Մարզեր

Մարտունիի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները նախագծային աշխատանք են իրականացրել «Բնության և տիեզերքի գաղտնիքը» թեմայով

4 րոպեի ընթերցում

Մարտունիի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները նախագծային աշխատանք են իրականացրել «Բնության և տիեզերքի գաղտնիքը» թեմայով

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մ․ Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում իրականացվել է «Բնության և տիեզերքի գաղտնիքը» խորագրով հետաքրքիր ուսումնական նախագիծ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Պողոսյանը, նախագիծը, որը ղեկավարել է մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Մհերյանը, նվիրված էր բնության մեջ Ֆիբոնաչիի հաջորդականության և ոսկե հատման կանոնի ուսումնասիրությանը: Վեցշաբաթյա այս ծրագրի նպատակն էր բացահայտել, թե ինչպես է մաթեմատիկական օրինաչափությունը դրսևորվում բնության, արվեստի և ճարտարապետության մեջ:

«Ուսումնական գործընթացը բաժանված էր վեց հիմնական փուլի՝ նախապատրաստական թիմային աշխատանքներից մինչև վերջնական արդյունքների հանրային ներկայացում: Տեսական և հետազոտական փուլում սովորողներն ուսումնասիրել են Ֆիբոնաչիի թվերի մաթեմատիկական հիմքերը՝ փնտրելով դրանք արևածաղկի սերմերում, խխունջի պատյաններում և անգամ Պարթենոնի տաճարի կառուցվածքում: Գործնական աշխատանքների ընթացքում աշակերտները կատարել են իրական չափումներ և հաշվարկներ՝ ստուգելու ոսկե հատման՝ 1.618 թվային արժեքի առկայությունը շրջակա միջավայրում: Նախագիծն աչքի է ընկել իր միջառարկայական բնույթով՝  գործնականում կապելով հանրահաշիվը հայոց լեզվի, կենսաբանության, կերպարվեստի և տեխնոլոգիայի հետ:

Աշխատանքի կարևորագույն և նորարարական բաղադրիչներից էր ժամանակակից թվային գործիքների լայնածավալ կիրառումը: Սովորողները ոչ միայն հավաքագրել են անհրաժեշտ նյութեր, այլև ինքնուրույն նկարահանել են բացատրական հոլովակներ և ստեղծել անիմացիաներ՝ կիրառելով արհեստական բանականության  ընձեռած հնարավորությունները: Որպես նախագծի շոշափելի վերջնարդյունք՝ աշակերտների խումբը մշակել և տպագրել է ճանաչողական բուկլետներ, գծագրել Ֆիբոնաչիի պարույրով ուսուցողական պաստառ և պատրաստել ամփոփիչ սահիկաշար: Վերջնական փուլում դպրոցում տեղի է ունեցել ստացված բոլոր արդյունքների ու հետազոտական տեսանյութերի հանրային շնորհանդեսը և պաշտպանությունը»,-ներկայացրեց նախագծի ղեկավար Գայանե Մհերյանը:

«Այս ուսումնական նախաձեռնությունը մեծապես նպաստել է սովորողների մոտ մաթեմատիկայի և իրական աշխարհի միջև եղած անքակտելի կապի գիտակցմանը: Բացի մաթեմատիկական և գիտատեխնիկական գիտելիքներից, աշակերտները զարգացրել են նաև մեդիագրագիտության, թիմային համագործակցության և հանրային խոսքի կառուցման կարևոր հմտություններ: Մասնակիցների աշխատանքների գնահատումն իրականացվել է հատուկ մշակված հստակ չափանիշներով՝ հաշվի առնելով և՛ յուրաքանչյուրի անհատական ակտիվությունը, և՛ նյութի գրագետ ու համոզիչ ներկայացումը: Ծրագիրն ապացուցեց, որ անգամ բարդ մաթեմատիկական թեմաները կարող են աշակերտներին մատուցվել շատ պարզ, ստեղծագործական և վիզուալ գրավիչ եղանակներով: Նախագծի արժևորման կարևորագույն արդյունքն այն էր, որ աշակերտները սկսեցին այլ աչքերով ընկալել բնությունը՝ նկատելով նրա կատարյալ համամասնություններն ու թաքնված մաթեմատիկական գեղեցկությունը: Դա լավագույնս արդարացրեց նախագծի՝ «Բնության և տիեզերքի գաղտնիքը» խորհրդանշական անվանումը»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում