ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի անօդաչուն հետախուզական թռիչք է կատարել Օմանի ծոցում
1 րոպեի ընթերցում

Ամերիկյան MQ-4C Triton ռադիոէլեկտրոնային հետախուզական անօդաչուն բազմաժամյա թռիչք է կատարել Իրանի ափից դեպի հարավ-արևելք: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում են Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։
Անօդաչու թռչող սարքն արձակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Դաֆրա ավիաբազայից։ Այն մի քանի ժամ թռել է Իրանի մոտ գտնվող Օմանի ծոցի միջազգային ջրերի վրայով։
Մեծ հեռահարության և բարձրության MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը ունակ է իրական ժամանակում հետախուզական տեղեկատվություն տրամադրել լայնարձակ օվկիանոսային և ափամերձ տարածքների վերաբերյալ։ Այն կարող է օդում գտնվել ավելի քան 30 ժամ՝ թռիչք կատարելով մինչև 17 հազար մետր բարձրության վրա և մինչև 610 կմ/ժ արագությամբ։
Ներկայում ԱՄԷ-ի Ալ Դաֆրա ավիաբազայում տեղակայված է երեք ամերիկյան MQ-4C Triton անօդաչու թռչող սարք։
Փետրվարի 25-ին Օմանի ծոցի վրա նաև գրանցվել է իրանական անօդաչու թռչող սարք։ Այն թռիչք է կատարել ծոցի արևելյան մասում, Արաբական ծովի ջրատարածքին մոտ։