Իրան

Թրամփը հայտնել է, որ Իրանի ղեկավարները ցանկանում են վերսկսել բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտնել է, որ Իրանի ղեկավարները ցանկանում են վերսկսել բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նոր ղեկավարությունը ցանկանում է խոսել իր հետ, և որ ինքը ծրագրում է դա անել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է The Atlantic պարբերականի հետ հարցազրույցում։

«Նրանք ցանկանում են խոսել, և ես համաձայնել եմ խոսել, այնպես որ, ես կխոսեմ նրանց հետ։ Նրանք պետք է ավելի շուտ դա անեին։ Նրանք պետք է անեին այն, ինչ գործնական էր և հեշտ էր անել ավելի շուտ։ Նրանք չափազանց երկար սպասեցին», - ասել է ԱՄՆ նախագահը։

Լրագրողի հարցին, թե երբ տեղի կունենա իրանցիների հետ զրույցը՝ այսօր թե վաղը, Թրամփը նշել է, որ հստակ պատասխան չունի։ Նրա խոսքով՝ իրանցիներից մի քանիսը, որոնք ներգրավված էին վերջին շաբաթների բանակցություններում, այլևս ողջ չեն։

«Մի քանի մարդ, որոնց հետ մենք գործ ունեինք, այլևս չկան, որովհետև դա շատ մեծ հարված էր։ Նրանք պետք է ավելի շուտ դա անեին։ Նրանք կարող էին համաձայնության հասնել։ Նրանք պետք է դա ավելի շուտ անեին», - ասել է Թրամփը։

Իր հերթին, Օմանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր օմանցի պաշտոնակից Բադր ալ-Բուսայիդիի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը պատրաստ է ապաէսկալացման ցանկացած լուրջ ջանքի։ Օմանը միջնորդի դեր է կատարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում, որոնց երրորդ փուլը կայացել էր փետրվարի 26-ին։

Իսրայելը և ԱՄՆ-ն համատեղ հարվածներ են հասցնում Իրանին փետրվարի 28-ից։ Այդ հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 9-ի։ ԱՄՆ-ն հայտնել է, որ Իրանի դեմ գործողություններում զոհվել է ամերիկացի 3 զինծառայող։ Եվս 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում