8 րոպեի ընթերցում
Անապահովության գնահատման նոր, ամբողջությամբ թվայնացված համակարգը փորձարկվում է Սյունիքի և Կոտայքի մարզերում: Գնահատման հիմքն ընտանիքի փաստացի եկամուտն է։ Նոր համակարգի նպատակը ծայրահեղ աղքատության վերացումն է՝ աջակցության թիրախայնությունն ու արդյունավետությունը բարձրացնելու միջոցով՝ միաժամանակ ավելացնելով անապահովության նպաստի չափը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը նշեց, որ փորձարկման գնահատման արդյունքները հիմք կդառնան համակարգի հետագա լավարկման համար՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերում համապատասխան փոփոխությունների տեսքով, որից հետո հնարավոր կլինի համակարգը ներդնել բոլոր մարզերում:
Փոխնախարարի խոսքով՝ համակարգի մշակման ընթացքում լայնորեն ուսումնասիրվել է միջազգային փորձը: Կենտրոնական Եվրոպայի երկրներից, մասնավորապես ուսումնասիրվել է Գերմանիայի սոցիալական համակարգը՝ որպես արդյունավետ և կայացած մոդելի օրինակ, Բալկանյան երկրների՝ Բուլղարիայի, Սերբիայի, Խորվաթիայի, Մերձբալթյան պետությունների փորձը: Ուսումնասիրվել են նաև սկանդինավյան երկրների, մասնավորապես Շվեդիայի և Ֆինլանդիայի սոցիալական համակարգերը, որոնք առանձնանում են բարձր արդյունավետությամբ: Դիտարկվել են հետխորհրդային տարածքի երկրները՝ Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանն ու Վրաստանը։ Ուսումնասիրված փորձը ցույց է է տվել, որ սոցիալական աջակցության գնահատման առանցքային չափորոշիչը ընտանիքի եկամուտն է ու աջակցության չափն որոշվում է՝ հաշվի առնելով ընտանիքի եկամտի և այդ երկրում սահմանված նվազագույն բարեկեցության ստանդարտի տարբերությունը, աջակցությունը փաստացի լրացնում է այդ բացը։
Նախկին «Փարոս» համակարգը, որը երկար տարիներ գործում էր Հայաստանում, այլևս չէր ապահովում անհրաժեշտ թիրախայնություն։ Այս մոդելը հիմնված էր ընտանիքի անդամների կարգավիճակի վրա՝ կենսաթոշակառու, հաշմանդամություն ունեցող անձ, մեծ թվով անչափահաս երեխաներ, մինչդեռ այդ խմբերի համար արդեն գոյություն ունեն առանձին սոցիալական ծրագրեր: Արդյունքում բազմաթիվ ընտանիքներ երկար տարիներ մնացել են համակարգում՝ անկախ իրենց սոցիալ- տնտեսական վիճակից: Միաժամանակ հին համակարգը նաև արդյունավետ չէր, եթե հին համակարգում նպաստի միջին չափը մինչև 30000 դրամ էր, ապա նոր համակարգում նպաստի միջին չափը 78000 դրամ է կազմում։
«Նոր համակարգում կա ևս մեկ կարևոր տարբերություն. ընտանիքի աշխատունակ անդամին վերագրվում է եկամուտ, և նա զուգահեռ դառնում է զբաղվածության ծրագրերի շահառու։ Անձի դիմումը դիտարկվում է ոչ միայն անապահովության նպաստի հայտ, այլ նաև որպես աշխատանքի որոնման հայտ: Համակարգն առաջարկում է անձի բնակավայրին , կրթության ու հմտություններին համապատասխան աշխատանք, և աշխատանքի առաջարկը մի քանի անգամ անհիմն մերժելու դեպքում իրեն վերագրվող եկամտի չափը փոխվում է՝ ինչ-որ մի պահի նրան դուրս թողնելով համակարգից:
Այս մոտեցմամբ նպաստը դիտարկվում է ժամանակավոր աջակցություն կյանքի դժվար իրավիճակում գտնվող ընտանիքների համար, ոչ թե բարեկեցության հասնելու միջոց: Երկարաժամկետ բարեկեցության հիմնական ճանապարհը աշխատանքն է։ Կարևոր է նշել նաև, որ անձի աշխատանքի անցնելու դեպքում նպաստը չի դադարեցվում անմիջապես: Այն շարունակվում է ևս 12 ամիս՝ ապահովելով անցումային շրջան՝ մինչ ընտանիքը կկայունանա և կխուսափի սոցիալական ցնցումներից:
Նոր համակարգում ընտանիքի անապահովության գնահատման արդյունքում որոշվում է ընտանիքի անապահովության 4 աստիճան՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով և անապահով: Դրանից էլ կախված՝ ընտանիքին հասանելի սոցիալական ծառայությունների փաթեթներ են տրամադրվում։ Դրանք կարող են լինել նպաստի տեսքով, եռամսյա հրատապ աջակցության տեսքով, կոմունալ ծառայություններից, կրթական և առողջապահական ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու, պետական տուրք վճարելուց ազատման և այլ ձևերով:
Ըստ վերը նշվածի՝ ծայրահեղ աղքատ են համարվում այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը ցածր է նվազագույն սպառողական զամբյուղից, և նրանց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ: Չափավոր աղքատ են համարվում այն ընտանիքները, որտեղ մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը հավասար է կամ բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից, սակայն չի գերազանցում դրա արժեքի 130 տոկոսը։ Միջին անապահով են համարվում այն ընտանիքները, որտեղ մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը հավասար է կամ բարձր է վերը նշված շեմի արժեքի 130 տոկոսից, սակայն չի գերազանցում դրա 160 տոկոսը և ուղղակի անապահով են համարվում նրանք, որտեղ մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը հավասար է կամ բարձր է սահմանային շեմի արժեքի 160 տոկոսից, սակայն չի գերազանցում սահմանային շեմի արժեքի 185 տոկոսը։
Ինչպես արդեն նշեցի, համակարգը լիովին թվային է: Դիմումները ներկայացվում են առցանց և մշակվում են մոտ 30 տվյալների շտեմարանների փոխգործելիության շնորհիվ: Վերլուծվում են ընտանիքի անշարժ և շարժական գույքը, վարկային պարտավորությունները, բնակության նույն հասցեում գրանցված անձանց տվյալները և այլ տեղեկություններ: Համակարգում սահմանված են բացառող գործոններ և դրանց առկայության դեպքում դիմումը մերժվում է, իսկ դրանց բացակայության դեպքում տվյալների մշակումը շարունակվում է, պարտադիր է նաև սոցիալական աշխատողի կողմից տնայցի իրականացումը, որի հիման վրա գնահատումն ամփոփվում է և կայացվում է վերջնական որոշում: Անապահովության նպաստը նշանակվում է 12 ամիս ժամկետով, որից հետո պահանջվում է նոր դիմում և տվյալների վերագնահատում»,- նշեց փոխնախարար Լուսինե Քոչարյանը:
Գյուղական և քաղաքային բնակավայրերի համար համակարգը գործում է նույն սկզբունքով, սակայն գյուղական բնակչության համար առկա են տվյալներ նաև նրանց գյուղատնտեսական ակտիվի մասին՝ անասնապահական կենդանիներ, գյուղատնտեսական նշանակության հող։
«Սոցիալական աջակցությունը պետք է դիտարկվի որպես ժամանակավոր կամուրջ դեպի արժանապատիվ բարեկեցություն՝ աշխատանքի և կրթության միջոցով, և չբերի երկարաժամկետ կախվածության համակարգից։ Մեր նպատակը մտածողության նման փոփոխությունն է»,- եզրափակեց Լուսինե Քոչարյանը:
Լուսինե Ջալալյան