ՀՀ վարչապետը ներկա է գտնվել «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» հիմնարկեքի արարողությանը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» (EUCC) հիմնարկեքի արարողությանը։

Այն կառուցվում է Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում՝ գործող Թումո կենտրոնի անմիջական հարևանությամբ։ 18.000 մ² ընդհանուր մակերես զբաղեցնող շենքը նախագծել է աշխարհահռչակ MVRDV ճարտարապետական ընկերությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ համալիրը կներառի Թումո լաբեր՝ կրթական, ինժեներական և ինկուբացիոն ծրագրերով, 42 Երևան՝ ֆրանսիական ծրագրավորման դպրոցի տեղական մասնաճյուղ, հետազոտական և կիրառական լաբորատորիաներ, համատեղ աշխատանքի և համաֆինանսավորման հարթակներ, կոնֆերանս կենտրոն և բիզնես տարածքներ։

Նախագիծն իրականացվում է ՀՀ կառավարության՝ Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման բարեփոխումների ընդհանուր տրամաբանությամբ։

Ծրագրի արժեքը 42,5 մլն եվրո է, որի 12,5 մլն եվրոն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում «Սիմոնյան» կրթական հիմնադրամին ԵՄ–ի տրամադրած դրամաշնորհն է։

EUCC-ի կառուցումը կնպաստի Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական և ինժեներական կենտրոն դիրքի բարձրացմանը։ Արդյունքում, ըստ պատասխանատուների, կձևավորվի  տարածաշրջանի եզակի STEM հանգույց, կստեղծվեն ներդրումային և բիզնես համագործակցության նոր հնարավորություններ, կապահովվի համաշխարհային չափանիշներին համապատասխան կրթություն և փորձառություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհակալություն հայտնել նախագիծն իրականացնողներին՝ ԵՄ գործընկերներին, Թումո կենտրոնին, նախագծի հեղինակին: Վարչապետն իր խոսքում անդրադարձել  է ժողովրդի և ապագայի միջև առկա տարածությանը և նշել, որ  այն հաղթահարելու համար ապագան պետք է բերել և տեղադրել այսօրվա մեջ, որովհետև եթե ապագան այսօրվա մեջ չէ, այն գործնականում գոյություն չունի:

«Սա շատ կարևոր արձանագրում է, և  մեր մտածողության մեջ ամենաշատը դա է փոխվում, որ ապագան ինչ-որ հեռու մի տեղ չէ, ապագան այսօր է, որովհետև այսօր ինչ ապագա մենք ստեղծում ենք, այդ ապագան էլ գոյություն կունենա»,- ասել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ այսօր  Հայաստանի Հանրապետությունում լավ կյանքը հասանելի է.

«Լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց համար, ովքեր կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով, ընդ որում՝ անկախ տարիքից: Եվ ընդհակառակը՝ անհասանելի է ցանկացած մարդու համար, ով լավ կյանք տանող ճանապարհին չի որդեգրում կրթությունը»:

Ամփոփելով, վարչապետն ընդգծել է՝ այս նախագիծը լավ և գեղեցիկ կյանքի մասին է և ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր կառուցում են այդ ճանապարհը և  նրանց, ովքեր ոտք են դնելու այդ ճանապարհին։

2020 թ.-ից Թումո լաբերն ու 42 Երևանը հազարավոր շահառուների են տրամադրել նորարարական կրթություն և իրականացրել ավելի քան 55 նախագիծ տեղական և միջազգային ընկերությունների հետ՝ ձևավորելով գիտելիքի փոխանցման և տեխնոլոգիական արտադրանքի զարգացման գործուն միջավայր։

Հայերեն English Français Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում