«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ»․ «ԱՊԱԳԱ» հիմնադրամն այս տարի կաջակցի 100 ուսանողի

6 րոպեի ընթերցում

«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը մինչ օրս աջակցել է ավելի քան 100 ուսանողի՝ նրանց ապահովելով մասնագիտական պրակտիկայով, ուսման վարձի մասնակի փոխհատուցմամբ և աշխատանքի տեղավորման հնարավորությամբ։ Այս տարի հիմնադրամը պատրաստվում է աջակցել ևս 100 ուսանողի։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանն ընդգծեց, որ կառույցի առաքելությունը մեկանգամյա աջակցությունը չէ, այլ երկարաժամկետ և կայուն զարգացումը։

Նրա խոսքով՝ հիմնադրամը նպատակ ունի մարդկանց տալ գործիքներ՝ սեփական ապագան կառուցելու համար՝ ձևավորելով ինքնաբավ հասարակություն և ամուր պետություն։ «Մեր ծրագրերը միտված են ոչ թե կարճաժամկետ օգնությանը, այլ կայունության ապահովմանը։ Մենք ցանկանում ենք, որ երիտասարդներն ունենան ապագայի տեսլական և զարգացման հստակ ճանապարհ»,-նշեց Սոլոմոնյանը։

Հիմնադրամը ստեղծվել է շուրջ ութ տարի առաջ՝ գործարարներ Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի կողմից։ Վերջիններս, լինելով աշխատաշուկայում և գործունեություն ծավալելով ֆինանսական, էներգետիկայի և տեղեկատվական համակարգերի ոլորտներում, արձանագրել են որակյալ մասնագետների պակասը։ Այդ խնդրի լուծման նպատակով էլ ստեղծվել է հիմնադրամը՝ կրթության և աշխատանքի միջև կամուրջ ձևավորելու առաքելությամբ։

«Մինչ հիմնական ծրագրի մեկնարկը իրականացվել են սոցիալական տարբեր նախաձեռնություններ, իսկ «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը ձևավորվել է այն համոզմամբ, որ պետության զարգացումը հիմնված է երիտասարդների գիտելիքի և զբաղվածության վրա։

Ծրագրի շրջանակում ուսանողներին հնարավորություն է տրվում ուսումնառությանը զուգահեռ աշխատել իրենց մասնագիտությամբ։ Հիմնական աջակցությունը վերաբերում է աշխատանքի և կրթության համատեղմանը, սակայն ծրագրով նախատեսված են նաև լրացուցիչ բաղադրիչներ։ Մասնավորապես՝ երրորդ կուրսի ուսանողների համար հիմնադրամը փոխհատուցում է ուսման վարձի մինչև 80 տոկոսը մեկ ուսումնական տարվա համար, ապահովում է մասնագիտական պրակտիկա տարբեր գործատուների մոտ, ինչպես նաև կազմակերպում փափուկ հմտությունների զարգացման դասընթացներ»,- ասաց նա:

Սոլոմոնյանի բնորոշմամբ՝ ծրագիրը գործնականում կիրառվող դուալ կրթության մոդել է, որի նպատակն է մինչև բուհն ավարտելն ուսանողներին ապահովել աշխատանքային փորձով։ Նրա խոսքով՝ բուհերը հիմնականում տալիս են տեսական գիտելիք, իսկ հիմնադրամը փորձում է ամրապնդել այդ գիտելիքները գործնական միջավայրում՝ համագործակցելով համալսարանների և մասնավոր հատվածի հետ։

«Մենք դարձել ենք կամուրջ պետության, կրթության և մասնավոր հատվածի միջև»,-ընդգծեց Սոլոմոնյանը։

Հիմնադրամը համագործակցության հուշագրեր ունի մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ։

Գործադիր տնօրենի խոսքով՝ վերջին տարիներին աճել է ուսանողների հետաքրքրությունը պետական համակարգի նկատմամբ։ Կան դեպքեր, երբ ծրագրի մասնակիցները պրակտիկայից հետո դարձել են պետական կառույցների աշխատակիցներ։

«Ծրագրի կարևոր բաղադրիչներից են նաև ոչ նեղ մասնագիտական դասընթացները։ Դրանք անցկացվում են պետական և մասնավոր հատվածի ղեկավարների կողմից և միտված են ուսանողների տեսլականի ընդլայնմանը, մասնագիտական էթիկայի, գործելաոճի և միջանձնային հմտությունների զարգացմանը»,- ասաց Սոլոմոնյանը:   

Արդյունքների մասին խոսելով՝ նա նշեց, որ նախորդ տարվա մասնակիցների շուրջ 80 տոկոսն արդեն ունի աշխատանք, իսկ ընթացիկ ծրագրի մասնակիցների 25 տոկոսը դեռ ուսումնառությունը չավարտած աշխատում է։ Միջին մաքուր աշխատավարձը կազմում է 150-250 հազար դրամ։   

«Այս տարի հիմնադրամը պատրաստ է աջակցել 100 ուսանողի պետական հավատարմագրված բուհերից. կարող են դիմել պետական հավատարմագրված բուհերի երրորդ կուրսի առկա և չորրորդ կուրսի հեռակա ուսանողները։ Ընտրության փուլերը ներառում են առաջադիմության գնահատում, առցանց թեստավորում, հարցազրույց և գործատուի հետ հանդիպում։ Լավագույններին տրամադրվում է նաև աշխատանքի տեղավորման աջակցություն։

Ապագայի տեսլականի մասին խոսելով՝ Սոլոմոնյանը նշեց, որ հիմնադրամի նպատակն է հասնել նրան, որպեսզի հինգ տարի անց բուհի դիպլոմը չընկալվի որպես աշխատանքի որոնման մեկնարկ, այլ արդեն իսկ ձեռք բերված աշխատանքային փորձի հաստատում։ Նա նաև ընդգծեց, որ կարևոր է ստեղծել պայմաններ, որպեսզի երիտասարդներն այլ երկրներում հնարավորություններ փնտրելու փոխարեն դրանք ստեղծեն Հայաստանում։  

Ռոզա Սոլոմոնյանը երիտասարդներին կոչ  արեց նաև  արժևորել իրենց գիտելիքները և չվախենալ օգտվել հնարավորություններից՝ ընդգծելով, որ պետությունը կարիք ունի նախաձեռնող և մասնագիտական ներուժ ունեցող երիտասարդների։  

Հայերեն

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից