Մինչև 1988 թվականը նկարահանածս բոլոր ֆիլմերն իմ մասին են. կադրի պոետ Ռոման Բալայանը վարպետության դասերով Երևանում է

8 րոպեի ընթերցում

Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոման Բալայանը կարծում է՝ կինոն հրաշալի միջոց է ճամփորդելու համար։ Ռեժիսորն իր ֆիլմերով փորձում է խոսել ստորացվածների, վիրավորվածների, ուրիշներին ապրումակցելու մասին։ Ասում է՝ պետք չէ անտարբեր լինել ուրիշի ցավի հանդեպ։

Բալայանը երկար տարիներ ապրում  է Ուկրաինայում, բայց պարբերաբար այցելում է Հայաստան։ Այս անգամ ռեժիսորին Երևան է բերել ուսանողների հետ շփումը։ Բալայանը վարպետության դասերի միջոցով ապագա ռեժիսորներին օգնում է պատկերացում կազմել իրական կինոյի մասին՝ իր փորձն ու հմտությունները փոխանցելով նրանց։

«Արմենպրես»-ի թղթակիցը ներկա է եղել դասերից մեկին և զրուցել Ռոման Բալայանի և նախաձեռնության հեղինակներից Գարսևան Խաչատրյանի հետ։

«Ես շատ վաղուց կինոթատրոններ չեմ գնում, ֆիլմեր չեմ դիտում, եթե, իհարկե, չեն հրամայում կամ հրավիրում։ Նախընտրում են պատկերասրահներ այցելել, դասական երաժշտության համերգների ներկա լինել։ Ինձ դուր է գալիս այն, ինչը չեմ կարողանում անել։ Ամեն դեպքում պետք է խոստովանել, որ հարյուր ֆիլմից տասը կարող է ինձ հետաքրքրել։ Հեղինակային կինոն եմ սիրում»,-ասում է նա։

Ռոման Բալայանը շատ լավ ծանոթ չէ հայկական կինոյին, բայց Արտավազդ Փելեշյանին հանճար է համարում, Կարեն Գևորգյանին՝ շատ տաղանդավոր։ «Մենք Գևորգյանին «կորցրինք». նա հեռացավ։ Տպավորություն է, որ մերոնց չենք սիրում. դա կա մեր մեջ, ուստի  բոլորը հեռանում են։ Հիշում եմ՝ մի առիթով Երվանդ Քոչարն ինձ ասաց. «Ռոմիկ ջան, դժբախտաբար հայը կայանում է Հայաստանից դուրս»։ Նա ճիշտ էր. քանի՞ հանճար ունենք Հայաստանից դուրս՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր»,-նշում է ռեժիսորը։

Բալայանն իր ֆիլմերով մշտապես անդրադառնում է ժամանակի արդիական խնդիրներին և չի վախենում քննադատել։ Ընդգծում է՝ մինչև 1988 թվականը նկարահանած բոլոր կինոնկարներն իր մասին են՝ «Կաշտանկա», «Բիրյուկ», «Թռիչքներ երազում և արթմնի», «Համբույր», «Ֆիլյոր» և այլն։ Հետո պարզապես ֆիլմեր է նկարահանել, որոնք իր մասին չեն։ «Թեմաներն ինձ մոտ էին, սակայն դա արդեն կինո չէր, կարող եմ ասել, որ գումար վաստակելու միջոց էր, իսկ նախորդ ֆիլմերում հերոսն այս կամ այն իրավիճակում վարվում էր այնպես, ինչպես ես կվարվեի»,-շեշտում է նա։

Ռեժիսորը չի սիրում վերանայել իր ֆիլմերը, քանի որ նկատում է այն, ինչը չի արել։ Դա նրան զայրացնում է։ Ասում է՝ այդ ամենն իր համար մի ամբողջ պատմություն է։ «Ես դադարել եմ ֆիլմեր նկարահանել։ Երկու ֆիլմի գաղափար կար, որոնք կյանքի չկոչվեցին. Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» և Մաքս Ֆրիշի գործերից մեկը, որը պետք է Իտալիայում նկարահանեի։ Ֆրիշի այրին պրոդյուսերից 550 հազար դոլար խնդրեց, իսկ ֆիլմը 450 հազար դոլար արժեր, ուստի այն չկայացավ։ Գլխավոր դերում պետք է հանդես գար Մարչելո Մաստրոյանին։ Այրին նաև ասաց՝ եթե Մարչելոն չխաղա, մենք չենք կարողանա գումար գտնել։ Մաստրոյանիի համար վճարում էին այդ ժամանակ»,-պատմում է Բալայանն ու ասում՝ հոգնեց, պետք է ուժերը խնայի վարպետության դասի համար։ Ռեժիսորը կարդացել էր ուսանողների ֆիլմերի սինոփսիսներն ու իր դիտարկումներն արեց դրանց վերաբերյալ։

Առաջարկեց ցայտաղբյուրի (պուլպուլակ) մասին որևէ կարճամետրաժ ֆիլմ նկարահանել՝ նշելով, որ այն շատ հետաքրքիր կարող է ստացվել, քանի որ աշխարհում գրեթե չկա պուլպուլակ։ Երևանում սիրում է նաև Կարա Բալայի արձանը, որի մասին ժամանակին ֆիլմ է նկարահանել։

Հաջորդ դասին նա ուսանողներին դրվագներ է ցուցադրելու իր ֆիլմերից՝ պատմելով, թե  ինչպես է նկարահանել և այլն։

Վարպետության դասընթացները նախաձեռնել են Հայաստանի կինոգործիչների միությունը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Հայաստանի անիմացիայի գիլդիան՝ «Յուշ արար» արվեստից կենտրոնի աջակցությամբ։

«Ես չէ, որ պետք է հանրությանը ներկայացնեմ Ռոման Բալայան կինոռեժիսորին, սցենարիստին, մտավորականին, մի մարդու, որն ունի այնպիսի ժառանգություն, որով ամեն երկիր, ամեն ազգ ու ժողովուրդ կպարծենար։ Նման անձնավորության հետ բարեկամական հարաբերություններ ունենալն ու երիտասարդներին նրա հետ շփվելու հնարավորություն չտալը՝ փորձի որոշակի պաշար ձեռք բերելու համար, մորթապաշտություն կլիներ։ 2022 թվականին սկսված պատերազմը մեծ ցավ է պատճառել Բալայանին և նրա ընտանիքին, քանի որ նրանք բնակվում են Ուկրաինայում։ Նա նաև Ուկրաինայի ժողովրդական արտիստ է, պետական մրցանակների դափնեկիր»,-հիշեցնում է «Յուշ արար» կենտրոնի նախագահ Գարսևան Խաչատրյանը։

Կինոարտադրության մասին խոսելիս Ռոման Բալայանը սովորաբար ասում ՝ սա կինո է, իսկ սա ֆիլմ է, որոնց միջև տարբերությունը շատ նուրբ է։ Բալայանի հետ զրույցների ընթացքում  Խաչատրյանը բացահայտել է, որ ռեժիսորի համար առաձնահատուկ է «Համբույր» ֆիլմը, որի նաև սցենարի հեղինակն է։ «Ես կառանձնացնեի նրա «Բիրյուկ»-ը, «Կաշտանկա»-ն։ Այնպիսի նրբանկատությամբ, որով նա վերլուծում ու ներկայացնում է Չեխովին, Տուրգենևին և այլ դասականների, չեն կարողանում մատուցել ո՛չ ռուս, ո՛չ ուկրաինացի ռեժիսորները։ Կարելի է ասել՝ Բալայանը կադրի պոետ է։ Բոլոր ֆիլմերում պոետիկ է մոտենում շարժանկարներին»,-ընդգծում է Խաչատրյանը։

Ռոման Բալայանը ծնվել է 1941 թվականի ապրիլի 15-ին Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղում: Մանկությունն անցկացրել է այնտեղ և Գրոզնիում, որտեղից ընտանիքով Լեռնային Ղարաբաղ են վերադարձել 1950-ականներին։ 1959-1961 թվականներին աշխատել է Ստեփանակերտի թատրոնում։ 1961-1964 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 1969-ին ավարտել է Կիևի թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը։ Այդ ժամանակից ի վեր ապրում, աշխատում է Կիևում, Մոսկվայում։ Իր առաջին ֆիլմը ստեղծել է 1973 թվականին։ Նկարահանումներ է իրականացրել՝ հենվելով ռուս դասական գրողների՝ Չեխովի, Տուրգենևի, Լեսկովի և այլոց երկերի հիման վրա։ Ցարական Ռուսաստանի բարքերը քննադատելով՝ Բալայանը փոխաբերաբար անդրադարձել է իր ժամանակի խնդիրներին։

Բալայանին հատկապես մեծ հռչակ է բերել 1982 թվականին ստեղծված «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը։ Միայն այդ տարվա ընթացքում այն դիտել է ավելի քան վեցուկես միլիոն մարդ։ Ֆիլմն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1986 թվականին Պուշկինի մահվան 150-րդ տարելիցի առթիվ Բալայանը նկարահանում է «Պահպանի՛ր ինձ, ի՛մ թալիսման» ֆիլմը։ Ինչպես «Թռիչքներ»-ում, այդ ֆիլմում ևս նա անդրադառնում է միջին տարիքի՝ շուրջ 40-ամյա տղամարդու ճգնաժամին, որը փորձում է հասկանալ, թե ինչ է ձեռք բերել անցած կյանքի ընթացքում և ինչ անելիք դեռ ունի առջևում։

1997 թվականին արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման։ 2008 թվականին Ուկրաինայի նախագահը Ռոման Բալայանին շնորհել է «Սկյութական եղջերու»՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում նշանակալից ավանդի համար։ 2008 թվականին պարգևատրվել է ուկրաինական «Ծառայությունների համար» շքանշանով։

Հայերեն