Իրան

Թրամփը ԶԼՄ-ներին մեղադրել է Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին կեղծ լուրեր տարածելու համար

2 րոպեի ընթերցում

Թրամփը ԶԼՄ-ներին մեղադրել է Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին կեղծ լուրեր տարածելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրատվամիջոցները միտումնավոր կերպով ճիշտ չեն գրում Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին, և որ ինքը կնախընտրեր համաձայնագիր կնքել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում:

«Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին գրված ամեն ինչ ճիշտ չէ ներկայացված, և դա արվել է դիտավորյալ։ Որոշում կայացնողը ես եմ, և ես կնախընտրեի գործարք կնքել, բայց եթե մենք գործարք չկնքենք, ապա դա շատ վատ կլինի այդ երկրի և, ցավոք, դրա ժողովրդի համար», - գրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԶԼՄ-ների պնդումները, թե ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դենիել Քեյնը չի աջակցում Իրանի դեմ արշավ սկսելուն, նույնպես սխալ են։

«Գեներալ Քեյնը, ինչպես և մենք բոլորս, չի ցանկանում պատերազմ տեսնել, բայց եթե որոշում կայացվի Իրանին ռազմական մակարդակով դիմակայելու վերաբերյալ, ապա նա կարծում է, որ հեշտ կլինի հաղթել», - ընդգծել է նախագահը։

Նա հավելել է, որ Քեյնը դեմ չի արտահայտվել ռազմական գործողություններին, ինչպես նաև չի խոսել սահմանափակ հարվածների մասին, և, եթե իրեն հրամայեն, ապա կգլխավորի գործողությունը։

Axios հարթակը, հղում անելով աղբյուրների, հաղորդել էր, թե Քեյնը նախազգուշացրել է Թրամփին և բարձրաստիճան պաշտոնյաներին, որ Իրանի դեմ ռազմական արշավը կարող է պարունակել զգալի ռիսկեր, մասնավորապես՝ ձգձգվող հակամարտության մեջ ներքաշվելու հավանականություն։ Դրա հետ մեկտեղ, ըստ լրատվամիջոցի, ԱՄՆ վարչակազմը շարունակում է քննարկել Իրանի վերաբերյալ տարբերակները և դրանցից յուրաքանչյուրի հետևանքները։

ԱՄՆ-ի և Իրանի միջև Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է փետրվարի 26-ին, Ժնևում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում