Տնտեսություն

Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է անհապաղ միջոցներ ձեռնարկել 15 բարձրավոլտ ենթակայանների տեխնիկական և անվտանգային իրավիճակի շտկման ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է անհապաղ միջոցներ ձեռնարկել 15 բարձրավոլտ ենթակայանների տեխնիկական և անվտանգային իրավիճակի շտկման ուղղությամբ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության Անվտանգության և վերահսկողության, ինչպես նաև Տեխնիկական տնօրինությունների կողմից իրականացվող՝ ՀՀ ողջ տարածքում տեղակայված թվով շուրջ 322 հատ 110կՎ/35կՎ հզորության բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերն ավարտվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀԷՑ-ից՝ ընդգծելով, որ նախօրեին ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերի տնօրենների, գլխավոր ինժեներների և Իրացման տնօրինության համապատասխան մասնագետների մասնակցությամբ: 

Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ մատնանշել է ՀԷՑ-ի բաշխման ցանցում իրականացված ստուգայցերի արդյունքում վերհանված կրիտիկական վիճակում գտնվող թվով 15 բարձրավոլտ ենթակայանների ներկայիս վիճակը:

Տրվել են հատուկ հանձնարարականներ՝ վերջիններիս տեխնիկական և անվտանգային իրավիճակի շտկման ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար։

Ենթակայանների ներկայիս աշխատունակ վիճակը պահպանելու և հետագա շահագործումն ապահովելու նպատակով՝ ժամանակավոր կառավարչի հանձնարարականի հիման վրա իրականացվող միջոցառումները բաժանվել են երեք մասի.

  • մասնաճյուղերի տեխնիկական անձնակազմի մասնակցությամբ և լոկալ միջոցներով կատարվող ամսական/տարեկան սպասարկման և շահագործման աշխատանքներ, այդ թվում՝ պլանային աշխատանքների պատշաճ իրականացում,
  • հրատապ միջամտության կարիք ունեցող ենթակայանների դեպքում՝ համապատասխան ստորաբաժանումների ներգրավմամբ, անհրաժեշտ անհետաձգելի աշխատանքների իրականացում,
  • մի շարք ենթակայանների վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված անհրաժեշտ և հրատապ ծրագրերի մշակում՝ միջնաժամկետ կտրվածքով:

Նշվում է, որ ՀԷՑ-ի շահագործման ներքո գտնվող բարձր լարման վերջին ենթակայանը գործարկվել է 1972–1973 թվականներին, և վերջին տասնամյակում 110կՎ/35կՎ հզորության բարձրավոլտ ենթակայանների վերանորոգման ուղղությամբ համակարգային աշխատանքներ չեն իրականացվել:

Կառույցից հայտնում են, որ գրեթե բոլոր ստուգայցի ենթարկված ենթակայաններում բացակայում են ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերն ու սանիտարահիգիենիկ պայմանները:

Ենթակայաններում առկա սարքավորումները գտնվում են հնամաշ վիճակում և ենթակա են փոխարինման՝ առաջիկա ներդրումային ծրագրերի շրջանակներում։ 

ՀՀ ողջ տարածքում իրականացված լայնածավալ ստուգայցերի արդյունքում արձանագրվել են բարձրավոլտ ենթակայաններում առկա մի շարք խնդիրներ։ Մասշտաբային վթարներից խուսափելու նպատակով տրվել են հատուկ հանձնարարականներ՝ ապահովելու ենթակայանների ընթացիկ սպասարկման աշխատանքների պատշաճ և ժամանակին իրականացումը և բաշխման ցանցում դրանով պայմանավորված՝ հնարավոր վթարների թվի նվազեցումը և կանխարգելումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում