտներ, և Հայաստանը ձգտում է որպես պետություն համապատասխանել այդ ստանդարտներին, և առնվազն այս մակարդակով հարաբերությունները Եվրամիության հետ բխում են Հայաստանի Հանրապետության շահերից։ Բացի այդ, նաև այս տարիներին մի շարք ուղղություններով բավականին մեծ աշխատանք է կատարվել, օրինակ՝ վիզաների ազատականացման ուղղությամբ, և կարծում եմ, որ այդ թեման նույնպես կլինի օրակարգային, և նմանատիպ շատ հարցեր՝ տնտեսական, հումանիտար համագործակցության։ Այսինքն, բոլոր այն ուղղությունները, որոնց մասին մենք տարիներ շարունակ հայտարարել ենք, որոնց ուղղությամբ աշխատանք է տարվել, այդ գագաթնաժողովը հնարավորություն է՝ ամփոփելու դրանք և նախանշելու զարգացման նոր հնարավորությունները։

- Այս կարևոր քննարկումներից անմիջապես հետո Հայաստանում ներքաղաքական գործընթացները կթևակոխեն նախընտրական քարոզչության փուլ: Օրերս Դուք հայտարարեցիք, որ «ընտրությունների հուսալի և վստահելի կազմակերպումը Հայաստանի կառավարության հիմնարար և շարունակական քաղաքական հանձնառությունն է»: Որո՞նք են այդ հանձնառության կյանքի կոչման ճանապարհին հիմնական անելիքները: Ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում այդ գործընթացում: 

- Ես դա ասել եմ ՄԱԿ-ի զարգացման գործակալության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Մենք հիմա մի ֆորմատ ունենք ՄԱԿ-ի և միջազգային գործընկերների հետ՝ զարգացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարողությունները։ Դուք գիտեք, որ թե՛  2018 թվականի, թե՛ 2021-ի համապետական ընտրությունները միջազգային բոլոր կառույցների կողմից համարվել են միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող, և մենք հանձնառություն ունենք, որ 2026 թվականի ընտրություններն առնվազն չզիջեն 2018 և 2021 թվականի ընտրություններին՝ մեկ քայլ ավելի լինելով դեպի ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, ամրապնդումը։ Եվ պատահական չէ նաև այն, որ այն գումարը, որը սահմանված է այդ կարողությունների զարգացման համար, միջազգային կազմակերպությունների հետ միասին նաև կիսում է Հայաստանի Հանրապետությունը, որը նաև իր ներդրումն է ունենալու։ Ի՞նչ մարտահրավերների ենք բախվելու․ այնպիսի մարտահրավերների, որ ընտրություններից առաջ գոնե վերջին տարիներին բախվում են շատ երկրներ։ Դրանք հիբրիդային սպառնալիքներն են, որոնց միջոցով փորձ է արվելու որոշակի ներգործություն ունենալ ընտրությունների վրա, ապատեղեկատվությունն է և կիբերհարձակումներն են։ Բոլոր այս ուղղություններով մենք հիմա աշխատանք ենք տանում նաև մեր միջազգային գործընկերների հետ այն առումով, որ ամրապնդենք մեր ինստիտուտները։ Եվ ոչ միայն այս ընտրություններին, այլև ապագայում էլ դրանից հետո ստեղծենք մեխանիզմներ, որոնցով այդ ինստիտուտները կկարողանան արդյունավետ դիմագրավել այդ սպառնալիքներին։ Այդ սպառնալիքները նոր են մարդկության և պետությունների համար և պետք է սովորել դրանց դեմ պայքարել ու թույլ չտալ, որպեսզի դրանք որևէ ազդեցություն ունենան պետության բնականոն զարգացման և ներպետական զարգացումների վրա։ Իհարկե, մեծ սպառնալիք կամ նմանը կարող է դիտվել հնարավոր ֆինանսական ներգործությունները ընտրությունների ժամանակ։ Մենք առնվազն մամուլից կամ տարբեր տեղերից նման ազդակներ ստանում ենք, բայց նաև այստեղ էլ եմ վստահ, որ մեր համապատասխան մարմինները հետևում են այդ տեղեկություններին կամ լուրերին և իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնում են գործողություններ, որպեսզի նման հնարավորությունները կանխեն և թույլ չտան, որովհետև, այնուամենայնիվ, դա նույնպես բավականին մեծ սպառնալիք է ընտրությունների համար և ընտրությունների լեգիտիմության համար։

- Իսկ ո՞րն է լինելու նախընտրական պայքարում ձեր քաղաքական ուժի մարտավարությունը: Առաջ անցնելով՝ նաև խոսենք ակնկալվող արդյունքների մասին և կախված այդ արդյունքներից՝ հավանական համագործակցության ի՞նչ հնարավորություններ եք դիտարկում այլ ուժերի հետ: 

- «Քաղաքացիական պայմանագիր»-ը ունի որոշում, որ գնում է՝ ստանալու ժողովրդի լիակատար քվեն, որովհետև այս տարիներին ահռելի աշխատանք է կատարվել շատ ուղղություններով։ Ե՛վ մարտավարության, և՛ ռազմավարության մասին մենք ավելի շատ կխոսենք ընտրություններին մոտ, բայց հիմա արդեն նշմարվում է, որ մենք այնքան բան ենք արել այս ընթացքում, որ բավականին դժվար է լինելու նույնիսկ այդ մեկամսյա նախընտրական փուլում այդ ամենը ներկայացնել և կոմունիկացնել մեր հանրության հետ։ Բայց նաև ասելիք կունենանք ապագայի հետ կապված, և հիմնական ասելիքներից մեկը, բնականաբար, լինելու են այն զարգացումները, որոնց հիմքը դրվել է վերջին տարիներին, մասնավորապես, խաղաղության ամրապնդման, անվտանգության ամրապնդման, կայունության ամրապնդման հետ կապված, որովհետև կայունությունը շատ կարևոր գրավական է տնտեսական զարգացման համար։ Բնականաբար, խոսելու ենք նաև մեր տնտեսական, սոցիալական ծրագրերից, որոնք իրականացրել ենք, իրականացնում ենք և իրականացնելու ենք, և բնականաբար, մեր հանրության բարեկեցության խնդիրների մասին և դրանց լուծումների մասին։

- Նախորդ ամիս Դուք հանդիպումներ էիք ունենում Միացյալ Նահանգներում: Ինչպե՞ս կամփոփեք հայաշատ համայնքներում Ձեր այդ հանդիպումների արդյունքները:

- Ես ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցի հետ եմ այցելել Հարավային Կալիֆոռնիա, որն ամենամեծն է հայերի թվով, և այցելության նպատակը մեկն էր՝ ներկայացնել մեր ծրագրերը, շփվել մեր հայրենակիցների հետ, որովհետև, մեր տպավորությամբ, ապատեղեկատվության չափաբաժինն այնտեղ բավականին մեծ էր, և այդ նեգատիվը որոշակիորեն ազդում էր նաև մեր տեղեկատվական դաշտի վրա։ Մենք այցելեցինք այնտեղ, բազմաթիվ հանդիպումներ ունեցանք մեր հայրենակիցների, տարբեր շրջանակների հետ․ դրանք կլինեն և՛ հանրային քաղաքական գործիչներ, և՛ բիզնես շրջանակներ, շուրջ մեկ տասնյակ հարցազրույցներ տարբեր հեռուստաալիքներով, ինչը միտված էր հենց այդ նեգատիվը պարպելուն և Հայաստանի իրական իրողությունները ներկայացնելուն։ Իհարկե, մեր մտքում կամ մեր դիտարկումներում ունեինք, բայց հերթական անգամ արձանագրեցինք, որ իրականում մենք գործ ունենք կազմակերպված ագրեսիվ փոքրամասնության հետ, որը տարածում է այդ ապատեղեկատվությունը, իսկ մեծամասնությունը հիմնականում տիրապետում է այն դրական միտումներին կամ հնարավոր դրական զարգացումներին, որոնք կան Հայաստանում, բայց, բնականաբար, նաև տեղեկացվածության խնդիր կա։ Ես սա պետք է արձանագրեմ հերթական անգամ, որ մեր կառավարությունն անցած 8 տարիներին ավելի շատ շեշտը դրել է աշխատանք անելու, քան հաղորդակցելու վրա, որը երբեմն ճիշտ է, բայց հիմնականում սխալ է, որովհետև այն, ինչ անում ես, պետք է կոմունիկացնել, որպեսզի հանրությունը տեղյակ լինի այն ամբողջ ահռելի աշխատանքին, որն իրականացնում ես։ Եվ այդ առումով նաև Միացյալ Նահանգներում արձանագրեցինք, որ այդ ուղղությամբ էլ անելիք կա՝ այստեղի ամբողջ իրական տեղեկությունը տեղ հասցնելու և կոմունիկացնելու մեր հայրենակիցների հետ։ Կարծում ենք, որ մեր դրված խնդիրներն այդ մեկ շաբաթվա ընթացքում լուծել ենք։ Իհարկե, հիմա զանգեր և նամակներ ենք ստանում, որ անհրաժեշտ է ևս մեկ անգամ նման այցելություն իրականացնել, բայց, ցավոք սրտի, նախընտրական այս պրոցեսներով պայմանավորված՝ դա չենք կարող իրականացնել, բայց փառք Աստծո, հիմա տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ դա հնարավոր է նաև իրականացնել տեսակապով, հեռակապով և այլն։ Դա կիրականացնենք, և կարծում եմ, որ հիմնական խնդիրներ լուծել ենք մեր այցի ընթացքում։

- Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթաց. Հայաստանն ամենաբարձր մակարդակով շարունակաբար խոսում է խաղաղության օրակարգի մասին՝ որպես տարածաշրջանային կայունության և զարգացման հիմնաքար։ Ինչպե՞ս կգնահատեք խաղաղության գործընթացի իրական առաջընթացը և այդ ուղղությամբ գրանցված ձեռքբերումները։ Ի՞նչ հիմնական սկզբունքների վրա է կառուցվում Հայաստանի դիրքորոշումը, և ի՞նչ գործնական արդյունքներ, զարգացումներ եք ակնկալում մոտ ապագայում։ 

- Նոր բան դժվար ասեմ այս առումով, որովհետև այն, ինչը որ կա մեր ծրագրերում կամ այն, ինչին միտված ենք, այդ ամբողջը հրապարակային է և բոլոր մակարդակներով մենք խոսում ենք սրա մասին։ Եթե ձեռքբերումների մասին խոսենք, ապա դրանք գոնե 2025 թվականի օգոստոսից սկսած հսկայական են․ սկսած նրանից, որ սահմանին չեն հնչում կրակոցներ, փոխհրաձգություններ, արդեն համարյա թե 2 տարի է կամ արդեն 2 տարի է, որ մենք որևէ զոհ չունենք սահմանին, որոշ չափով սահմանը բացվել է բեռների տեղափոխության համար, այսինքն՝ տեղի է ունենում տնտեսական ուղիների, ենթակառուցվածքների ապաշրջափակում, տարբեր երկրներից արդեն ավելի կարճ ճանապարհներով Ադրբեջանի տարածքով բեռներ են գալիս Հայաստան, նաև վստահ եմ, որ դա շուտով հակառակ ուղղությամբ կլինի, Ադրբեջանից են ապրանքներ գալիս Հայաստան, տեղի են ունենում փոխայցելություններ քաղհասարակությունների միջև, շատ մեծ ինտենսիվությամբ երկրների ղեկավարությունը շփվում է։ Սա վկայում է այն մասին, որ մենք բավականին հեռու ենք գնացել և շատ արագ է այդ կարգավորումը տեղի ունենում, ինչը շատ կարևոր է և նաև բացառիկ է որոշ առումով, որովհետև պատմաբան լինելով՝ միանշանակ կարող եմ ասել, որ այն հակամարտությունները, որոնք, օրինակ, մոտ 40-ամյա պատմություն ունեն, հաշտեցումը և կարգավորումը շատ դանդաղ է տեղի ունենում, ինչը չենք կարող ասել մեր դեպքում։ Իհարկե, մենք հիմա շատ մեծ աշխատանք ունենք․ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարությունը հասարակության մեջ միտումները փոխելու, տրամադրությունները փոխելու առումով, անելիք ունեն, որովհետև սա մի շատ զգայուն թեմա է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրության համար։ Եվ այստեղ է, որ ժամանակ է պետք, որպեսզի այդ միտումները փոխվեն, և երկու ժողովուրդների փոխհամագործակցությունը լինի դրականի շրջանակում, այլ ոչ թե այն տրամադրությունների մեջ, որոնք ունեցել ենք, օրինակ, մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ը։

- 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված հռչակագրից է ածանցվում TRIPP նախաձեռնությունը, որի իրագործման շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգներն արդեն հստակ ճանապարհային քարտեզ ունեն։ Ինչպե՞ս կգնահատեիք նախագծի իրագործման հնարավորությունները՝ հաշվի առնելով, հատկապես, ներկա աշխարհաքաղաքական պայմանները, և ի՞նչ կոնկրետ օգուտներ կարող է բերել այդ նախագծի կյանքի կոչումը Հայաստանին՝ թե՛ տնտեսական, թե՛ հաղորդակցային և թե՛ քաղաքական առումով։

- Նախևառաջ, ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել TRIPP նախագծի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար՝ անվտանգային, տնտեսական տեսակետից․ սա մենք պետք է գնահատենք, որովհետև, ըստ էության, աշխարհի թիվ մեկ տնտեսությունը (խմբ․ խոսքը Միացյալ Նահանգների մասին է) բավականին մեծ ներդրում է անում ենթակառուցվածքի մեջ, ինչը ենթադրում է ենթակառուցվածքի պաշտպանվածություն և տնտեսական շատ մեծ առավելություններ Հայաստանի Հանրապետության համար։ Դուք գիտեք, որ տարբեր տարածաշրջաններ այսօր պատերազմների մեջ են, տարբեր մեծ պետություններ մեկը մյուսի կողմից սանկցիաների տակ են, ինչը հանգեցրել է շատ մեծ քանակությամբ ենթակառուցվածքների արգելափակման, և այն ուղին, որն անցնելու է Հայաստանի հարավով, ըստ էության, այն քիչ ճանապարհներից է, որը թույլ է տալու արևելքից արևմուտք այդ բեռնափոխադրումներն իրականացնել։ Հիմա այն ուղիները, որոնք կան, չափազանց ծանրաբեռնված են, և Հայաստանի տարածքով այդ ճանապարհի կառուցումը թույլ է տալու այդ բեռների տեղափոխումն ուղղել դեպի ավելի հարավ, և եթե դա անցնում է Ծոցի երկրներով, դեպի մի քիչ ավելի հյուսիս։ Սա ենթադրում է բավականին մեծ եկամուտներ թե՛ ընկերության համար, որտեղ մենք ունենք մասնաբաժին, և թե՛ Հայաստանի Հանրապետության համար։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ սա անվտանգային և տնտեսական լրջագույն ծրագիր է, և մենք, երևի թե, գոնե այս պահին շատ մեծ լրջությամբ չենք գիտակցում, նկատի ունեմ մեր հանրությունը, Հայաստանի Հանրապետությունը, մեր քաղաքացիները, թե որքան կարևոր է այդ ճանապարհը հենց Հայաստանի Հանրապետության համար՝ տարածաշրջանում իր դերը բարձրացնելու և իր անվտանգությունը ապահովելու առումով։ 

Ասեմ, որ հիմա ամերիկյան կողմի հետ բանակցությունները և գործնական աշխատանքը շարունակվում են ընկերության ստեղծման ուղղությամբ․ մենք բավականին հեռու ենք գնացել, այս գործընթացն էլ նույն տեմպերի մեջ է, որը մենք ցանկանում ենք, կուզեինք մի քիչ ավելին լիներ, բայց, կարծում ենք, բնական զարգանում է, և մոտ ժամանակներս արդեն հողի վրա կսկսեն աշխատանքներ իրականացվել։

- Այս տարի Հայաստանը կհյուրընկալի մեկ այլ մեծամասշտաբ միջոցառում՝ COP17-ը։ Բարձր մակարդակով այդ միջոցառման անցկացումը մեծապես կարող է բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունը։ Պարոն Հարությունյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ ռազմավարական նշանակություն ունի այս համաժողովը Հայաստանի համար, և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այն մեր երկրի կլիմայական քաղաքականության և ներդրումային միջավայրի վրա։

- Սա ևս մեկ ապացույց է, թե Հայաստանը միջազգային հարաբերություններում ինչ դերակատարում է ստանձնում։ Ընդ որում, ես ուզում եմ հիշեցնել, որ ի տարբերություն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի որոշման, որը կոնսենսուսով է իրականացվել՝ COP17-ի անցկացման իրավունքը մենք ստացել ենք քվեարկությամբ, և քվեարկությանը մասնակցած ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը կողմ են քվեարկել Հայաստանի թեկնածությանը։ Սա ուզում եմ արձանագրենք այն համատեքստում, թե Հայաստանը ինչ դերակատարում ունի միջազգային հարաբերություններում։ Բովանդակության առումով կասեմ, որ այսօր էկոլոգիական, կլիմայական հարցերը և կենսաբազմազանության հետ կապված հարցերը շատ սուր են դրված ամբողջ աշխարհում, որովհետև արդյունաբերական, տեխնոլոգիական զարգացումը հանգեցրել է բնական բավականին մեծ տարածքների ոչնչացմանը կամ սահմանափակմանը, ինչը ազդում է նաև կենսաբազմազանության վրա։ Եվ, իհարկե, հենց կոնկրետ Հայաստանի Հանրապետության համար այս գագաթնաժողովի կազմակերպումը, որին մասնակցելու են մոտ 100 երկրների պատվիրակություններ և ղեկավարներ, կարևոր է լավագույն միջազգային փորձը Հայաստան բերելու առումով։ 

Իհարկե, մենք կենսաբազմազանության ուղղությամբ շատ ծրագրեր ենք իրականացրել այս ընթացքում․ զգալի սահմանափակել ենք, օրինակ, որսը, որսագողությունը, լուրջ պայքար ենք դրա ուղղությամբ տանում, բույսերի բազմազանության հետ կապված աշխատանքներ են տարվում։ Սրա լավագույն վկայությունը այն է, որ այսօր արդեն Հայաստանով ճամփորդելիս շատ տեղերում վայրի կենդանիների կարելի է հանդիպել։ Համաժողովն այս առումով նաև մեզ կօգնի հասկանալ՝ արդյոք ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք, ճիշտ են և ինչ է պետք անել, որպեսզի դրանք ավելի լավ զարգանան։ Իհարկե, COP17-ում նաև սովորաբար շատ կարևոր որոշումներ են կայացվում, կոնվենցիաներ են ընդունվում, ես չգիտեմ Երևանում կլինի, թե ոչ, ենթադրում եմ, որ աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, պարտադիր չէ, որ միշտ ընդունվի, բայց ընդունվում են որոշումներ կամ լինում են քննարկումներ, որոնք գլոբալ առումով աշխարհի միտումների վրա են ազդում, տվյալ դեպքում՝ կենսաբազմազանության ոլորտում։

- Տարածաշրջանային իրադրությանն անդրադառնանք. Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները զգալի ազդեցություն ունեն ողջ տարածաշրջանի անվտանգության և աշխարհաքաղաքական հավասարակշռության վրա։ Ինչպե՞ս է Հայաստանը գնահատում ստեղծված իրավիճակը, և ի՞նչ հնարավոր ռիսկեր կամ հնարավորություններ եք տեսնում մեր երկրի համար: 

- Անվտանգության խորհրդի գրասենյակի շրջանակներում մենք ունենք ստեղծված աշխատանքային խումբ, որն ինտենսիվ աշխատում է, մոնիթորինգի է ենթարկում իրավիճակը` Հայաստանի համար հնարավոր բացասական միտումները չեզոքացնելու համար։ Խմբի կողմից պարբերաբար լինում են զեկույցներ երկրի ղեկավարությանը, և ըստ դրա՝ որոշվում են քայլերը, որոնք պետք է իրականացվեն։ Իհարկե, այն, ինչ որ տեղի է ունենում՝ Հայաստանին մերձ տարածաշրջանում, բավականին լուրջ է և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի զարգացման վրա բավականին բացասական ազդեցություն է ունենում և ապագայում էլ կունենա։ Իհարկե, գլոբալ տնտեսության վրա էլ է ազդում, որովհետև այսօր նավթ արդյունահանող հիմնական երկրները, որոնք, օրինակ, Պարսից ծոցում են, զգալի սահմանափակումներ ունեն, օրինակ, նավթի արդյունահանման և վաճառքի հետ կապված, և դա ազդում է գների վրա, հետևաբար էլ նաև գլոբալ տնտեսության ու առանձին երկրների վրա։ Մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ բավականին սերտ համագործակցություն ունենք բոլոր ուղղություններով, և այս իրավիճակը չի կարող նաև չազդել այդ զարգացումների վրա՝ մասնավորապես տնտեսական առումով։ Մենք, իհարկե, ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ բացասական ազդեցությունները մեղմենք և թույլ չտանք, որ դրանք ազդեն մեր տնտեսական զարգացման վրա, իսկ մեր տնտեսական զարգացումը վերջին տարիներին բավականին բարձր է․ նախորդ տարի 7․2 % տնտեսական աճ է արձանագրվել, իսկ վերջին 8 տարիներին միջինը, եթե չեմ սխալվում, մոտ 8 տոկոս։ Այս տեմպը պետք է պահել, իսկ նման զարգացումները իրենց բացասական ազդեցություններն, այնուամենայնիվ, բոլոր երկրների, հարևան երկրների տնտեսությունների վրա ունենում են։ Մենք շատ կուզենք և մեր հայտարարություններում էլ նաև բազմիցս ասել ենք՝ կոչ անելով, հորդորելով, որ բոլոր հակամարտությունները լուծվեն խաղաղ պայմաններում և դիվանագիտական ճանապարհներով։ Շատ ցավում ենք այն բազմաթիվ զոհերի հետ կապված, որ կան, ըստ էության, բոլոր այն երկրներում, որոնք ներգրավված են այս կոնֆլիկտում։ Կուզենք, որ շուտափույթ կարգավորում լինի, երկրներն առնվազն նստեն բանակցային սեղանի շուրջ և փորձեն այնտեղ գտնել հակամարտության լուծումները։

- Կա՞ն արդյոք մշակված հակաճգնաժամային մեխանիզմներ, ըստ որոնց ՀՀ կառավարությունը նախապատրաստվում է հնարավոր սցենարներին։ Երբեմն ընդդիմախոսների կողմից հնչում են գնահատականներ՝ Հայաստանի կողմից ոչ բավարար արձագանքի վերաբերյալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Պետք է ասեմ, որ մենք այդ սցենարները վաղուց մշակել ենք, և դրանք քննարկվում են հենց այդ աշխատանքային խմբի շրջանակում։ Այսինքն՝ մենք մեր տնային աշխատանքը վաղուց ենք արել, ունենք մի քանի զարգացման սցենարներ, դրանք դրված են մեր սեղաններին, և նույն Անվտանգության խորհրդի կամ համապատասխան մարմինների ազդակի դեպքում մենք գործարկում ենք այս կամ այն սցենարը։ Ընդդիմախոսները պետք է որ առնվազն հասկանան, որ նման հարցերն այսպես հրապարակային չեն քննարկվում, այլ դրանց կիրարկումը տարբեր սցենարների դեպքում հանրությունը նոր տեսնում է, եթե դրա անհրաժեշտությունը լինում է։ Այսինքն՝ չես բացահայտում՝ այս դեպքում այս սցենարը, այն դեպքում՝ այն սցենարը, որովհետև դրանք որոշակի զգայնություն ունեցող թեմաներ են, և սցենարների մասին խոսելիս դու կարող ես որոշակի լարվածություն առաջացնել դրա շուրջ, որի կարիքը կարող է և չլինել։ Հետևաբար, կառավարությունը վերահսկում է իրավիճակը, ունի տարբեր իրավիճակների համար զարգացման սցենարներ, և գործում է՝ ըստ այդ նախապես նախանշված սցենարների։

- Պարոն Հարությունյան, շնորհակալ եմ հետաքրքիր և համապարփակ զրույցի համար, կցանկանայի՞ք որևէ բան հավելել։

- Կարծում եմ՝ ամեն ինչից խոսեցինք․ առաջիկա 3 ամիսները բավականին ակտիվ են լինելու Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների առումով։ Նաև կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենալու, տեղի է ունենալու ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինստիտուտների, արտաքին քաղաքականության, անվտանգության, ինչպես նաև տնտեսության ամրապնդման։

 

 

Հայերեն English Français ქართული Русский 中文