Կայացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը
2 րոպեի ընթերցում

Կայացել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը։ Շուրջ երեք տասնյակ անդամներից բաղկացած խորհուրդը միավորում է շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական ու հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ նախարար Համբարձում Մաթևոսյանը նախքան նիստի մեկնարկը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու համար՝ ընդգծելով, որ ոլորտի խնդիրները բոլորի համար առաջնահերթ են, և միայն համագործակցության միջոցով հնարավոր է գտնել ավելի արդյունավետ լուծումներ։
Այս հարթակի նպատակը բաց, մասնագիտական ու վստահելի համագործակցությունն է՝ պետության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, գիտական ու կրթական համայնքի և ակտիվ քաղաքացիների միջև։
Խորհրդին ներկայացվել է Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով՝ տարվա ընթացքում նախարարության կողմից իրականացվելիք միջոցառումների համառոտ տեղեկատվությունը, ապա անդրադարձ է կատարվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական գործընթացին, որն այս փուլում նախարարության օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում։
Նիստը, սակայն, չի սահմանափակվել միայն օրակարգային հարցերով․ ծավալվել է ակտիվ հարցուպատասխան ոլորտի հիմնախնդիրների շուրջ։ Նախարարը պատասխանել է բարձրացված ու ներկաներին հուզող հարցերին՝ կարևորելով, որ հանդիպումներն այսուհետ լինեն կոնկրետ արդյունքներով ու առաջընթացով։
«Վստահ եմ՝ այս խորհրդի աշխատանքը կարող է դառնալ վստահության և արդյունավետության լավ օրինակ, որտեղ յուրաքանչյուր մասնակցի խոսքն իրական ազդեցություն ունի, իսկ առաջարկներն ու դիտարկումները նպաստում են ավելի հավասարակշռված որոշումների կայացմանը՝ հիմնված փաստերի, գիտության, փորձի և հանրային շահի վրա»-նիստի ավարտին նշել է նախարարը։