15 րոպեի ընթերցում
«Բելգիայի հայտնի հայերը» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ի հերթական զրուցակիցը մասնագիտությամբ լրագրող Առլին Բաղդատն է, որն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է և այս պահին էլ աշխատում է Բելգիայի պետական համակարգում։
Առլին Բաղդատը Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին ներկայացրել է իր ընտանիքի անցած ճանապարհը՝ շեշտելով, որ սա անձնական պատմություն է, որտեղ հիշողությունը դառնում է ուժ, իսկ ազգային պատկանելիությունը՝ հարստություն, ոչ թե սահման։
-Կարո՞ղ եք պատմել ձեր ընտանիքի, ձեր հայկական արմատների մասին։ Որտե՞ղից է ձեր ընտանիքը։
-Ես պոլսահայ եմ։ Մորս ընտանիքը Սեբաստիայից է, հորս ընտանիքը՝ Յոզղաթից։ Նրանք Ստամբուլում ապրել են մի քանի սերունդ, և ես նույնպես այնտեղ եմ ծնվել։ Իմ տարրական կրթությունը ստացել եմ Մխիթարյան հայկական վարժարանում: Հետո սովորել եմ ֆրանսիական վարժարանում՝ սկզբում Սենթ-Փյուլշերիում, ապա Սենթ-Բենուայում։ 18-19 տարեկանում եկել եմ Բելգիա՝ համալսարանական ուսումնառության համար։
Հայրս՝ Արիստակեզ Բաղդատը, անցյալ տարի հեռացավ մեզնից։ Նրա գրեթե ողջ կարիերան անցել է Ստամբուլի հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցում, որտեղ նա աշխատել է շուրջ 60 տարի։ Պապս ձեռնարկատեր և բարերար էր, համայնքում շատ գնահատված։ Կընալը կղզում նա կառուցել է բազմաթիվ շենքեր, որոնց մի մասը կիսել է նաև ընկերների հետ։
Բելգիա եկել եմ որպես ուսանողուհի՝ սկզբում մեկ տարով։ Ինչո՞ւ հենց Բելգիա։ Պարզապես պատահական։ Դպրոցն ավարտելուց հետո պատրաստվում էի համալսարան ընդունվելու քննությանը, և միշտ կար չհաջողելու վախը։ Որպես «պլան բ» ընտանիքով որոշել էինք՝ գուցե, մեկ տարով գնամ արտասահման՝ լեզուների իմացությունը բարելավելու։ Ես ուզում էի Ֆրանսիա գնալ, բայց մայրս չէր ուզում, որ 18-ամյա աղջիկը միայնակ Փարիզում լինի։ Հետո մեզ հուշեցին, որ Բելգիայում էլ ֆրանսերեն են խոսում։ Այն ժամանակ ինտերնետ չկար, ես անգամ չէի կարող Բելգիան քարտեզի վրա ճիշտ ցույց տալ։
Գնացի Ստամբուլում Բելգիայի հյուպատոսարան․ ինձ տվեցին համալսարանների ցանկ և նշեցին ֆրանսախոս հաստատությունները։ Սկսեցի նամակագրություն ULB-ի և UCL-ի հետ։ UCL-ն այդպես էլ չպատասխանեց, իսկ ULB-ը ընդունեց ինձ։
Այդ ընթացքում ես Թուրքիայում արդեն հաղթահարել էի ընդունելության քննությունը և ուզում էի ժուռնալիստիկա սովորել Ստամբուլի համալսարանում։ Ծնողներս երկմտում էին՝ ոլորտը շատ քաղաքականացված էր, և Թուրքիայում լրագրողի մասնագիտությունը հեշտ չէ։ Բայց ինձ համար դա կոչում էր։
Երբ ULB-ը հաստատեց՝ սկզբում մտածեցի, որ դա պարզապես «պլան բ»-ն է։ Այնուամենայնիվ, եկանք Բելգիա մեկ ամսով՝ որպես զբոսաշրջիկ։ Ես գնացի համալսարան՝ առանց գրանցվելու, մի քանի դաս լսելու։ Առաջին դասից հետո (վարչական իրավունք, շրջաններ, համայնքներ…) լաց եղա․ լեզուն չէի հասկանում։ Բայց ամեն օր գնում էի։ Ամսվա վերջում որոշեցի փորձել ու մնացի։
Իսկ վերջում ստացվեց այնպես, որ արդեն 36 տարի է՝ այստեղ եմ։ Ես սովորել եմ ժուռնալիստիկա և հաղորդակցություն, հետո երկու տարվա հատուկ լիցենզիա եմ ստացել Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտում։ Ես նաև մնացի, որովհետև համալսարանում հանդիպեցի իմ երեխաների հորը, որը բելգիացի է։ Վեց տարի անց նա արդեն աշխատանք ուներ և չէր ուզում հեռանալ, մինչդեռ սկզբնական պլանը Ստամբուլում ապրելն էր։ Նա խնդրեց, որ մնամ… և ես մնացի։
-Լրագրությունն առ այսօր Ձեզ համար կարևոր է, բայց հիմա Դուք պետական ծառայող եք։ Ինչպե՞ս սկսվեց այս պատմությունը։
-Իրականում դրանք այնքան էլ միմյանցից չեն տարբերվում։ Լրագրությունն էլ է տեղեկատվություն վերլուծելու, աղբյուրները համադրելու ու մեսիջ փոխանցելու մասին, իսկ այսօր ես հենց դա էլ անում եմ։
Ուսումն ավարտելուց հետո աշխատանք հեշտ չգտա․ ժամանակավոր աշխատանքներ էի անում, նաև թուրքական թերթերի համար եմ աշխատել։ Աշխատել եմ նաև ԵՄ-ի լոբբիստական մի քանի գրասենյակներում՝ շնորհիվ իմ եվրոպական ուսումնասիրությունների կրթության։
Բայց ես միշտ կապված եմ եղել հանրային շահի գաղափարին, ուզում էի աշխատել հանրային շահի համար։ Պետական ծառայությունը գրավում էր ինձ։ Քննություններ հանձնեցի երկու կառույցի համար՝ Փախստականների և ապաքաղաքացիության գործերով գլխավոր հանձնակատարություն (CGRA) և Օտարերկրացիների գրասենյակ։ Երկուսն էլ անցա, և ինձ կանչեցին փախստականների և ապաքաղաքացիության գործերով գլխավոր հանձնակատարության գրասենյակ։ Այնտեղ աշխատել եմ 9 տարի։
Սկզբում ես լսումներ էի անցկացնում ապաստան հայցողների հետ և որոշում էի՝ տա՞լ, թե՞ չտալ միջազգային պաշտպանություն։ Դա լսելու, վերլուծելու և որոշում կայացնելու աշխատանք էր։
-Որպես հայ՝ դա հեշտ գործ չէ, չէ՞…
-Միգուցե, հենց ծագումն է, որ մարդուն ձգում է նման աշխատանքի։ Բայց հարցազրույց վարողներին պաշտպանելու և չեզոքությունն ապահովելու համար մենք երբեք չենք աշխատում մեր ծագման հետ կապված գործերի վրա։ Ես՝ որպես Թուրքիայից եկած հայկական ծագում ունեցող մարդ, երբեք չեմ վարել ոչ թուրքական, ոչ հայկական գործեր։ Ես աշխատել եմ Աֆրիկայի բաժնում՝ մասնավորապես Կոնգոյի և Կոտ դ’Իվուարի գործերով։ Դա ապահովում է օբյեկտիվություն և նաև կանխում է ճնշումները անձի կամ նրա ընտանիքի վրա։
Լսումներն ու որոշումներ կայացնելը արել եմ մոտ երեք տարի։ Այնուհետև 2001-2002 թվականներին գլխավոր հանձնակատար Պասկալ Սմետը ստեղծեց հաղորդակցության պատասխանատուի պաշտոն։ Այդ ժամանակ թվային հաղորդակցությունը նոր էր սկսվում, CGRA-ում գրեթե ոչինչ չկար՝ բացի ծառայողական նշումներից։ Ամեն ինչ պետք էր զրոյից ստեղծել։ Ինձ ընտրեցին, և ես անցա հաղորդակցության ոլորտ, որտեղից այլևս դուրս չեկա։
Դրանք շատ դինամիկ տարիներ էին․ ես «սպիտակ էջից» էի սկսում, մեծ ազատություն ունեի, և ամեն ինչ ստեղծվում էր զրոյից։ Շատ էի աշխատում, բայց արդյունքից գոհ էի՝ մոտիվացված թիմի հետ, հանրային շահի համար։
Մոտ յոթ տարի անց զգացի, որ ավարտել եմ ստեղծելու փուլը։ Անցա Ֆունկցիոնարության նախարարություն՝ վեց տարով։ Այնտեղ զբաղվում էի ռազմավարական հաղորդակցությամբ՝ աջակցելով այլ պետական ծառայություններին՝ արտաքին հաղորդակցությունն ու ռազմավարությունը բարելավելու հարցում։ Դա ինձ հնարավորություն տվեց լավ ճանաչել պետական համակարգը։
2014 թվականին ես անցա ընտրությունը և դարձա Վարչապետի կանցլերիայի արտաքին հաղորդակցության գլխավոր տնօրեն, պաշտոն, որը զբաղեցրել եմ 10 տարի։ Կանցլերիան աջակցում է Վարչապետին և դաշնային կառավարությանը՝ նախարարների խորհրդի, Ազգային անվտանգության խորհրդի նիստերի կազմակերպման, իրավական ու լոգիստիկ աջակցության, ինչպես նաև հաղորդակցության հարցերում։ Դա ստվերում արվող, բայց առանցքային աշխատանք է։
Սկիզբը շատ լարված էր․ թագուհի Ֆաբիոլայի հուղարկավորության կազմակերպում, Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի միջոցառումներ, մեծ միջազգային արարողություններ… Աշխատանքիս երկրորդ ամսում նույնիսկ հանդիպեցի Քեյթին ու Ուիլյամին ու մտածեցի՝ «սա լրիվ այլ աշխարհ է»։
-Դուք դեռ Վարչապետի աշխատակազմո՞ւմ եք։
-Ոչ՝ ես վարչական համակարգում եմ։ Կաբինետը քաղաքական է և փոխվում է, իսկ վարչական համակարգը մնում է և աջակցում է։ Ես սկսել եմ Էլիո Դի Ռուպոյի հետ, ապա աշխատել եմ Շառլ Միշելի, Սոֆի Վիլմեսի, Ալեքսանդր Դը Կրուոյի հետ, և այսօր՝ Բարտ Դը Վեվերի։ Այսպիսով՝ ես արդեն հինգերորդ վարչապետին եմ ծառայում։
-Ի՞նչ զգացում է լինել հայ և միաժամանակ ծառայել Բելգիայի պետությանը:
-Նախ ես շնորհակալ եմ Բելգիային, որովհետև վստահ չեմ, որ եթե մնայի Թուրքիայում, կկարողանայի հասնել այդքան բարձր պաշտոնների։ Եվ հետո՝ ես միշտ ապրել եմ բազմակի ինքնություններով։ Թուրքիայում հայ լինելը ինքնության առումով արդեն դժվարություն է, բայց դա ինձ համար խնդիր չի դարձել․ ես միշտ տարբերակել եմ անձնական կյանքն ու արտաքին կյանքը։ Մանկության տարիներին բնական կերպով «մոդուլացնում էինք»․ տանը խոսում էինք թուրքերեն՝ երբեմն հայկական շեշտով, իսկ դրսում շեշտը պահում էինք վերահսկված։ Այդ հարմարվողականությունը շատ հայերի մոտ կա՝ կապված նաև աքսորի պատմության հետ։
Աշխատանքում ես բելգիացի եմ․ իմ հայկական արմատները կամ թուրքական քաղաքացիությունը չեն ներգրավվում։ Ես ծառայում եմ Բելգիային և նրա վարչապետին, իսկ երեկոյան՝ անձնական կյանքում, ես մնում եմ հայ՝ առանց ինքնությունները խառնելու։
Տանը ես ուզում եմ երեխաներիս փոխանցել արժեքները, լեզուն ու արմատները։ Կարծում եմ՝ Բելգիայում հայ համայնքին պակասում է աշխարհիկ հայկական դպրոց՝ կապակցված բելգիական կրթական համակարգին։ Շաբաթօրյա դասերը դժվար է համադրել (ջութակ, սպորտ…), իսկ այն տարիներին արևմտահայերենը նույնիսկ առաջարկված չէր։ Եթե լիներ համապատասխան մակարդակի դպրոց, ես կուղարկեի իմ երեխաներին, ինչպես ես եմ սովորել մանկության տարիներին։ Հայրս ամբողջ կրթությունը ստացել է Գետրոնականում․ կարելի է համադրել երկուսը, բայց այստեղ դա չկա։
-Ինչպե՞ս կսահմանեք հայկականությունը։
-Ես դրա մասին շատ եմ մտածել։ Սփյուռքում, կարծես, երկու հիմնական հենասյուն կա՝ լեզուն և կրոնը։ Ես հավատացյալ չեմ, բայց Զատիկին ու Սուրբ Ծննդին գնում եմ եկեղեցի՝ ավանդույթի համաձայն․ եկեղեցին մի հաստատություն է, որ միավորում է մարդկանց, հատկապես երբ չկա աշխարհիկ կառույց, օրինակ, դպրոց։ Դպրոցը նաև սոցիալական կապ կտար՝ երեխաները միասին, ծնողները՝ շփման մեջ․ այդ կապը պակասում է։
Այստեղ ես մի տեսակ «իմպրովիզացիա» եմ արել․ երեխաներս մկրտվել են Թուրքիայում՝ Կընալը կղզու հայկական եկեղեցում։ Բելգիայում չեմ արել, որովհետև իմ հայկականությունն այնտեղ ավելի ուժեղ է ապրում։ Երբ ես եկա այստեղ, Բելգիան ինձ լավ ընդունեց, բայց հայկական համայնքը՝ ոչ։ Ես երկար տարիներ համայնքից հեռու էի, և ավելի ուշ վերադարձա համայնքային կյանքի՝ Լիզա Աբաջյանի շնորհիվ։ Կարծում էի, որ այստեղ ավելի շատ շփոթ ու լարվածություն կա, քան միասնություն։ Եվ, քանի որ իմ ամբողջ ընտանիքն այնտեղ է ապրում, դպրոցական բոլոր արձակուրդներին Թուրքիա էինք գնում․ իմ հայկականությունը շարունակեց ապրել Թուրքիայի հայկական համայնքի հետ։
-Ո՞րն է այն ամենակարևորը, որ ուզում եք փոխանցել Ձեր երեխաներին։
-Առաջինը՝ ազատությունը․ լինել ազատ, ինքնուրույն, կանգնել սեփական ոտքերի վրա։ Իսկ հայկականության մասով՝ առաջին հերթին լեզուն։ Հայրս դրան շատ էր կարևորություն տալիս․ ողջ կյանքում աշխատել է հայկական հիվանդանոցում, սովորել է հայկական դպրոցներում, ամեն օր կարդացել է հայկական թերթ։ Սեղանի շուրջ միշտ ասում էր․ «Գոնե սեղանի շուրջ բոլորը հայերեն խոսեն»։ Հետո, իհարկե, դժվարանում է, երբ այլ լեզուները գերակշռում են (ֆրանսերեն, անգլերեն…)։
-Ձեր հայկական ինքնությունն օգնո՞ւմ է Ձեր աշխատանքում։
-Չգիտեմ՝ դա ուղիղ կապված է, թե ոչ, բայց, գուցե, դիտարկելու, «ստվերում աշխատելու» կարողության առումով օգնում է։ Իմ աշխատանքի մեջ դա կարևոր է․ ուշադրության կենտրոնում ես չեմ, այլ վարչապետը։ Այդ զսպվածությունը, «երջանիկ ապրիր՝ թաքուն ապրիր» մոտեցումը, գուցե, Թուրքիայում հայերի մոտ զարգացած հատկություն է։ Ամեն դեպքում՝ ինձ օգնել է։
-Ի՞նչ դեր կարող է խաղալ հայկական սփյուռքը Բելգիայում։
-Համայնքը շատ տարբեր է՝ մի մասն այստեղ եկել են 1910-1930-ականներին, հետո՝ 1980-ականներին Թուրքիայից, ապա՝ 1990-ականներին Հայաստանից։ Այս խմբերը ամբողջությամբ ինտեգրված չեն եղել, և դա ցավալի է, քանի որ մենք քիչ ենք։ Կան նաև բազմաթիվ ներկայացուցչական կառույցներ, որոնք միշտ էլ հստակ չեն, և ընդհանուր համակարգում հաճախ պակասում է համահունչ լինելը, թափանցիկությունը (նույնիսկ ընտրությունների ձևը երբեմն յուրահատուկ է)։ Իմ դուստրը ներգրավված է Բելգիայի հայերի կոմիտեում, դրա շնորհիվ ես ավելի շատ եմ տեղեկացված, բայց համակարգը դեռ բարդ է։
Եթե մենք միավորվեինք, կարող էինք ավելի ուժեղ ներկայացված լինել բելգիական, եվրոպական և միջազգային կառույցների առջև՝ ԵՄ, ՆԱՏՕ՝ հատկապես հաշվի առնելով, որ Բելգիայում շատ միջազգային հաստատություններ կան։
-Ի՞նչ կապ ունեք Հայաստանի հետ։
-Շատ լավ հարց է, շնորհակալ եմ։ Առաջին անգամ Հայաստան գնացել եմ 2012-ին՝ երեխաների հետ։ Դուստրս՝ Թալինը, այդ ժամանակ 11 տարեկան էր․ ինձ համար դա ուխտագնացություն էր։ Նախկինում դժվար էր Հայաստան այցելելը՝ խորհրդային կարգերի պատճառով, հետո Բելգիայի կյանքը ինձ տարել էր այլ ուղղությամբ։ Շատ հուզվեցի, երբ փողոցում լսեցի հայերենը և տեսա հայերեն ցուցանակները․ դա ավելի «կոնկրետ» դարձրեց ամեն ինչ՝ իմ հայկականությունը երկրի տեսքով երևաց։
Երկրորդ անգամ գնացել եմ 2018-ին։ Այնտեղ այլ մշակույթ է․ զգացվում է խորհրդային ժառանգությունը։ Ես չեմ պատկերացնում այնտեղ ապրելը, բայց հաճույքով կվերադառնամ։
Այցերի ընթացքում հատկապես զգացի լեզվի և եկեղեցու կենտրոնական դերը․ հիմնականում այցելում ես եկեղեցիներ ու վանքեր, և վերականգնված շատ պատմական հուշարձաններ հենց կրոնական են։ Իմ դուստրը ավելի շատ անգամներ է գնացել Հայաստան․ հույս ունեմ, որ նոր սերունդը կապն ավելի ակտիվ կպահի։