Իրան

Իրանի հոգևոր առաջնորդն ու նախագահը չեն տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից. Արաղչի

3 րոպեի ընթերցում

Իրանի հոգևոր առաջնորդն ու նախագահը չեն տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը ողջ են և չեն տուժել Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցրած հարվածներից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին այդ մասին ասել է NBC News-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Իրանում տիրող իրավիճակին և հարցին, թե կարո՞ղ է հաստատել, որ Իրանի հոգևոր առաջնորդն ու նախագահը ողջ են։ 

«Իրավիճակը տեղում, չեմ կարող ասել, որ նորմալ է, բայց կյանքը շարունակվում է։ Իրավիճակը մեր վերահսկողության տակ է, և ես կարծում եմ, որ իսրայելցիներն ու ամորիկացիները ձախողվել են իրենց թիրախների խոցման հարցում։ Գրեթե բոլոր պաշտոնյաները ողջ-առողջ են ու անվտանգ։ Մենք, գուցե, 1-2 հրամանատար ենք կորցրել, բայց դա մեծ խնդիր չէ։ Մենք երկու ժամում կարողացանք պատասխան տալ և մեր հրթիռներով հարվածներ հասցնել տարածաշրջանում ամերիկյան բազաներին ու Իսրայելում որոշ թիրախների»,- ասել է Արաղչին։ 

Արաղչին նաև տարակուսանք է հայտնել, թե ինչու է ԱՄՆ-ն որոշել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում, երբ նաև հաջողվել էր որոշակի առաջընթաց գրանցել, ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։ Նրա խոսքով՝ կրկնվել է նույն սցենարը, որ եղավ անցյալ տարվա հունիսին, երբ նորից բանակցությունների ընթացքում Իսրայելը հարձակվեց Իրանի վրա, իսկ ավելի ուշ նաև ԱՄՆ-ն միացավ Իսրայելին։ 

Արաղչին հավելել է, որ ինքը հեռախոսազրույցներ է անցկացրել Պարսից ծոցի երկրների գործընկերների հետ և նրանց վստահեցրել է, որ Իրանը նրանց տարածքները թիրախավորելու մտադրություն չունի, այլ թիրախավորվում են ԱՄՆ ռազմաբազաները, որոնք տեղակայված են այդ երկրներում։ 

Հիշեցնենք, որ Իրանն ավելի վաղ հայտնել էր Կատարում, Քուվեյթում, Բահրեյնում և ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան բազաներին հարվածներ հասցնելու մասին։ Այնուհետև պարզ էր դարձել, որ հրթիռային հարվածներ են հասցվել նաև Սաուդյան Արաբիայի տարածքին։ 

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի պաշտպանության նախարարն ու ԻՀՊԿ հրամանատարը, սակայն իրանական լրատվամիջոցներն այդ տեղեկությունը չեն հաստատել։ 

Իսրայելական մի շարք լրատվամիջոցներ էլ գրել էին, որ Իսրայելի հարվածների թիրախում եղել են Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ու նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում